Տ. ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ոչ կարեմք ինչ հակառակ կալ ճշմարտութեանն, այլ վերակացու եմք ճշմարտութեանն»։
«Չենք կարող հակառակ գնալ ճշմարտությանը, այլ պաշտպան ենք ճշմարտությանը»։

(Բ Կորնթ. ԺԳ 8)
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»։
Ճշմարտություն։ Որքա՛ն առաձգական, որքա՛ն անհստակ է հնչում այն այսօրվա մարդկանցս շրթներին։ Որքա՛ն անորոշ ընկալումների և հասկացողությունների տեղիք է տալիս այս մեկ բառը։ Յուրաքանչյուր անձ մեկ հասկացություն է դնում «ճշմարտություն» բառի տակ, բայց միաժամանակ՝ որքա՛ն պարզ, որքա՛ն հստակ, որքա՛ն մեկին է այն Պողոս առաքյալի շրթներին։ Հեթանոսաց առաքյալն է, որ վստահորեն, առանց երկմտության հայտարարում է. «Ոչ թե ճշմարտությանը հակառակորդ ենք, այլ ճշմարտության պաշտպաններն ենք»։
Այս էր առաքյալի պատգամը Հունաստանի քաղաքներից մեկում՝ Կորնթոսում ձևավորված քրիստոնեական համայնքին, մի քաղաք, որը այդ ժամանակաշրջանում հայտնի էր իր վկայությամբ, ուր իր այցելություններով Պողոս առաքյալը ձևավորել էր քրիստոնեական առաջին համայնքը, ուր նաև մի շարք անձեր հայտնի էին իրենց ջերմեռանդ բարեպաշտությամբ, ջերմեռանդ վկայությամբ հանդեպ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Սակայն ժամանակի հոսանքները, ժամանակի թյուրընկալումները շփոթ էին առաջացրել այս համայնքում։
Քրիստոնյա եղբայրների միջև վիճաբանություն էր ծագել, և Պողոս առաքյալը Տիրոջից ընծայված բացարձակ հեղինակությամբ վերստին կոչված էր հարթեցնելու Կորնթոսի համայնքում հերձված դառնալու սպառանացող վիճակը ։ Եվ երբ նրան մեղադրում են, թե ինքը ոչ այնքան վճռական է, նա պատասխանում է. «Քավ լիցի, որ ես իմ իշխանությունը գործադրեմ քանդելու համար, որովհետև իշխանությունը ինձ տրվեց ոչ թե քանդելու, այլ կառուցելու, որովհետև ես ճշմարտության հետևորդն եմ և ոչ թե հակառակորդը, և եթե ճշմարտությունը ինքնաբերաբար կարող է հաստատվել ձեր համայնքից ներս, ես ուրախ կլինեմ, եթե չօգտվեմ իմ այդ իշխանությունից»։ Ահա այս է այսօրվա Սուրբ Գրոց պատգամը՝ քաղված Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված երկրորդ նամակից, սիրելի հավատացյալներ, որ մատուցվեց այսօրվա Սուրբգրային ընթերցվածների միջոցով ամենքիս խորհրդածությանը։ Եվ հակառակ որ բազում անգամներ հնչել է «ճշմարտություն» բառը, այսօր պատմության սկզբնավորման ակունքներից սկսյալ տակավին հստակ չէ, որոշ չէ «ճշմարտություն» հասկացության ընկալումը, բացատրությունը մարդկանցս մտածումների, ընկալումների մեջ։
Հուսալքված այլևս իրենց կյանքում տեղ գտած անբարոյական դրսևորումներից, մարդկային հարաբերությունների մեջ տեղ գտած անընդունելի երևույթներից, երբ արդեն անկարելի էր դարձել այդ հարաբերությունների մեջ նշմարել անգամ ջերմությունը, ազնվությունը, անկեղծությունը, շիտակությունը, հին հռոմեացիները հակված էին ենթադրելու, որ ճշմարիտ էր միայն մեկ բան, որ ոչինչ ճշմարիտ չէ։ Եվ սա բնորոշ էր հոռետեսական այն տրամադրություններին, որով պայմանավորված էր մթնոլորտը, միջավայրը, բարոյական իրավիճակը մարդկության այդ ժամանակաշրջանի պատմության։
Հին հույները ճշմարտությունը կապում էին գեղեցկության հետ, ոմանք կապում էին ուժի հետ՝ ուժը հայտարարելով ճշմարտության բացարձակ և միակ աղբյուր։ Անցան ժամանակներ, և սակայն ո՜չ ուժով, ո՜չ գեղեցկությամբ և ո՜չ նյութական արժեքներով անկարելի եղավ հաստատել ճշմարտությունը աշխարհի վրա։ Այսօր` Քրիստոսի գալուստից երկու հազար տարիներ հետո, տակավին արդիական է, տակավին այժմեական է այն հարցը, որը Քրիստոսին տվեց այն կուսակալը, որը հայտնի է իր չեզոք, անդեմ, աննկարագիր կեցվածքով, որին պատմությունը հիշում է Պիղատոս անունով։
Քրիստոսին երբ տարան իր մոտ, նա հարցրեց. «Արդյո՞ք դու թագավոր ես»։ Քրիստոս պատասխանեց. «Ես չասացի, դու ասացիր, որ Ես թագավոր եմ, և Ես եկել եմ ճշմարտությունը ներկայացնելու»։ Եվ այստեղ Պիղատոս հնչեցնում է հարցումը, որ դարեր շարունակ հուզել է բարոյախոսների, իմաստասերների և ընդհանրապես մարդկանց։ Ի՞նչ է ճշմարտությունը։ Առաջին հայացքից մենք, Ավետարանի մեջ չգտնելով Քրիստոսի պատասխանը այս հարցումին, տարակուսանքի մեջ ենք հայտնվում։ Արդյոք Քրիստոս Ինք ևս չգիտե՞ր, թե ինչ է ճշմարտությունը։ Բայց Ավետարանին, Սուրբ Գրքին համապարփակ իմացությունը միանշանակ պատասխան է տալիս այս հարցումին. «Ես, Ես եմ Ճշմարտությունը և Ճանապարհը»,- պատասխանում է Քրիստոս։ Եվ Իր կեցվածքը՝ լուռ, խոնարհ, հեզ կեցվածքը Պիղատոսի առջև ընդամենը հանդիմանություն էր՝ «կանգնած Ճշմարտության առջև ճշմարտությո՞ւն ես փնտրում, լույսերի մեջ մո՞մ ես վառում»։
Ճշմարտությունը խաղաղություն է։ Երբեք ու երբեք ճշմարտությունը հաստատվելու համար բռնի ուժի, բռնության, կոպտության կարիքը չունի։ Ճշմարտությունը ի զորու է ինքը իրեն հաստատելու, որովհետև ճշմարտության աղբյուրը Ինքը Աստված է, իսկ Աստված խաղաղության իշխան է։ Երբ մարգարեն Աստծուն պիտի տեսներ, նրա առջևով հսկա փոթորիկ է անցնում, և Սուրբ Գրքում ասվում է, որ Աստված այնտեղ չէր։ Հետևում է ավելի հզոր մի փոթորիկ, և վերստին պարզվում է, որ Աստված այդտեղ ևս չէր, դրան հաջորդում է մի մեղմ զեփյուռ, մեղմ քամի, հանդարտ մի քամի, և մարգարեն ասում է, որ ահա Աստված այդ հանդարտության, այդ խաղաղության մեջ էր։ Երկրորդ՝ ճշմարտությունը ծառայության մեջ է։ Տեր Հիսուս Ինքը ասաց. «Ես չեկա սպասավորություն ընդունելու, այլ եկա սպասավորություն կատարելու, և նա, ով ցանկանում է ձեր մեջ մեծը լինել, պարտավոր է առաջին սպասավորը լինել»։ Ուրեմն ճշմարտության արտահայտման եղանակը սպասավորությունն է, ինքնազոհողությունն է և ծառայությունն է։
Երրորդ՝ ճշմարտությունը չի կարող հարաբերվել աշխարհային պայմանականությունների հետ, մեկ մարդ չի կարող իրեն կաշկանդել աշխարհային կապերով, նյութական արժեքներով և հավակնել, որ ճշմարտության ջատագով է։
Հակոբոս առաքյալը նշում է, որ բոլոր պարգևները, բոլոր նվերները մեզ ընծայված են Տիրոջից։ Ահա մենք ճշմարտության ջատագով, հետևող, պաշտպան կարող ենք լինել այն ժամանակ միայն, երբ ընդունենք երկնքից եկած պարգևները, երկնքից եկած բարեմաս-նությունները, բարոյական արժեքների, հոգևոր արժեքների կրողը և զարգացնողը լինենք։
Չորրորդ՝ ճշմարտությունը անաչառ է, մերկ, չարչարված, ինչպես այն հաստատողը, փշե պսակով, ինչպես Քրիստոս երբ խաչափայտը բարձրացավ, քանզի ճշմարտությունը աչառություն չունի։ Ճշմարտությունը աշխարհային կաշկանդումներով կապկպված և պայմանավորված չէ։ Ուրեմն պիտի գնանք, սիրելի՜ հավատացյալներ, ճշմարտությունը այս չորս բարեմասնությունների միջոցով հաստատելու ճանապարհով։ Պիտի գնանք, պիտի ընթանանք ծառայության, պիտի ընթանանք անաչառության, պիտի ընթանանք աշխարհային կապանքներից ձերբազատվելու և խաղաղության հաստատման ճանապարհով, որպեսզի կարողանանք իրական ճշմարտությունը, Տիրոջ ավանդած ճշմարտությունը հաստատել այս աշխարհի վրա, և այն ժամանակ միայն կարող ենք հռչակել Պողոս առաքյալի նման, որ մենք ճշմարտության հակառակորդները չենք, մենք ճշմարտության սպասավորներն ենք, համեստ և խոնարհ սպասավորները։ Եվ մեր այս սպասավորության մեջ թող օրհնի մեզ Տերը, օրհնի մեր ընթացքը այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն։
Աղբյուր՝ «Էջմիածին» Ամսագիր