Ս. Մարկոս եպիսկոպոս, Ս. Պիոն քահանա, Ս. Կյուրեղ և Բենիամին սարկավագներ, Ս. վկաներ Աբդլմսեհ, Որմզդան և Սայեն

Սիրիայի Արեթուս քաղաքի Եպիսկոպոս Ս. Մարկոսը (Դ դ.) Կոստանդիանոս Մեծի իշխանության տարիներին ավերել է մի քանի հեթանոսական մեհյաններ: Հուլիանոս Ուրացողը պահանջել է նրանից վերականգնել մեհյանները, բայց նա ոչ միայն չի համաձայնվել, այլև այլ քրիստոնյաների չի թույլատրել դրա համար գումար տրամադրել: Հրաժարվելու համար ենթարկվել է բազում տանջանքների, աքսորվել է և այնտեղ էլ վախճանվել:
Ս. Պիոն Քահանան († 250) Քրիստոսին դավանելու համար բանտարկվել է: Նրա հոտի անդամներից շատերը այցելում էին
նրան: Նա հուսադրում էր նրանց, որ չանհանգստանան իրենց փրկության համար: Զանազան տանջանքների ենթարկվելով
նահատակվել է:
Ս. Կյուրեղ Սարկավագը († 362) Լիբանանի Հելիոպոլիս քաղաքից էր: Հուլիանոս Ուրացող կայսեր առաջ ամբաստանվելով, թե Կոստանդիանոս կայսեր օրոք մի քանի կռատներ է կործանել, 362 թ. բազում տանջանքների ենթարկվելով նահատակվել է:
Ս. Բենիամին Սարկավագը († 418) նահատակվել է Պարսկաստանում Հազկերտ Ա-ի ժամանակ: Ավետարանի քարոզության համար երկու տարի բանտարկվում է: Բյուզանդիայի Թեոդոս Բ կայսրը բարեխոսում է նրա ազատության համար:
Հազկերտը համաձայնվում է` պայմանով, որ սարկավագը դադարեցնի իր քարոզչական գործունեությունը: Բենիամինը հրաժարվում է` ասելով, որ չի կարելի Աստծո շնորհը թաքցնել մարդկանցից:
Ս. Աբդլմսեհը (Դ դ.) նահատակվել է Պարսկաստանի Շիդար քաղաքում: Ազգությամբ հրեա էր` Ասեր անունով: Մկրտվել է հովիվների կողմից, որոնց հետ արածեցնում էր հոտը` ստանալով Աբդլմսեհ անունը, որ նշանակում է Մեսիայի ծառա: Համոզվելով, որ որդին անդրդվելի է իր նոր հավատքի մեջ, հայրը` Ղևին, սպանում նրան:
Ս. Որմզդանը (Ե դ.) նահատակվել է Պարսկաստանում, Հազկերտ Ա թագավորի օրոք: Եղել է պալատական ազնվական: Մերժելով ուրանալ քրիստոնեությունը` զրկվել է ժառանգությունից և նշանակվել պալատական ուղտապան: Որոշ ժամանակ անց Հազկերտը Որմզդանին ուղարկում է շքեղաշուք զգեստներ և խոստանում վերականգնել նախկին դիրքը` Քրիստոսին մերժելու պայմանով: Սակայն Որմզդանը հաստատուն է մնում իր հավատքի մեջ` ասելով. ՙԱնհամեմատ ավելի թանկ ժառանգություն է սպասում ինձ երկնքում՚:
Ս. Սայենը († 418) Հազկերտ Ա-ի օրոք քրիստոնյա դարձած պարսիկ բարձրաստիճան պաշտոնյա էր: Նրան ստիպել են վերադառնալ զրադաշտական կրոնին, սակայն նա կտրականապես մերժել է: Հազկերտ Ա-ը հրամայում է պատվազուրկ անել նրան` ունեցվածքը և կնոջը հանձնել նրա ամենանվաստ ծառային, իսկ Սայինին, որպես առավել նվաստացում, նույն ծառայի մոտ նշանակել սպասավոր: Սայինն անտրտունջ կրում է այդ բոլոր նվաստացումները` հիշելով իր Տիրոջը, որ իր ծառայից ապտակ էր ստացել: