Նավակատիքը (նոր կամ նորոգված տան կամ հաստատության շինության բացման հանդես, ինչպես նաև ուրախության հանդես, որ կատարվում է թագադրության կամ պսակադրության տարեդարձներին:) թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն: Ամբողջ տարում երեք տեսակ օրեր կան՝ պահք, ուտիք և սրանց միջինը, որը նավակատիք է կոչվում, քանի որ մարդը երեքից է գոյացել՝ հոգուց, մարմնից և երկուսի միախառնումից՝ անձից: Պահքը հոգու համար է, ուտիքը՝ մարմնի, իսկ նավակատիքը՝ անձի:
Նմանապես և կերակուրն է երեք տեսակ լինում: Առաջինը միսն է, որը կատարյալ կենդանուց է: Կենդանին կատարյալ է կոչվում, եթե շնչավոր է, ունի հինգ զգայարան և շարժվում է: Եվ այս կերակուրը Զատկին ուտելու համար է: Խոտը, ընդեղենը և պտուղները պահքի կերակուր են, քանի որ անզգա են, անշարժ և անշունչ: Իսկ նավակատիքի կերակուրն այս երկուսի, այսինքն՝ կենդանիների ու բույսերի միջինն է, ինչպես ձուկը, ձուն և կաթը, քանի որ ձուն և կաթը կենդանուց են, սակայն կենդանի չեն, իսկ ձուկը կենդանի է՝ կատարյալ զգայարաններով ու շարժմամբ, սակայն օդ չի շնչում:
Նավակատիքի խորհուրդը մեզ Դրախտում ավանդվեց, որովհետև հրամայվեց ուտել բոլոր ծառերից, բացի մեկից: Այդպես և այսօր մեզ հրամայվեց ուտել բոլոր կերակուրներից, բացի մսից: Քանի դեռ մարդը չէր հասել կատարյալ աստիճանի, չպետք է վայելեր կատարյալ պտղից, քանի որ նա նորելուկ էր և տակավին մանուկ: Նաև Արարիչն Իր պատկերի խնամքն էր տանում, որպեսզի մարդն աստիճանաբար հասներ կատարյալ փառքին և բանսարկուի նման հպարտանալով չընդվզեր ու ընկներ: Այսպես և մենք այսօր՝ քանի դեռ չենք ստացել կատարյալ փրկությունը, չենք վայելում կատարյալ կերակուրը:
Ադամին ասվեց, որ բոլոր ծառերից ուտի, բացի մեկից, հետևաբար, եթե նաև մյուս ծառերից էլ չուտեր, ինչպես այդ մեկից, պատվիրանազանց կլիներ, և եթե այդ մեկից էլ այլոց հետ ուտեր, դարձյալ պատվիրանազանց կլիներ: Այդպես և մենք, եթե այս օրը խստությամբ պահենք, պատվիրանազանց կլինենք: Եվ եթե չարությամբ չափից դուրս ազատություն ստանանք և միս ուտենք, նույն պատվիրանազանցն ենք: Այս պատճառով հարկ կլինի և մեզ, մեր նախնիների նման, արտաքսվել կենդանության Դրախտից և ոչ միայն չհասնել վաղվա կատարյալ շնորհներին ու փրկությանը, այլև օրվա խորհրդից դուրս ընկնելով՝ նորոգման փոխարեն ապականությամբ զգեստավորվել, որովհետև նավակատիքը նորոգություն է թարգմանվում: Եվ նախաստեղծները ոչ միայն չհասան կատարելության, այլև ինչ ունեին, դրանից էլ զրկվեցին:
Նավակատիքի խորհուրդը պատկերվեց նաև տապանում՝ Նոյի միջոցով: Քանի դեռ Նոյի ընտանիքը տապանում էր, միս չէր ուտում, իսկ երբ դուրս եկավ, Նոյն Աստծուն ողջակեզ մատուցեց և ընդունեց Աստծու ուխտն ու աշխարհի փրկության նշանը, որից հետո վայելեց միսը: Այսպես մարդկության համար փրկության տապան է սուրբ Եկեղեցին, որում բնակվում ենք և մենք: Այսօր այն օրն է, երբ Նոյի ընտանիքը տապանում է, դրա համար էլ չպետք է միս ուտել մինչև արձակում ստանալը և դեպի վաղվա օրը՝ իմանալի Արեգակի Լույսի ելնելը: Դրա համար նախ պետք է երկնավոր Գառին ողջակեզ մատուցել Աստծուն, ստանալ Նոր Ուխտը և արարածների փրկության նշանը, ապա վայելել մարմնավոր կերակուրը՝ կազմված մսից ու բոլոր ուտեստներից:
Նավակատիքի խորհուրդը ներկայացնում էր նաև Հին խորանը, և նրանք, ովքեր ծառայում էին Օրենքին, չէին ընդունում կատարյալ կերակուրը, այսինքն՝ երկնավոր Գառին, ինչի պատճառով էլ նրանց չտրվեց կատարյալ փրկությունը, այլ որպես մանուկներ՝ կաթով սնուցվեցին և ոչ հաստատուն կերակուրով, քանի որ չէին կարող մարսել: Այդ պատճառով և մենք, տոնելով այս օրը որպես հիշատակ Հնի, որում պատկերվեց Նորը, միս չենք ուտում, որը կատարյալ կերակուր է: Իսկ երբ Տերը եկավ և մեզ պարգևեց հաստատունը՝ Իր Մարմինն ու Արյունը, այնժամ ընդունեցինք կատարյալ շնորհը և այս խորհրդով միս ենք ուտում, որպես թե նորոգվեցինք հնից, այսինքն՝ մանկությունից, և ստացանք կատարյալը:
Եվ եթե մեկը մեզ բամբասի, թե այդ խորհրդով կերակուրը ի նկատի չեն ունեցել, իրավացի չի լինի, որովհետև ամեն իմանալի խորհուրդ նյութականապես պատկերվում է մարդկանց մեջ և ներգործում առարկայի վրա: Տե՜ս, որ կերակրի միջոցով ընկանք Դրախտից, և դարձյալ Կերակրով՝ Կենաց Հացով, անմահացանք ու երկինք բարձրացանք: Եվ ամենամեծ ու անճառելի խորհուրդներն էլ նյութապես են կապակցվում, ինչպես՝ հացով, գինով, ջրով, յուղով, նաև Եկեղեցու հանդերձներով ու սպասքով:
Բայց տեսնենք, թե ինչպես և որտեղ սահմանվեց նավակատիքը և ովքեր էին, որ արեցին սա հնում: Արդ՝ առաջին նախամարգարեն՝ Մովսեսը, երբ կանգնեցրեց Խորանը կտավներից՝ որպես տասփեղկանոց վրան, որն ըստ Աստծու տեսչության ցույց տրվեց նրան լեռան վրա, և նրանում դրեց Տապանակն ու չորս սեղանները, հավաքեց ժողովրդին ու կատարեց Խորանի նավակատիքը: Դրա համար էլ այդ օրը կարգվեց նավակատիքի ու Խորանի հիշատակի օր, և այնուհետև ամեն տարի կատարվում էր այդ տոնը Երուսաղեմում: Այլև՝ երբ Սողոմոնը կառուցեց տաճարը և ամբողջապես հարդարեց այն, այնժամ ժողովեց ամբողջ Իսրայելը և տաճարի համար մեծ շուքով ու ճոխությամբ նավակատիք արեց: Իսկ երրորդ անգամ, երբ Զորոբաբելի միջոցով նորոգվեցին Երուսաղեմի ավերված շինությունները, նրանք ժողովվելով կատարեցին տաճարը նորացնելու մեծ տոնը, որը նավակատիք անվանեցին:
Մեր բնությունն Աստծու տաճար է, որը չար գոռոզի պատճառով ընկավ ու կործանվեց, այդ պատճառով հարկ է, որ Տանուտերը գա և վերստին շինի Իր տունը: Դրա համար Տերը նախ առաքեց Մովսեսին ու Ահարոնին, ապա՝ Սողոմոնին ու Զորոբաբելին և այլ արդարների ու մարգարեների, որպեսզի թերևս նրանց միջոցով կանգնեցվի այս տունը, այդ պատճառով էլ Աստված մեծաձայն գոչում է՝ ասելով. «Երկինքն Իմ աթոռն է, և երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը: Ի՞նչ տուն պիտի շինեք Ինձ համար» (Եսայի ԿԶ 1): Իսկ մարգարեն ասում է. «Աստված ձեռագործ տաճարում չի բնակվում» (տե՜ս Գործք Է 48): Հոգով տեսնողները հարցրին Աստծուն, թե ո՞րն է Նրա հանգստի տեղը, և լսեցին պատասխանը, թե՝ «Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ՝ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Եսայի ԿԶ 1): Ապա տարակուսելով ու անասելի դողով իրենց պարտությունը խոստովանեցին, դրա համար Տերը խոսեց և ասաց, որ կկանգնեցնի Դավթի ընկած ու կործանված խորանը:
Եվ մեկ այլ մարգարե վկայում է՝ ասելով. «Եվ հանկարծակի Իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի Հրեշտակը, որին կամենում եք դուք» (Մաղաք. Գ 1): Եվ Զաքարիան ասում է. «Խնդա և ուրախացի՜ր, դո՜ւստր Սիոնի, քանի որ ահա Ես կգամ և կբնակվեմ քո մեջ» (Զաքար. Բ 10): Ահա այսպես կանխասելով եկավ Նա և Կույսի արգանդում հագնելով մեր բնությունը՝ կանգնեցրեց բանական ադամական տաճարը, որի վրա հրեաները ձեռք բարձրացրին ու քանդելով այն՝ ապականեցին, ինչպես Ինքն էր առակներով հրեաների մասին ասում. «Քանդեցե՜ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ» (Հովհ. Բ 19):
Եվ այսպիսով, Տերը երեքօրյա թաղումից հետո հարություն առավ՝ հաղթելով մահվանն ու ապականությանը՝ ըստ այս խոսքի. «Ո՞ւր է, մա՜հ, քո հաղթությունը. ո՞ւր է, դժո՜խք, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55), և Իրենով կանգնեցնելով այս տաճարը՝ Ավազանի միջոցով կանգնեցրեց նաև մարդուն՝ նորից ծնելով, նորոգելով նրան՝ Սուրբ Երրորդության տաճար դարձրեց, և տալով հարության հույսի առհավատչյան՝ հաստատեց հավատի վեմի վրա, որը դժոխքի դռները չեն կարող հաղթահարել: Եվ այն, որ Աստծու տաճար եղանք, հայտնապես ասում է Գիրքը. «Եթե մեկը կատարում է Իմ կամքը, Ես և Հայրը նրա մոտ կգանք և նրա մոտ կօթևանենք» (Հովհ. ԺԴ 23): Եվ դարձյալ՝ «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20): Նաև առաքյալը՝ հավատարիմ վկան, ավելացնում է. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ» (Ա Կորնթ. Գ 16):
Արդ՝ Աստված սա պատկերեց Հին տաճարի նավակատիքում, և եթե նրանք, որ ստվերի պաշտպաններն էին, այդպես էին տոնում անշունչ տաճարի նորոգությունը, ապա մենք, որ ճշմարտության վայելողներն ենք, պարտավոր ենք մեծապես տոնել ու պատվել մեր բնության նորոգության տոնը առավել, քան մյուս տոները: Եվ ամեն ոք, ով չի տոնում, չունի մաս ու բաժին նորոգման խորհրդից, և այդպիսիները կզրկվեն փրկությունից հրեաների ու հեթանոսների հետ, ովքեր չհնազանդվեցին Ավետարանին:
Այժմ տեսնենք, թե ինչու ենք հինգ օր նավակատիք կատարում տարվա ընթացքում: Նախ՝ որովհետև նորոգվեցինք հինգ զգայարաններով: Երկրորդ՝ շնորհներ ընդունեցինք, որոնցից չորս կատարելագույններն այստեղ ընդունեցինք, իսկ հինգերորդը հանդերձյալում ենք ընդունելու:
Նախ տոնում ենք Ծննդյան նավակատիքը, որովհետև Տիրոջ ծննդյամբ և Հորդանանում մկրտությամբ՝ Ավազանից վերստին ծնունդ ու նորոգություն ընդունեցինք, որը մեծ ու առաջին շնորհն է, և այս նավակատիքը տոնում ենք որպես հիշատակը մեր նորոգության:
Իսկ սուրբ Զատկի նավակատիքը տոնում ենք, որովհետև մեծ հարության օրը մենք՝ մահկանացուներս ու ապականացուներս, անմահությամբ ու անապականությամբ պիտի զգեստավորվենք: Նաև՝ որովհետև վերացվեց մահվան հաղթությունը և մեր հոգիները սատանայից ազատվեցին ու Հայր Աստծուն ավանդվեցին: Դրա համար այս նավակատիքը մեր մեծ փրկության հիշատակին ենք կատարում:
Աստվածածնի նավակատիքը կատարում ենք, որովհետև ինչպես Եվայի միջոցով ժառանգեցինք մահն ու գերությունը, այդպես էլ այժմ նրա դստեր միջոցով ժառանգում ենք անմահությունն ու ազատությունը և ընդունում Դրախտային կյանքը:
Սուրբ Խաչի նավակատիքը տոնում ենք, որովհետև մեր վայր ընկած բնությունը խաչով վեր ելավ երկինք, մեր մեղքերը նրանով վերացվեցին, և մահվան մեր պարտքը դրանով վճարվեց: Այսպիսի մեծ պարգևների հիշատակի համար են կատարվում այս չորս նավակատիքները:
Իսկ հինգերորդ նավակատիքի տոնը Վարդավառին ենք կատարում, որովհետև Այլակերպության օրը Երկրորդ Ադամը հագավ Դրախտում մեր նախահոր կողոպտված պատմուճանն ու դրանով զգեստավորեց մեր բնությունը: Եվ մենք կատարում ենք այն հիշատակը, որ մեր հնացած ձորձերն այսօր դեն գցեցինք և հայրենի լուսեղեն պատմուճանով զգեստավորվեցինք: Եվ սա երևում է ՙԱնառակի՚ առակից՝ անառակ որդու հոր հրամանից իր ծառաներին՝ «Անմիջապես հանեցե՜ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՜ք նրան» (Ղուկ. ԺԵ 22):
Սա ոչ թե բնության, այլ հանդերձի նորոգության տոնն է, որը, սակայն, այսօր մենք դեռևս չենք ընդունել, այլ թողնված է ապագայի համար, որպեսզի հանդերձյալում սրանով զգեստավորվենք, իսկ այստեղ ստանում ենք դրա հույսի առհավատչյան: Եվ ինչպես Հին Ուխտում տոները նշվում էին Նորի խորհրդով՝ ապագայում կատարվելիք իրադարձությունների դիմաց, այնպես էլ մենք հանդերձյալի հիշատակը նշում ենք այս տոնով:
Ահա նավակատիքի հինգ օրերն այսպես կարգվեցին, և այս օրերը կատարելապես սնվելու, այսինքն՝ կատարյալ ՙուտիքի՚ օրեր չեն, և ոչ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Պետք է հասկանալ այնպես, որ ոչ ամբողջությամբ հնում ենք, ինչպես հրեաները, և ոչ էլ հրեշտակների նման ամբողջովին կատարելություն ստացած, այլ, դեռևս, ընթացքում ենք: Որոշ մասը կատարված է, իսկ որոշ մասն էլ դեռ պետք է կատարվի: Եվ ինչպես Հինը Նորի պատկերն է, այդպես էլ Նորը՝ Հանդերձյալի:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի