Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստեղծվել է նոր բաժին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին: Նորաստեղծ բաժնի տնօրեն է նշանակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տ. ՆԱԹԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(ավազանի անունը` Սամվել Հովհաննիսյան)

Ծնվել է 1955 թ. մայիսի 9-ին Երևանում: Նախնական կրթությունը ստացել է թիվ 114 դպրոցում: Մինչ ճեմարանն ընդունվելը սովորել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում, ապա` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` 1980 թ. ավարտելով պրոֆ. Քեթի Մալխասյանի դասարանը:

1984-87 թթ. սովորել և ավարտել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ «Մինուկիոս Ֆելիքսի «Օկտավիոս» երկը» թեմայով:

1986 թ. ձեռնադրվել է սարկավագ:

1988 թ. ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Նաթան անունը:

1989 թ. պաշտպանել է վարդապետական թեզ` «Հերմասի «Հովիվը» թեմայով և ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ստացել մասնավոր վարդապետական 4 աստիճանները: Նույն ժամանակ նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ` դասավանդելով «Հայրաբանություն» և «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» առարկաները:

1991 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Ուկրաինայի հայոց նորաստեղծ թեմի առաջնորդական տեղապահ:

1994 թ. պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ` «Պետրոս Քյութուրը և նրա «Հաւաքումն Աստուածաբանութեան» երկը» թեմայով և ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ստացել ծայրագույն վարդապետության աստիճան:

1997 թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է եպիսկոպոս` ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և նշանակվել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:

1997-2000 թթ. եղել է Հայ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:

2000 թ. հոկտեմբերի 1-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:

2010-2013 թթ. հոգևոր ծառայությունը շարունակել է Մայր Աթոռում որպես Հրատարակչական բաժնի պատասխանատու:

2013-2014 թ. եղել է Կանադայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:

Սրբազան Հայրը մեծ ակտիվություն է ցուցաբերել էկումենիզմի ոլորտում: Նա մասնակցել է տարբեր միջազգային կոնֆերանսների և էկումենիկ համաժողովների: 2001-2006 թթ. եղել է Բրիտանիայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների խորհրդի նախագահը: 2001-2010 թթ. եղել է Անգլիկան-Ուղափառ Արևելյան Եկեղեցիների ֆորումի ատենապետը: 2006-2010 թթ. եղել է Անգլիայի եկեղեցիների խորհրդի համանախագահը, 2006-2014 թթ.` Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Հավատ և կարգ» հանձնաժողովի անդամ:

Սրբազան Հայրը Ուկրաինայի Կադրային միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ և պատվավոր դոկտոր է: 1995 թ. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ի կողմից պարգևատրվել է «Իշխան Դանիել Մոսկվացու» շքանշանով: 2001 թ. Ուկրաինայի նախագահի կողմից արժանացել է «Ծառայությունների համար» շքանշանի: 2006թ.-ից Բեթղեհեմի պատվո քաղաքացի է: