Հավատը հուսացված բաների հաստատումն է եւ չերեւացող բաների ապացույցը: Այսպես է սահմանում հավատը Պողոս առաքյալը: Բոլոր մարդիկ էլ ունեն հավատ, որովհետեւ բոլորն էլ հույս են տածում եւ հույսը դնում են նաեւ չերեւացող բաների վրա, այդ տեսանկյունից անհավատ մարդիկ պարզապես չկան: Ուրեմն, ինչու՞ ենք ընդհանրապես ասում «անհավատ մարդ»: Խնդիրը իրականում ոչ թե ինքնին հավատին, այլ հավատի առարկային է վերաբերում: Մարդիկ հավատում են տարբեր բաների.իրենց ուժերին, կարողություններին, հաջողությանը, անգամ՝ տարբեր աստվածների, այս վերջին պարագայի մասին Պողոս առաքյալը ասում է. «Թեպետեւ, այսպես կոչված, աստվածներ կան թե՜ երկնքում, եւ թե՜ երկրի վրա.արդարեւ կան բազում աստվածներ եւ բազում տերեր» Ա Կորնթ.8;5՝ դրանով ոչ թե հաստատելով եւ խրախուսելով բազմաստվածության երեւույթը, այլ պարզապես շեշտելով այդ «աստվածների»՝ մարդկային հավատի առարկա լինելու փաստը: Իսկ իր խոսքի շարունակության մեջ նա ուղղակի հռչակում է միակ Ճշմարիտ Աստծո հավատը՝ ցանկանալով պարզ դարձնել այն գաղափարը, որ եթե «աստվածները» մարդկային սնահավատության եւ երեւակայության արգասիք են, ապա Ճշմարիտ Աստված եղել է, կա ու կլինի, եթե անգամ ոչ մի մարդ նրան չհավատա. «Բայց մեզ համար միայն մե՜կ Աստված կա՝ Հայրը, որ ստեղծել է ամեն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մե՜կ Տեր՝ Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով» Ա Կորնթ 8;6՝ հաստատելով ոչ թե զուտ Ճշմարիտ Աստծո գոյության գաղափարը, այլեւ այդ Աստծո ամենազորությունը՝ որպես կյանքի ակունք եւ պահապան: Հետեւաբար. հավատալ Աստծուն, չի նշանակում հավատալ Նրա գոյությանը, այլ՝ Նրա ամենազորությանը:
Մարդու կյանքում Աստված ներկա է այնքանով, որքանով մարդը հավատում կամ չի հավատում Նրան, հավատը չափ չունի, բայց ունի որակ եւ բովանդակություն, որը պայմանավորված է հավատի առարկայով կամ նպատակով. Եթե հավատում ենք Աստծուն, մեզ վրաբերում ենք շնորհ եւ օրհնություն, եթե հավատում ենք Օտարին, մեզ վրա բերում ենք անեծք ու մահ: Տեր Հիսուս ասում է., Հավատու՞մ ես.ըստ քո հավատի թող լինի քեզ: Եթե ունենաք անգամ մանանեխի հատիկի չափ հավատ, լեռներ կշրջեք: Երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի»: Այս ամենից հետեւում է, որ հավատը իրականում չափ չունի, որովհետեւ աննշան հավատն անգամ, այսինքն` հենց հավատալու փաստը բավական է հրաշքի ականատես լինելու համար, եւ պետք չէ Տիրոջը դիմել «ավելացրու մեր հավատը» խընդրանքով, որովհետեւ ասում է.» Եթե հավատաք, կանեք ավելին, քան թե ես եմ անում»: Շատ կարեւոր է հիշել, որ հավատն առանց գործերի անիմաստ է, քանզի այդպես հավատացողը ոչնչով չի տարբերվում դեւերից: Իսկ թե մեկը առարկի` մեջբերելով Պողոս առաքյալի` բողոքականների կողմից շահարկվող խոսքը, թե փրկությունը հավատից է, ասենք, որ կա հավատ, եւ կան գործեր, որ արդարանալուց առաջ են, եւ` որ արդարանալուց հետո են…. Կան մարդիկ, որ հավատում են, թե կփրկվեն գործերով, եւ կան մարդիկ, որոնք գործում են, որովհետեւ հավատում են, որ փրկված են Քրիստոսի հանդեպ հավատով: Քրիստոսին հավատացողը ոչ թե անում է ինչ -ինչ գործեր, այլ ջանում է նմանվել իր Տիրոջը, իսկ դրա համար նա պարզապես չի կարող չգործել, համաձայն այն խոսքի, թե «քանի Հայրը գործում է, ես եւս գործում եմ»: Նա, ով հավատում է, որ փրկված է Քրիստոսի շնորհով, ոչ թե անում է ինչ -որ մեխանիկական գործողություններ, այլ փորձում է փոխել իր ներքին էությունը, դառնալ նոր մարդ, որի ողջ կյանքն ու բոլոր գործերը իր էության ուղղակի արատացոլումն ու անդրադարձը կհանդիսանան:
Աստված ճանաչողությունը եւ աստված գիտությունը սկսվում են հավատքով,զարգանում եւ իրենց կատարմանն են հասնում հավատքով:» Ես եկա, Տե՜ր, մոտեցա, Աստվա՜ծ, վերադարձա, Հա՜յր: Ընդունիր ինձ եւ պահիր աչքիդ լույսի պես.արդեն քոննեմ ես»: Այսպես ցնծագին բացականչում է նորածիլ հավատով տոգորված մարդու հոգին, ով անձնապես ճաշակել ու համոզվել է, որ քաղցր է Տերը: Նա չի տեսնում որեւ է խոչընդոտ իր եւ Աստծո միջեւ, քանզի իր հոգին մաքուր է ու հարդարված՝ պատրաստ Աստծո տաճար լինելու: Նրա հոգին լի է ջերմեռանդ հավատքով, որը սակայն, որքան էլ ջերմեռանդ, կատարյալ չէ, քանզի դեռեւս չի զտվել ընդմեջ տառապանքի,կորուստների, վշտերի, վախերի ու տարակույսների, եւ չի թրծվելփորձությունների հնոցում, որից հետոայն կամ կատարյալ կդառնա, կամ… կմահանա:
Այո, քանզի հավատը ինքը կենդանի է ու կենսատու, միայն երբ գործում է՝ բարձրացնում է մարդուն առ Աստված: Տերը միշտ առավել հոգատար է նորադարձների հանդեպ նրանց վերելքի սկզբում, որպեսզի նրանք առավել հաստատվեն իրենց ընթացքի մեջ եւ չընկրկեն: Իսկ նորադարձներին ամեն բան պատկերանում է կատարյալ ու հեշտ ձեռք բերվող: Բայց վերընթացի ճանապարհին փորձությունները, թեեւ հաղթահարելի,այնուամենայնիվ անխուսափելի են, անկումներն ու վերելքները հերթափոխում են միմյանց, բայցեւ կորուստները փոխարինվում են ձեռք բերումներով: Հավատացյալը աստիճանաբար է նշմարում պայքարի ասպարեզը, իր զենքերը եւ թշնամուն, նա սկսում է գիտակցել հաղթանակի անհրաժեշտությունը, քանզի այն այլեւս իր գերագույն նպատակն է: Հաղթանակ, որը իր փրկության գրավականն է, Ա Հովհ.5;4:
Շատ վտանգավոր է ճշմարիտ հավատին թեթեւամտորեն վերաբերելը, քանզի. «Մեր Աստվածը ոչնչացնող կրակ է» Եբր.2;29:
Այո՜, Աստված իր սիրով արարում է բարին,իր ողորմությամբ՝ պահպանում, իսկ արդարությամբ վրեժխնդիր է լինում նրանից, ով մերժում է իր սերը եւ ողորմությունը: Ճանապարհի ամեն մի հանգրվանում ճշմարիտ հավատացյալը փորձում է զգալ իր հավատի աճը. ինչի հասավ, ինչ չնկատեց, արդյոք ընկալեց բարի՞ն, կամ մերժեց չա՞րը:
Իրականում այդ ինքնաքննությունը շատ կարեւոր է հավատից չշեղվելու համար: Երբ անհավատ մարդը կտրում է իր հույսը ամեն ինչից ու բոլորից, հավատացյալ մարդու համար միշտ կա Մեկը, որի վրա նա կարող է հույս դնել:
Իսկ ի՞նչն է, այնուամենայնիվ, անփոփոխ մնում հավատքի ճանապարհի սկզբում, ընթացքում եւ վերջում. Հավատացյալ հոգու ցնծագին զմայլանքը Ամենակալ Աստծո մեծավայելուչ փառքի հանդեպ, երբ հոգին վերօրհնելով բացականչում է. «Տե՜ր, ո՜վ մեր Տեր, ի՛նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում» Սաղմ.8;1,10
Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ N 28», հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան