Ինչու են որոշ մարդիկ վաղաժամ մահանում

Քանի որ մարտիրոսների պարագային երբեմն հարցեր են առաջանում, թե ինչու էին նեղությունների մատնվում և շուտ մեռնում, եթե Աստված սիրում է նրանց, կամ ընդհանրապես ինչու են հիմա էլ որոշ մարդիկ վաղաժամ մահանում, ապա պարզաբանենք այս հարցերը: Աստվածաշունչն ասում է. «Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց» (Սաղմ. 115.15)։ Այսինքն` մեզ համար անիմաստ և հաճախ անարդար է թվում այդպիսի մահը, սակայն Տիրոջ համար այն պատվական է: Ինչպես որ աշխարհիկ գիտնականները հայտնաբերում են ֆիզիկական աշխարհում գործող բնության տարբեր օրենքները, այդպես էլ սրբերը, որոնց այս իմաստով կարելի է կոչել հոգևոր գիտնականներ, աստվածային հայտնություններով և ներշնչումով հայտնաբերել են հոգևոր աշխարհում նույն զորեղությամբ գործող հոգևոր օրենքները: Շատ ուշագրավ է հատկապես վաղաժամ մահվան բացատրությունը:

Ահա մի քանի պատճառներ: Կա մարմնի ծերություն և հոգու ծերություն: Մարմնի ծերությունը նշանակում է, որ մարդը, երկար տարիներ ապրելով, հասել է որոշակի իմաստության և անմեղության: Իսկ մարմնով երիտասարդ, բայց հոգով ծերը առ Աստված հավատքով և դրանով ձեռք բերված իմաստությամբ ունի մաքուր և անարատ վարք: Եվ ինչպես որ հոգին առավել է քան մարմինը, ճիշտ այդպես էլ հոգով ծերերն առավել են, քան մարմնով ծերերը, և բնական է, որ մեռնում են նրանք, ովքեր ավելի ծեր են:

 Նույնն է նաև բնության մեջ. որ պտուղը որ շուտ է հասնում, այն էլ առաջինն է ընկնում ծառից: Երկրորդ պատճառ. մեր օրերում տեսնում ենք, որ երբեմն մարդիկ վիճելիս սպանում են միմյանց: Սակայն սրա հետ մեկտեղ նաև խորը ցավով ենք տեսնում, որ շատ ազնիվ, առաքինի և նորաստեղծ ընտանքի տեր մարդիկ հանկարծ մահանում են տարբեր պատահարներից: Բարիներին Աստված վաղահաս մահով խնամում է բազմափորձ կյանքի որոգայթներից, քանի որ մարդու հետագա կյանքը շատ ավելի ահավոր կլիներ հենց նրա համար: Գուցե այժմ մեծ վշտով համակված, խորը թախծի մեջ ընկղմված մարդիկ այսպես ասեն. «Թող Աստված գնա ու այդպես մեր թշնամիներին խնամի»: Սակայն Սուրբ Գրիգոր Տաթևացին, ցույց տալու համար, որ վաղահաս մահը երբեք պատահական չի լինում, այլ լինում է Աստծո ընտրությամբ, հետևյալ օրինակն է բերում: Երբ Դավիթ թագավորը և հրեա ժողովուրդը մեղքերի մեջ էին, Աստված ասաց թագավորին` պատուհաս պիտի լինի և քեզ հնարավորություն եմ տալիս ընտրելու երեքից մեկը. կամ երեք տարի սով պիտի լինի, կամ երեք ամիս սուր և գերություն, կամ երեք օր մահ: Եվ Դավիթն ընտրեց երեք օրվա մահը (Բ Թագ. 24.11-14)` ստույգ իմանալով, որ վաղաժամ մահը երբեք պատահական չի լինում, և առաջին հերթին մեռնելու են մեղսալից մարդիկ:

Սակայն չէ՞ որ երբեմն բարիներն էլ են շուտ մեռնում: Նշեցինք, որ Աստծո նախախնամությամբ դա ևս մարդու բարիքի համար է լինում: Այս մասին Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Մի՛ տարակուսիր ասելով, թե արդար երիտասարդը ամբարիշտի հետ է մեռնում: Թեպետ մահվան ճանապարհը մեկ է, որով երկուսն էլ ընթանում են, բայց նրանց հույսը զանազան է. բարին գնում է դեպի հանգիստ, իսկ չարը` դեպի նեղություն և տրտմություն, ճիշտ այնպես, ինչպես երկու երիտասարդներ գնում են թագավորի մոտ: Մեկը լի է խնդությամբ, որովհետև նրա սիրելին է, իսկ մյուսը, որ չարագործ է, լի է տրտմությամբ, որովհետև գնում է տանջանքի և մահվան»: Այսինքն` Աստված ամեն ինչ անում է բարիների օգտի համար, իսկ չարերին մահվան մատնելով` վերացնում է նրանց չարիքները: Վաղաժամ մահվան երրորդ պատճառը կարելի է տեսնել մարտիրոսների օրինակով: Մարտիրոսները, ովքեր հոժարակամ էին մեռնում երիտասարդ հասակում, տենչում էին դուրս գալ այս աշխարհից և ելնել երկինք: Ճիշտ այսպիսի մղում ուներ նաև Դավիթ թագավորը, երբ ասում էր. «Հոգիս ծարավ է Քեզ, Աստված հզոր և կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծու առաջ» (Սաղմ. 41.3): Նույն կերպ նաև Պողոս առաքյալն էր ասում. «Մարմնից դուրս գալը և Քրիստոսի հետ լինելը ավելի լավ եմ համարում» (Փիլիպ. 1.23): Ինչպես նաև նրա հետևյալ խոսքերը բացահայտում են հավիտենականության անհամեմատելիությունը ժամանակավորի հետ. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը` շահ» (Փիլիպ. 1.21): Սակայն մի հարց ևս մեզ կարող է հանգիստ չտալ. «Բայց չէ՞ որ այդ մարդիկ երեխաներ ունեն, մի՞թե անարդարացի չէ նրանց զրկել իրենց խնամակալներից»: Մեր Եկեղեցում հիշատակվող սրբերից մեկին` Երանոս եպիսկոպոսին, ընկերները համոզում էին իր երիտասարդությունը և հատկապես իր երեխաներին խղճալով հրաժարվել հավատից, որպեսզի ինքը երիտասարդ հասակում չմեռնի, ու նաև իր երեխաների կողքին լինի: Երանոսը պատասխանում է. «Իմ երեխաներն Աստված ունեն, որը կհոգա նրանց մասին: Ինձ ոչինչ չի ստիպի հրաժարվելու իմ Քրիստոսից»: Այս մեծ սրբի արարքը մեզ ստիպում է հիշել Քրիստոսի խոսքերը, թե` ով որևէ մեկին սիրում է Ինձնից առավել, Ինձ արժանի չէ (Մատթ. 10.37, Ղուկ. 14.26): Ըստ Աստվածաշնչում արձանագրված երկարակեցության օրենքի` Տիրոջ երկյուղը, Աստծո պատվիրանների իրագործումը մարդու համար ապահովում են երկար և խաղաղ կյանք (Ելք 20.12, Առակաց 3.1-2, 4.10, 10.27, Մատթ. 15.4, Եփես. 6.2-3): Իսկ երբեմն նաև բարի մարդկանց հասնող վաղաժամ մահվան մասին իմանալով, որ ամեն ինչ լինում է մարդու հավիտենական երջանկության համար, փառք տանք Աստծուն և հաճախ մարտիրոսների հիշատակի համար արտասանվող խոսքերը գործածենք նաև նրանց համար, ովքեր վաղաժամ հեռացել են այս աշխարհից` անցնելով դեպի հավիտենություն…

Հոբը, ահավոր վշտերի մեջ ընկնելով, դարձյալ չմեղանչեց Աստծո դեմ: Եվ իր այս արդարության համար Աստված նրան առաջվանից ավելի մեծ օրհնությունների արժանացրեց: Դժվար է պատկերացնել, թե ինպես կարող է մարդն այսքան դժբախտությունների մեջ չընկնել հուսահատության գիրկը։ Սակայն պետք է իմանալ, որ նույնիսկ վաղաժամ մահվան պարագային Աստված գործում է ըստ Իր աստվածային իմաստության` անօրենություններից հեռու մարդկանց օգտին ամեն ինչ անելով միմիայն բարիքի համար։ Աստված է կյանք պարգևողը։

 Այս ճշմարտության շեշտումով Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Երբ Աստված Իր տվածն է առնում, ոչ ոք չի կարող մեղադրել, որովհետև Իրենն է և իշխանություն ունի։ Երբ մեզ պարտքով փող են տալիս, շնորհակալություն ենք հայտնում այն ժամանակահատվածի համար, որ տալիս են, և չենք մեղադրում այն բանի համար, որ վերցնում են մեզանից իրենց սեփականությունը։ Մի՞թե պիտի մեղադրենք Աստծուն, որ Իր սեփականությունն է վերցնում»։ Մահը մենք այլ ձև ենք ընդունում, քան անհավատները։ Ինչպես գրվածքի նյութն է անգետի համար, որ միայն տառերն է տեսնում, իսկ գրագետը հասկանում է իմաստը, այդպես էլ մահը, որի մեջ մենք տեսնում ենք հարությունը, հոգու անմահությունը և հավիտենական կյանքի հույսը։

«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ամեն»:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)