Ի՞նչ է Դրոշմը։
– Դրոշմը Մկրտության անբաժան մասն է։ Ջրով մկրտվելուց անմիջապես հետո երախան դրոշմվում կամ օծվում է մեռոնով կամ սուրբ յուղով։ Դրոշմ նաև նշանակում է կնիք, և այս պատճառով Մկրտությունը կոչվում է նաև Կնունք։
Ինչո՞ւ է Դրոշմը խորհուրդ։
– Որովհետև խորհրդավորում է Սուրբ Հոգու շնորհը։ Սուրբ Հոգին հայտնվեց մեր Փրկչի Մկրտության ժամանակ և աղավնակերպ իջավ Նրա վրա։ Սրբալույս մեռոնը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա։
Դարձյալ՝ օծումը աստվածային ճշմարտությունները սովորելու և պահելու երաշխիք է։ Հոգով արթուն քրիստոնյան բնավ չի մոլորվի ճշմարիտ հավատքի կյանքում, քանզի օծումով ստացած Սուրբ Հոգու շնորհն անբաժան է նրանից [տե՜ս Ա Հովհ. Բ 26, հմմտ. Եփես. Ա 13, Դ 30
Հին ժամանակներում յուղով օծում էին վիրավոր զինվորներին և անընդհատ շփումով յուղը փակում և ապա բուժում էր վիրավոր մասը: Այդպես է նաև հոգևոր կյանքում. օծումով մարդը նախ բուժվում է հոգևոր իմաստով, ինչպես նաև պատսպարվում չարից և մեղքից:
Սուրբ Հոգին միայն աղավնակե՞րպ է հայտնվել։
– Ո՜չ, կրակի ձևով էլ է հայտնվել, օրինակ՝ Հոգեգալստի պատմության մեջ կարդում ենք, որ հայտնվում է հրե լեզուների ձևով, որովհետև հուրը մաքրության խորհրդանշանն է. ինչպես որ ամեն նեխած և փտած բան ջնջվում է կրակով, այնպես էլ Սուրբ Հոգին շնորհի մեջ է պահում մկրտվածներին և պաշտպանում նրանց հոգևոր նեխումից ու փտումից։
Ո՞րն է հայ ծնողների պարտքը։
– Քանի որ Մկրտությունն ու Դրոշմը մեղքերից սրբվելու և Աստուծո որդեգիր դառնալու անհրաժեշտ պայմաններ են, ուստի անհրաժեշտ է, որ հայ ծնողները, հարգելով իրենց մայրենի Եկեղեցու հնավանդ սովորությունները, մկրտել և կնքել տան իրենց փոքրիկներին նրանց ծնվելուց ութ օր հետո, եթե բժշկական արգելող պատճառ չկա։
Փոքրիկներին ամիսներով և նույնիսկ տարիներով անկնունք թողնելն ամենևին ներելի չէ, և այն ծնողները, ովքեր առանց լուրջ պատճառի անհոգ ու անտարբեր են մնում և ժամանակին մկրտել չեն տալիս իրենց փոքրիկներին, ծանրապես պատասխանատու են Աստուծո, ինչպես նաև հոգևորապես անխնամ թողնված իրենց զավակների առջև։
Ի՞նչ է մեռոնը կամ սուրբ յուղը։
– Մեռոն կամ մյուռոն հունարեն բառ է և նշանակում է անուշահոտ յուղ, իսկ այստեղ մասնավորապես նշանակում է այն յուղը, որ գործածվում է եկեղեցում՝ դրոշմելու համար մկրտվածներին և օծելու համար քահանաներին, եկեղեցիները և եկեղեցական որոշ նվիրական իրեր։
Ի՞նչն է մեռոնի նյութը, և ո՞վ է պատրաստում այն։
– Մեռոնի բուն նյութը ձիթենու յուղն է՝ ձեթը, բայց նրա հետ նաև խառնում են 40-ից ավելի անուշահոտ նյութեր (ծաղիկներ, արմատներ), որոնցից ամենագլխավորը բալասանն է։ Բալասան է թե՜ ծառի, թե՜ նրա ծաղկի և թե՜ նրա յուղի անունը։ Մեռոնի ծառ էլ է անվանվել բալասանը, որի յուղը, երբ խառնվում է ձեթի հետ, մակարդվում է։
Մեր Եկեղեցում մեռոն պատրաստելու և օրհնելու իրավունքը կաթողիկոսին է վերապահված։ Այն կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հայության հոգևոր կենտրոնում, մեծ հանդեսով, Հայաստանի և աշխարհի զանազան վայրերից ժամանած ուխտավորների ներկայությամբ: Սբ. Մյուռոնը ամբողջ հայության միության խորհրդանիշն է՝ այսինքն Սբ. Հոգին է, որ կապում է մեզ բոլորիս որպես քրիստոնյա ազգ: Այդ պատճառով էլ ըստ ժողովրդական բառ ու բանի մկրտվողին ասում են. «Թող հայի կանաչ մեռոնը հաստատ լինի քո ճակատին»:

Հատված ՝«Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար» գրքից: