Աւրելիանոս կայսրից սկսած մինչև Դ. դարու սկիզբը քրիստոնէութիւնը շարունակ խաղաղութիւն էր վայելում: Այդ պատճառով էլ նրա զարգացումը այս շրջանում չափազանց մեծ է: Ամենաբարձր պետական պաշտօնների մէջ, պալատում, Դիոկղետիանոս կայսեր շուրջն իսկ բազմաթիւ քրիստոնեաներ կային, որոնք ազատ իրենց հաւատն էին դաւանում, և մինչ անգամ ազատ էին իրենց պաշտօնների հետ կապուած հեթանոսական ծիսակատարութիւնները կատարելուց: Պետութեան նոր կազմակերպութիւնն էլ ոչ մի փոփոխութիւն չմտցրեց այդ դրութեան մէջ:
297-ից սկսած պետութեան սահմաններն արդէն բոլորովին ապահով էին և Գալերիոսը միացած Բիւթինիայի կուսակալ Հիերոկլէսի հետ, որ երևի կայսեր դրդմամբ գրաւոր էլ մաքառել էր քրիստոնէութեան դէմ, կարողացաւ վերջապէս համոզել կայսերը հրովարտակ հանել քրիստոնեաների դէմ: Այդ նպատակով նա մատնանիշ արեց այն հանգամանքի վրայ, որ զօրքի մէջ քրիստոնեաները չեն լսում մեծաւորներին և յիշեցրեց նաև մի դելֆեան պատգամ: Առաջին հրովարտակը 303-ի Փետրուարի 24-ին հրամայում էր քանդել եկեղեցիները, յարքունիս գրաւել սրբազան վայրերն ու գերեզմանատները, այրել Սուրբ գրքերը: Սակայն այս հրովարտակը կամենում էր խոյս տալ արիւնհեղութիւնից, թէև կրճատում էր նաև քրիստոնեաների իրաւունքները: Քրիստոնեաների ցոյցերը, պալատի մէջ յառաջ եկած հրդեհները, Արևելքում յաճախ ապստամբութիւններ յառաջ գալը, որի պատճառ համարում էին քրիստոնեաներին, առիթ եղան մի Բ. հրովարտակի նոյն 303-ին: Այժմ հրամայած էր, որ բոլոր հոգևորականները զոհեն, մերժելու դէպքում պէտք էր նրանց բանտարկել: Սակայն այս հրովարտակն էլ պատճառ չեղաւ նահատակութիւնների: 304-ին մի Գ. հրովարտակ գահակալութեան յոբելեանի առթիւ ազատ էր թողնում բոլոր կղերականներին, որոնք գոնէ այժմ զոհ կմատուցանեն: Շուտով դատարկուեցին այդ հրովարտակի շնորհիւ բանտերը: Ընդհանուր հալածանքն սկսուեց միայն մի Դ. հրովարտակով 304-ի ապրիլի 30-ին, որ զոհել էր պահանջում նաև բոլոր աշխարհականներից և մահուան պատիժ էր սպառնում զոհել մերժողներին: Այս վերջին հրովարտակի գործադրութիւնն էլ պետութեան զանազան մասերում տարբեր էր: Իսկապէս արիւնահեղ էր հալածանքը միայն Գալերիոսի և Մաքսիմինոս Դազայի մասում, Դիոկղետիանի մասում շատ աւելի պակաս խիստ էր, և մեծ մասամբ էլ քրիստոնեաներն էին պատճառը եղած դէպքերի մէջ: Նոյնն էր դրութիւնը նաև Մաքսիմիանոսի մասում. իսկ Կոստանցիուս Քլորուսը բոլորովին մեղմ էր վարւում: Այնուամենայնիւ շատ մեծ չափեր ընդունեց անկումը կամ ուրացողութիւնը. յառաջ եկաւ անկեալների մի նոր կարգ, այսպէս կոչուած traditores=Ս. Գիրքը հեթանոսների ձեռքը տուողներ: Երբ 305-ին Կոստանցիոսը անցաւ ամբողջ պետութեան գլուխը, հալածանքը համարեա բոլորովին դադարեց. բայց այդ դրութիւնը յարատև եղաւ միայն Արևմուտքում: Ընդհակառակն Արևելքում Կոստանցիոսի մահից յետոյ Գալերիոսի և Մաքսիմինոսի մասերում սկսուեցին ամենաարիւնահեղ հալածանքներն ու տանջանքները քրիստոնեաների համար: Բայց քրիստոնեաները արդէն այլ ևս առաջին սարսափի ազդեցութեան տակ չէին և սկսեցին աւելի եռանդուն դիրք բռնել իրենց հաւատոյ նկատմամբ:
Քրիստոնէական եկեղեցու ամենամեծ յաղթանակներից կարելի է համարել Կոստանդնից առաջ այն, որ պետութիւնը ստիպուած զգաց իրեն օրինակ վերցնելու քրիստոնէական եկեղեցու վարչական կազմակերպութիւնից, թէև ինչպէս տեսանք, եկեղեցու կազմակերպութեան համար օրինակ էր ծառայել առհասարակ պետութեան կազմակերպութիւնը: Ուրեմն պետութիւնը ուժասպառ էր եղել, իսկ եկեղեցին աւելի ևս զօրացել նոյն տեսակ կազմակերպութեան շնորհիւ:
Այնպէս որ Կոստանդինը մի յուսահատուած ու գետին գլորուած եկեղեցի չգտաւ իւր առաջ հալածանքների պատճառով, երբ նրան առաջարկեց իւր կայսերական բազուկը, այլ մի ամուր և հաստատուն եկեղեցի, որի քահանայութիւնը աւելի ևս զտուել էր հալածանքների ժամանակ: Կոստանդինը կարիք չունէր եկեղեցին փոշու միջից բարձրացնելու. եթէ եկեղեցին այդ դրութեան լինէր, դժուար թէ քաղաքագէտը մատը մատին տար. բազմաթիւ վէրքերից արիւն էր ծորում, բայց զօրեղ և անյողդյողդ ընդ առաջ եկաւ նա կայսերը: Պետութեան բոլոր փորձերն անյաջող էին անցել. բացի այդ հասարակական կարծիքն էլ այժմ նրա կողմը չէր: Բ. դարում դեռ ևս պետութիւնը ստիպուած էր ամբոխի մոլեռանդութիւնից պաշտպանել քրիստոնեաներին, իսկ Դ. դարու սկզբում շատ քչերն էին մնացել, որ գովում էին պետութեան խիստ կարգադրութիւնները: Այդ պատճառով էլ Գալերիոսը հիւանդութեան մահճում 311-ի Ապրիլի 30-ի այսպէս կոչուած «երեք կայսրների էդիկտով» յետ վերցրեց հալածանքի համար տուած հրովարտակները, միանգամայն խոստովանելով, որ քրիստոնեաներին նորից դէպի իրենց թողած «ճշմարիտ իդէալական հեթանոսութիւնն» յետ բերելու փորձը միանգամայն անյաջող է անցել: Քրիստոնեաներին իրաւունք էր տալիս այդ հրովարտակը օրինական կերպով բոլորովին ազատ պաշտելու իրենց կրօնը, ինչպէս նաև բացարձակ ազատութիւն էր շնորհում ընդհանրապէս ամեն մի կրօնի համար:
Չնայելով սակայն այս հանգամանքին, Մաքսենտիոս բռնաւորը աւելի ևս սաստկացրեց հալածանքն ու տանջանքները քրիստոնեաների դէմ. իսկ Մաքսիմինոս Դազան այնպէս արաւ, որ հրովարտակն անհետևանք մնաց նաև իւր մասի համար: Միայն Կոստանդինի յաղթութիւնը Մաքսենտիոսի դէմ 312-ին խաղաղութիւնը վերականգնեց ամբողջ արևմուտքում: Այստեղ և Լիկինիոսի մասում հրամայուեց բոլոր յարքունիս գրաւուած և այժմ մասնաւոր անհատների սեպհականութիւն դարձած եկեղեցական կալուածքները և գոյքերը ձրիապէս վերադարձնել, իսկ մասնաւոր անհատներին վարձատրել պետական գանձարանից: Այս երկու քրիստոնէութեան բարեկամների հակառակ Մաքսիմինոս Դազան նոր հալածանք է սկսում և կամենում է քրիստոնէութեան դէմ դնել նոր կազմակերպուած հեթանոսութիւնը: Սակայն 313-ին, նրա անկումից յետոյ, պետութեան այդ մասում էլ համբերատարութեան սկզբունքը յաղթանակեց, և այնտեղ էլ գրաւուած գոյքերը վերադարձրին:
Բայց որովհետև այնուհետև բոլոր Պրովինցների քրիստոնեաները Կոստանդինի կողմն անցան, իրաւամբ նրան համարելով ամբողջ շարժման ղեկավարն ու առաջնորդը, Լիկինիոսը ստիպուած զգաց իրեն հետևելու այժմ Մաքսիմինոս Դազայի քաղաքականութեան: Սակայն այդ վարմունքը պատճառ դարձաւ միայն նորա անկման և Կոստանդինի միապետ դառնալուն 324 թուին: Այսպիսով պետութեան մէջ անբնական հարստութիւնը վերջացաւ և Կոստանդինը դարձաւ մի նոր բնական հարստութեան հիմնադիրը:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ