Գնոստիկեան շարժումը կարելի է քրիստոնեական եկեղեցու ամենամեծ ճգնաժամը համարել

gnostikutyun - Գնոստիկեան շարժումը կարելի է քրիստոնեական եկեղեցու ամենամեծ ճգնաժամը համարել

Սկզբնական ժամանակում քրիստոնէութիւնը տեսական խնդիրներով զբաղուելու կարիք չունէր ամենևին և նորա նպատակն էր միայն գործնական բարոյականութիւնը: Սակայն երկար ժամանակ այսպէս չէր կարող մնալ և մենք տեսնում ենք, որ արդէն առաջին դարու Բ. կիսին փիլիսոփայական հասկացողութիւնները մուտք են գործում քրիստոնէութեան մէջ և հիմք դառնում մի բարձր իմաստութեան առաջ գալուն (Յովհ. Ա.):
Առհասարակ կրօնական իմաստութիւնները քաղում էին որևիցէ կրօնի առասպելներից, բառերի յետևը ուրիշ, աւելի խոր իմաստ որոնելով: Հեթանոսական կրօնի մէջ եղած այդ սովորութիւնը անցնում է նաև քրիստոնէութեան. յայտնի է որ քրիստոնէութիւնից առաջ էլ արդէն Հին Կտակարանը այլաբանօրէն բացատրելով յունական փիլիսոփայութեան բոլոր գաղափարները այնտեղից վերցրած էին համարում: Հրէաների մեկնաբանութեան այս եղանակը շարունակում է նաև քրիստոնէութեան մէջ. օրինակ` Բառնաբասի թղթի համաձայն (Ա. 5) «Կատարեալ իմաստութիւնը» գտնել կարելի Մովսիսական օրէնքի այլաբանական բացատրութեամբ:
Այդպիսի կատարեալ իմաստութիւնը գտնելու ձգտումն է, որ յառաջ է բերում գնոստիկականութիւնը: Ընդհանրապէս գնոստիկականութեան «Աստուածիմաստութեան» տարրերը կազմում էին հետևեալ խառնուրդները:

 Ա. Հեթանոսական, գլխաւորապէս ասորական և փիւնիկեան տիեզերաբանական հայեացքները:

 Բ. Արևելքի աստղաբաշխութիւնը և հմայութիւնները:

 Գ. Հրէութիւնից բղխած գաղափարներ. օրինակ այն գաղափարը, որ Աստուած գործում է աշխարհի մէջ իւր ներկայացուցիչների, ինչպէս հրեշտակների միջոցով:

 Դ. Փիլոն Եբրայեցու հելլենական իմաստութիւնը միացած իսկական հելլենական` Պիւթագորական, Պլատոնական և Ստոյիկեան աստուածաբանութեան և փիլիսոփայութեան հետ:

 Ե. Քրիստոնէութիւնն իբրև աշխարհի փրկութեան բացարձակ կրօն:

 Այս տարրերից կազմուած գնոստիկականութիւնը շատ ծանր ազդեցութիւն թողեց եկեղեցու վրայ, շնորհիւ այն հանգամանքի, որ նա հանդէս եկաւ ո՜չ թէ իբրև մի գիտնական դպրոցի վարդապետութիւն, այլ որովհետև անմիջապէս սկսեց գործնական կրօնական միտումներով առաջնորդուել: Այդ միջոցով կարելի էր քրիստոնէական եկեղեցուց հանել բոլոր իսկական աւետարանական սկզբունքները և նոցա տեղը դնել այս տարբեր խառնուրդներից առաջ եկած աշխարհայեացքը: Եւ յիրաւի գնոստիկեան շարժումը կարելի է քրիստոնէական եկեղեցու ամենամեծ ճգնաժամը համարել, որից ազատուելուց յետոյ եկեղեցին արդէն միանգամայն ամուր կազմակերպութին էր ստացել:
Գնոստիկեան փիլիսոփայութեան հիմնական գաղափարները հետևեալներն են.

Ա. Քրիստոնէութիւնը, որ սկզբում միայն գործնական փրկութեան վարդապետութիւնն էր, բացատրւում է այժմ իբրև կրօնական իմաստասիրական աշխարհայեցողութիւն:

Բ. Աշխարհի ստեղծողը և օրէնսդիրը տարբերւում է բարձրագոյն Աստուծուց: Այդպիսով ջնջւում է այն հիմքը, որի վերայ կանգնած է քրիստոնէութիւնը, այսինքն` Հին Կտակարանի կրօնը, և նորա տեղը բռնում է պղատոնական Էմանացիան:

Գ. Քրիստոնէական փրկութեան գաղափարը փոխուում է: Գնոստիկեան վարդապետութեան համաձայն հոգին պիտի ազատուի նիւթից:

Դ. Յառաջ է գալիս Դուալիստական վարդապետութիւն (չար և բարի):

Ե. Աշխարհի և Աստուծոյ արքայութեան, հոգու և մարմնի զուտ կրօնական հակասութիւնը գնոստիկականութեան մէջ փոխւում է: Հոգին և մարմինը,Աստուծոյ արքայութիւնն ու աշխարհը դառնում են իրար դէմ կանգնած տիեզերական ուժեր:

Զ. Քրիստոսը դառնում է նոր տիեզերական զարգացման առաջնորդը: Քրիստոսով աստուածային հոգեկան սկզբունքը մտնում է տեսանելի աշխարհի մէջ: Ուրեմն մինչև այդ ժամանակ ծածկուած Աստուածը յայտնուում է, և այդպիսով սկսուում է մի նոր կեանք նոցա համար, որոնք այդ յայտնութիւնը ընդունում են:

Է. Նախնական քրիստոնէութիւնը (Քրիստոսի վերջին գալուստը, մարմինների յարութիւնը և Քրիստոսի 1000 ամեայ թագաւորութիւնը) բոլորովին մերժուում է Գնոստիկեաններից: Ամեն բանի վերջն է հոգու ազատութիւնը նիւթից և տանջանքներից:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ