Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (նկարներ, տեսանյութ)

 Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, տեղի ունեցավ Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:

 Եկեղեցու օծմանը մասնակցում էին բազում հրավիրյալներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Համայն Ռուսիո Պատրիարքի առաջնորդական փոխանորդ, Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվայի գլխավորած պատվիրակությունը, Անդրկովկասում Պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, ԵՀԽ Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սաուկան (Ռումին Ուղղափառ Եկեղեցի):

 Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին թեմակալ առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը և թեմի հոգևոր դասը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները և եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանը: Ողջույնի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետն եկեղեցականների թափորով, օրհնելով հավաքված ժողովրդին, առաջնորդվեց Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, ուր սկսվեց տաճարի օծման հանդիսավոր կարգը:

 Սաղմոսերգությանը, աղոթքներին ու շարականներին հաջորդեց օծումը, երբ Սբ Խորան բերվեց Սրբալույս Մյուռոնը, որով և Նորին Սրբությունն օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը: Արարողությանը մասնակից Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արտիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծեցին եկեղեցու մկրտության ավազանը և բոլոր սյուները:

 Հավարտ արարողության Ամենայն Հայոց Հայրապետը ներկա ժողովրդին բերեց հայրական իր պատգամն ու օրհնությունը: ,…Յոթ տարիներ առաջ Երկնավորի բարեհաճ կամքով Աբովյան քաղաքի բազմաթիվ հավատավոր Մեր զավակների աղոթական ներկայությամբ կատարեցինք տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցվող սրբազան այս աղոթավայրի հիմնարկեքի արարողությունը: Մեռոնադրոշմ օծմամբ դրվեցին հիմքերը եկեղեցու, որը շինարարության ընթացքում բարերարի խանդավառ նախաձեռնությամբ ավելի ընդարձակվեց ու ճոխացավ: Այսօր այս բարձունքի վրա շքեղակառույց հառնել է նորակերտ եկեղեցին` ի սպասավորություն Աբովյանի և շրջակայքի հավատավոր Մեր ժողովրդի:

 Եկեղեցու մասին խոսելով` առաքյալն ասում է. ,Ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու` Սուրբ Հոգու միջոցով»: Հավատացելոց համար եկեղեցական կառույցը ճարտարապետական կոթողից առավել Աստծո տունն է, որտեղ երկնառաք օրհնությունն ու շնորհներն են բաշխվում հավատացյալներին` նրանց դարձնելով տաճար Սուրբ Հոգու: Եկեղեցին ճշմարիտ հավատն է, որ միաբանում է մեզ Աստծո Որդու ճանաչողության շնորհի մեջ, ինչպես վկայում է Սուրբ Սահակ Պարթև Կաթողիկոսը: Եկեղեցու նվիրական, սրբագործող հարկի ներքո աստվածպաշտական արարողությունները, Քրիստոսի կենսատու Ավետարանի քարոզությունը հավատացելոց հաղորդակից են դարձնում Բարձրյալին, զորացնում հավատով, կրթում ու դաստիարակում տերունական պատգամներով, ոգեշնչում քաջ ու բարի գործերի, ճշմարիտ ու արդար ընթացքի, և պարգևում հույսն ու զորությունը` վերազարթոնքի և լուսավոր գալիքի: Դարերի հոլովույթում մեր ժողովուրդն անցել է բազում նեղությունների ու տառապանքների, ջարդերի ու կոտորածների միջով, սակայն երբեք չի վհատվել և հույսով, հավատքով ու աղոթքով հաղթականորեն վեր է հառնել ամեն փորձությունից` ամենուր եկեղեցի ու դպրոց կառուցելով, կազմակերպելով ազգային-եկեղեցական իր կյանքը: Ինչպիսին էլ եղել են ժամանակները` անգամ օտարների տիրապետության ծանր լծի ներքո, փորձությունների ու նեղությունների մեջ չի սասանվել եկեղեցի կառուցելու նախանձախնդրությունը մեր ժողովրդի, քանզի թեև թշնամյաց կողմից ավերվել են մեր աղոթավայրերը, ոտնակոխ արվել մեր սրբավայրերը, սակայն միշտ կանգուն ու անսասան, անառիկ ու անկործանելի է մնացել մեր հոգու տաճարը, ուր անլռելի հնչել է փառաբանությունը Բարձրյալն Աստծո: Եկեղեցին Աստծո պարգևն է, որ Բարձրյալը շնորհում է հավատավոր ժողովրդին մարդկանց միջոցով: Նրա հիմքերը դրված են անսասան վեմի հաստատության վրա. ոչ մարդիկ կարող են այն շարժել, և ոչ հրեշտակները` սասանել,- ասում է Սուրբ Եղիշե պատմիչը: Մեր պատմության մեջ շարունակական եկեղեցաշինությունը վկայությունն է մեր ժողովրդի հոգևոր տաճարի ամրության, նրա ստեղծարար, աննկուն ոգու` հիմնված առ Քրիստոս զորեղ հավատքի վրա, որով հարատև պիտի ապրի մեր ժողովուրդը և առաջնորդվի դեպի փրկություն, որ Տիրոջից շնորհված է Եկեղեցու միջոցով:

 Սիրելի հավատավոր զավակներ, նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցին մեզ հրավիրում է աղոթքի և Բարձրյալին փառաբանության` պատմելով մեր պատմության և մեր Սուրբ Հայրերի մասին, հիշեցնելով մեր անցյալը, մեր նախնյաց ավանդները, ձեռքբերումները, որոնցով պարտավոր ենք արժևորել մեր ներկան և կերտել գալիքը: Այստեղ են պատկերները Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ Սահակ Պարթևի, նրանց աշակերտների, Հայ Եկեղեցու մեծ վարդապետների, երախտարժան գործիչների, ովքեր նախանձախնդիր ջանքերով խնամել ու հոգացել են, որ միշտ վառ մնա հայոց հավատքի ջահը, զորացնելով հոգևոր կենսական ուժերը մեր ժողովրդի, որպեսզի ազգս հայոց պայծառացնի իր կյանքն ու հայրենիքը` անվարան հետևելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով կենարար լույսն է աշխարհի (Հովհ. 8:12)…», — նշեց Վեհափառ Հայրապետը` պատգամելով ժողովրդին բարեպաշտ ներկայությամբ, ջերմագին աղոթքով նորակառույց եկեղեցին դարձնել հավատքի պայծառությամբ լեցուն Աստծո տուն:

 Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև պատվավոր հյուրերի, քույր Եկեղեցիների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների ներկայությունը հոգեպարար այս արարողությանը` մաղթելով, որ Բարձրյալի օրհնությամբ նորանոր ձեռքբերումներով արդյունավորվեն եղբայրական կապերը և փոխհամագործակցությունը Եկեղեցիների և պետությունների` ի խնդիր մարդկության խաղաղ, բարօր ու առաջընթաց կյանքի:

 Նորին Սրբությունը նաև իր բարձր գնահատանքն ու օրհնությունը բերեց եկեղեցու բարերարին ու նրա ընտանիքին` հայցելով Սուրբ Հովհաննես Մկրտչի պահպանությունը նրանց ընտանիքին, և բոլոր այն անձանց, որոնց ջանքերով հնարավոր եղավ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը:

 Այս առիթով, հայրապետական իր գնահատանքը հայտնելով թեմի հոգևոր դասին, Վեհափառ Հայրապետն երկարամյա գովարժան գործունեության համար Առաքել Սրբազանին շնորհեց արքության պատիվ` մաղթելով նրան աննվազ եռանդ և նորանոր հաջողություններ առաջնորդական պատասխանատու առաքելության մեջ:

 Վերջում նորակառույց եկեղեցուն Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոխանցեց Մայր Աթոռից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը: Նախորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հատուկ արարողությամբ Մայր Աթոռի մասանց պահարանում պահվող Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող մասունքարանից հանվեց սրբի ոսկորից մի փոքր հատված և սաղմոսների ու շարականների երգեցողության ներքո, ներկայությամբ եկեղեցու բարերարի ընտանիքի, զետեղվեց նորակառույց եկեղեցու համար պատրաստված խաչ-մասունքարանի մեջ:

 Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով: Մասունքակիր գեղեցկազարդ խաչով օրհնելով արարողության մասնակիցներին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը առ մեր Տերը օգնական լինի համայն հայ ժողովրդին, հաստատի արդար ու բարի գործերի մեջ և պարգևի շնորհը` մշտապես հավատարիմ մնալու հայրերի սուրբ հավատքին ու ավանդներին:

 Օծման արարողությունից հետո եկեղեցում մատուցվեց առաջին Ս. Պատարագը: Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:

 50 մետր բարձրություն ունեցող շքեղակառույց տաճարի ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոյանը և Տիգրան Դադայանը: Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները: Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ:

182705_572861069425225_1563569800_n

253179_467141159984904_1381111554_n

262858_467292306636456_975127570_n

545968_467141123318241_1194381207_n

578384_467141046651582_1616257375_n

DSC_0168

DSC_0251

DSC_0263

DSC_0300

IMG_0603

IMG_0642

IMG_0686