Պողոս առաքյալի՝ իշխանություններին հնազանդվելու մասին ասված խոսքերը (Հռոմ. ԺԳ 1-4) մեկնաբանվում են տարբեր կերպ՝ նույնիսկ գայթակղելով բազմաթիվ գիտնականների և աստվածաբանների։
Բացարձակ իշխանությունը բացատրվում է ընդհանուր շահի նկատմամբ մտահոգությամբ։ Այս խնամատարությունը Աստծուց վստահված է առաջնորդին, որը կարող է դրսևորվել օտար զավթիչների նկատմամբ ուժի կիրառման տեսքով՝ հասարակությանը պաշտպանելու համար։ Օգոստինոս Երանելին վկայակոչելով Պողոս Առաքյալի խոսքերը (Հռոմ․ ԺԳ 1-4), մեկնաբանում է որպես կառավարիչների՝ իրենց տարածքում ընդհանուր բարօրության պաշտպանության համար հակառակորդների նկատմամբ ուժ գործադրելու թույլտվություն (բարոյապես արդարացված): Իսկ Թովմա Աքվինացին կարծում է, որ եթե որևէ կառավարիչ սեփական կառավարման տարածքում խախտում է Աստծու պատգամներն ու Եկեղեցու պատվիրանները, ապա նման կառավարիչների դեմ կարող է լինել ժողովրդական դիմադրություն, որին դեմ չէ Եկեղեցին, քանի որ այդ պայքարն ընկալվում է ոչ թե իշխանության էության դեմ, այլ տրված իշխանության օգտագործման ձևի և գործադրման դեմ։
Ուստի այդ տողերը վկայակոչելիս (հատկապես որևէ իշխանության ներկայացուցչի կողմից) պետք է լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ» և կարող է ուղղվել հենց այդ խոսքերը վկայակոչողի դեմ։
Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը յուրաքանչյուր քրիստոնյայի պարտավորությունն է։ Սակայն սուրբգրային տեքստերի մեկնաբանությունը վերապահված է բացառապես մասնագիտական շրջանակներին։ Քանզի այդ շրջանակներից դուրս արված աստվածաշնչյան մեկնաբանությունները հղի են նոր աղանդավորական շարժումներ սկզբնավորելու վտանգով։ Ուստի Սուրբ Գրքի տողերի մեկնաբանությունը վերապահված է մեկնողական և հայրաբանական գրականությանը քաջածանոթ մասնագետներին, այլապես յուրաքանչյուր հայերեն խոսել իմացող կարող է իրեն զգալ որպես Հայոց լեզվի ուսուցիչ։
Եկեղեցին, հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իր պատմության ողջ ընթացքում երբևէ չի շեղվել կամ հեռացել աստվածաշավիղ իր առաքելությունից թե՛ հոգեփրկչական և թե՛ ազգապահպան։ Ուստի յուրաքանչյուրը թող իր գործունեությունը լավագույնս իրականացնի իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում։
Եվ քանի որ վերջին օրերում «մոդայիկ» է դարձել Աստվածաշնչից մեջբերումներ կատարել, ուստի փարատելու համար այլոց այլևայլ մտահոգություններն ու վախերը, խոսքս կավարտեմ իշխանության վերաբերյալ սուրբգրային երկու մեջբերմամբ, հետևությունները թողնելով Պողոս Առաքյալից իշխանության մասին վկայակոչումներ անողներին․
«Իմ թագաւորությունն այս աշխարհից չէ. եթե իմ թագավորությունն այս աշխարհից լինէր, իմ հետևորդները կմարտնչէին արդեն» (Հովհ․ 18։36)։
«Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետև, ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն։ Եվ կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր» (Մատթ․ 26։52-53)։
Արարատ քահանա Պողոսյան 21.04.2023թ.