Ապրիլի 14-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին, Մայր Տաճարի շրջափակում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին՝ նրանց ընծայելով խաչիկներ, իսկ հավատավոր ժողովրդին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Պատարագի արարողությանը մասնակցեց Ս. Գայանե եկեղեցում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին տարբեր երկրներից ժամանած Մայր Աթոռի բարերարներ:
Մուշեղ Սրբազանը իր քարոզում տոնի խորհրդի վերաբերյալ ի մասնավորի նշեց. «Սիրելիներ, երբ Տերը մուտք է գործում Երուսաղեմ, մարդիկ ամենայն ուրախությամբ և անկեղծ ցնծությամբ օվսաննաներ էին բացականչում, սակայն, նույն այդ ժողովուրդն ամբոխ դարձած, օրեր անց, Պիղատոսի առջև կանգնած, պիտի սառնասրտորեն պահանջեր ու գոչեր. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան» (Հովհ. ԺԹ 6): Հիսուս գիտեր ամեն բան: Գիտեր, որ հաղթական այդ մուտքը, միաժամանակ և վերջն էր: Այս ամենով հանդերձ, մարդ արարածի հանդեպ Իր անհուն սիրով լցված և հնազանդվելով Հոր կամքին` ուղղեց Իր քայլերը դեպի մահ, որը, Իր կյանքը խլող մարդկությանը պիտի տար կյանք: Նա մտավ երկրային Երուսաղեմ՝ այն երկնային Երուսաղեմ դարձնելու վճռականությամբ:
Այս պահին, սիրելի հավատացյալներ, խնդրանքս ու հորդորս է, որ ամեն մեկս զուգահեռներ տանենք մեզանից յուրաքանչյուրի ու այն մարդկանց միջև, ովքեր Աստվածորդու այս պանծալի մուտքը Երուսաղեմ եզրափակեցին՝ Նրան խաչի չարչարանաց և մահվան մատնելով: Եկեք միասին փնտրենք ու հասկանանք, թե որտե՛ղ սխալվեց օվսաննա բացականչող ժողովուրդը, ի՛նչ մոլորության մեջ հայտնվեց, որ փոխեց «օրհնյա՜լ է Նա» սաղմոսերգությունը «Խա՛չը հանիր» վանկարկումով: Նմանապես մենք, որտե՞ղ ենք սխալվում ու մոլորության մեջ ընկնում մեր կյանքի ընթացքին: Քանզի երբ Քրիստոս խոսում էր այն օրերի մարդկանց հետ և ուսուցանում նրանց, ապա դա միայն նրանց չէր վերաբերվում, այլ մեզանից յուրաքանչյուրին, ով այսօր ցնծությամբ դիմավորում է Փրկչին ու, միգուցե, կրկին մահվան դատապարտում Նրան:
….Ամենքս էլ մեր կյանքում որոշումներ ենք կայացնում և ամեն ջանք գործադրում այն իրագործելու, քանի որ վստահ ենք, որ վերջնանպատակը մեր իսկ անձնական բարու համար է: Դժվար է, որոշման վերջնական արդյունքն իմանալով, գնալ այնուամենայնիվ դրան, երբ գիտես, որ ոչ միայն դա անձնապես քեզ լավ չէ, այլև ավարտը մահ է: Գնալ գիտակցված մահվան: Սա էր Քրիստոսի ընտրությունը, որոշումը Երուսաղեմ գնալու, երբ գիտեր, որ այնտեղ պիտի խաչը հանվի: Բայց և գիտեր, որ մեկի մահը միլիարդներին հավիտենական կյանք պիտի պարգևեր: Սա է պատգամը: Հերոսներն այս գիտակցությունն ունեն: Մեզ կյանք տալու համար նրանք նահատակություն են ճաշակում: Քրիստոսակիր մեր հերոսները կյանք պարգևելու համար են գնում մահվան: Եվ, որպես Քրիստոսի հետևորդներ, մուտք են գործում Երկնավոր Երուսաղեմ»:
Սրբազան հայրը կոչ արեց հավատացյալներին ընտրել ու ոտք դնել այն ճանապարհին, որը երկնային Երուսաղեմ է առաջնորդում, և ամեն մեկն իր գիտակցության մեջ պահպանի այն ճշմարտությունը, որ մարդ արարածը միայն Քրիստոսով է կենդանություն ստանում, միայն Նրանով է մաքրվում ու հարստանում մարդկային հոգին, միայն Քրիստոս է, որ իրական ու հարատև երջանկություն է պարգևում, միայն Քրիստոսով է, որ ճանաչում է իրական, անկեղծ ու անձնուրաց սերը:
Մուշեղ եպիսկոպոսը հաստատեց նաև, որ Հիսուս շատ է սիրում մանուկներին և հորդորում է մեզ, որպեսզի նրանց պես լինենք մաքուր ու անարատ՝ արժանանալու համար Տիրոջ տեսությանն ու երկնքի արքայությանը:
«Մանկան մաքրություն, պարզություն և անմեղություն. այս է, սիրելինե՛ր, որ այսօր պիտի ունենանք յուրաքանչյուրս, պարզ շիտակ և մաքուր հոգի՝ պատրաստ ոչ միայն միմյանց օգնելու, այլև կարեկից լինելու, պատրաստ ընդունելու Հիսուս Քրիստոսին, որ հավիտյան բնակվի այնտեղ, այլ ոչ թե կրկին խաչը հանենք մեր գործերով», – ընդգծեց պատարագիչ Սրբազանը՝ միաժամանակ հորդորելով աղոթք բարձրացնել առ Քրիստոս, որպեսզի Նա Իր հաղթական մուտքով հրավառի բոլորի հոգիները, ցանի սիրո կենարար հունդերը մարդկանց սրտերի մեջ և ամենքին պարգևի փրկարար, գթառատ ու հոգեշահ ներշնչանքներ՝ ի բարօրություն մեր Հայրենիքի և Եկեղեցու:
Ս. Պատարագի ավարտից հետո Ս. Գայանե վանքի շրջափակում կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Հայաստանի տասներկու տարբեր մանկատներից Մայր Աթոռ ժամանած շուրջ 200 երեխաներին՝ նրանց բաժանելով նաև խաչիկներ: Վերջիններս նաև ներկա գտնվեցին Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» Հայորդյաց տանը իրենց համար կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը: Այնուհետև Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի կողմից երեխաները հյուրասիրվեցին Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանում:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը Վեհարանի առջև հանդիպեց «Դանիական Հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության և Արագածոտնի ու Տավուշի թեմերի համատեղ գործակցությամբ «Լույս մանկանց» ծրագրի շրջանակներում հիշյալ թեմերի 26 համայնքներում իրականացվող քրիստոնեական դաստիարակության լսարանների շուրջ 500 երեխաների հետ:
Իր հայրական օրհնությունը փոխանցելով նրանց՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Մայր Աթոռ ուխտագնացությունը վերջիններիս Ս. Էջմիածնի հանդեպ անհուն սիրո վառ արտահայտությունն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց մանուկներին ու պատանիներին հանապազ աղոթել, որպեսզի միշտ հաղորդակցության մեջ լինեն Աստծո հետ, վայլեն նրա օրհնությունը, անսահման սերն ու ողորմությունը:
Վերջում միասնական Տերունական աղոթքից հետո Գարեգին Բ Հայրապետը մանուկներին նվիրաբերեց խաչիկներ: