Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (կարճ՝ Ստամբուլյան կոնվենցիա) – փաստաթղթում հակասությունների, սխալների և թյուր մեկնաբանությունների մասին
Փաստաթուղթը կանանց հանդեպ բռնության կանխարգելման և օգնության տրամադրման լավ նպատակով հանդերձ ունի հեղհեղուկ ձևակերպումներ, դրանց միջոցով այլ հասկացություններ ներմուծելու միտումներ, պատմության կամ պատմական շրջանների ու փուլերի կամայական մեկնաբանություններ, արմատական ֆեմինիստական կամ էկոֆեմինիզմի միակողմանի հասկացությունների ներառում:
Նախաբան
Վերհիշելով … Հ-CM/Rec(2010)10 Հանձնարարականը՝ գենդերային հավասարության չափորոշիչների և մեխանիզմների մասին, – «գենդեր» բառը տարբեր գործածումներ ունի սույն փաստաթղթում, բայց այդպես էլ հստակորեն չի տրված դրա ստույգ սահմանումը, այլ այն երբեմն կիրառվում է վերացականորեն, երբեմն՝ որպես «սեռական» բառի հոմանիշ: Սովորաբար «սեռ» բառն օգտագործվում է կենսաբանական իմաստով, իսկ «գենդերը»՝ մի հասարակության ու մշակույթի մեջ ընկալելի համարվող որոշակի սեռին պատկանելու մարդու նախընտրության նշումով, որով այստեղ հեռահար նպատակ ու նաև հետագայում պարտադրանք է նկատվում փաստաթղթով հանձնառություն ստանձնած երկրների կամ ժողովուրդների նկատմամբ:
Դատապարտելով կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերը; -առարկություններ են եղել այստեղ ընտանիքի առանձին շեշտադրման դեմ՝ այն նշումով, որ բռնության առնչությամբ դատապարտող օրենքներ կան, անհրաժեշտություն չկա ընտանիքն առանձնացնելու, ինչը կարող է այլ քողարկված նպատակներ ունենալ և այդ միտումով օգտագործվել: /նույնը նաև Նախաբանի այլ հատվածում – որն ազատ կլինի կանանց նկատմամբ բռնությունից և ընտանեկան բռնությունից/,
Գիտակցելով, որ կանանց և տղամարդկանց միջև փաստական և իրավաբանական հավասարությունը վճռորոշ գործոն է հանդիսանում կանանց նկատմամբ բռնությունը կանխելու գործում; – ի՞նչ է հասկացվում «փաստական հավասարություն» ասելով: Կինը և տղամարդը տարբեր դերակատարումներ ունեն սերնդագործության, ընտանեկան կյանքի մեջ: Քրիստոնեական տեսակետից տղամարդու և կնոջ միջև հավասարությունը շեշտելը՝ տարբերությունների վերացումով կամ դրանց միտումնավոր բացառումով, անընդունելի է: Դա լավագույնս շեշտվում է հատկապես Ռուս Օրթոդոքս Եկեղեցու հեղինակ Ալեքսանդր Շմեմանի ձևակերպմամբ. «Հավասարությունը հաստատվում է որպես տարբերությունների անպիտանություն: Հավասարության սկզբունքին քրիստոնեությունը հակադրում է սերը, որի էությունը համեմատության բացակայության մեջէ: Աշխարհում չկա և չի կարող լինել հավասարություն, քանի որ աշխարհն ստեղծված է սիրով և ոչ թե սկզբունքներով: Աշխարհը կարիք ունիսիրո և ոչ թե հավասարության: Հենց սիրո մեջ է արմատավորված մարդու երկվությունը` որպես տղամարդու և կնոջ: Դա սխալ չէ, որը մարդկությունը կարող է ուղղել հավասարությամբ, և կամ թերություն, պատահականություն չէ, այլ կյանքի էության առաջին և գոյաբանական արտահայտությունը: Սա նշանակում է, որ ոչ մի հավասարություն չկա, այլ կա գոյաբանական տարբերություն, որ հնարավոր է դարձնում սերը, այսինքն` միավորությունը և ոչ թե հավասարությունը: Հավասարությունը միշտ ենթադրում է հավասարների բազմակիություն` երբեք միավորություն չդարձող, մինչդեռ տարբերությունը բերում է միավորություն, որում տարբերությունը չի ոչնչանում, այլ դառնում է միություն, կյանք, ստեղծագործություն»:
(Շարունակելի)
Գիտակցելով, որ կանանց նկատմամբ բռնությունը իրենից ներկայացնում է կանանց և տղամարդկանց միջև պատմականորեն անհավասար իշխանական հարաբերությունների դրսևորում, որոնք հանգեցրել են տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գերիշխող դիրքի հաստատմանն ու խտրականության և կանանց լիարժեք առաջխաղացման արգելակմանը; -պատմության ու պատմական փուլերի աղավաղված բացատրություն է, ծայրահեղ ֆեմինիստական գաղափարների, արմատական ֆեմինիստների ենթադրություն և պատմության կամայական մեկնաբանություն՝ արմատական ֆեմինիսնտների կամ էկոֆեմինիստների տեսակետից: Ակնհայտ է, որ այս ձևակերպումը չի կատարվել պատմաբանի կամ պատմաբանական խորը գիտելիքներ ունեցող անձի կողմից, այլ պատմությանը կամ պատմական դարաշրջաններին վերաբերող մակերեսային և սխալ մեկնություն է: Այդ թյուր ընկալմամբ ստացվում է, որ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր մայրցամաքներում, տարբեր հասարակություններում ու մշակույթներում, տարբեր կրոններ դավանող բոլոր տղամարդիկ, իշխանամոլությամբ տառապելով, ինչ-որ մի կերպ կարողացել են բոլորով պայմանավորվել, համագործակցել և միասին գալ հանցավոր համաձայնության՝ իրենց իշխանությունը գերակա համարելու և կնոջը տարբեր լիազորություններից զրկելու, ստիպելով բոլոր կանանց ենթարկվելու հայրիշխանությանը ու նման հասարակարգը միասնաբար շարունակելու հազարամյակների ընթացքում: Համամոլորակային և համամարդկային առումով այս պնդումը առնվազն զավեշտալի է թվում: Առավել հիմնավոր տեսակետի համաձայն՝ պատմության նախնական փուլերում տարածված է եղել մայրիշխանությունը և մայրաստվածության պաշտամունքը: Զարգացած գյուղատնտեսական շրջանի հողագործությանը նախորդած այգեգործության ժամանակաշրջանում, երբ հողի մշակումը կատարվում էր բրիչով, և պտուղների հավաքումն էր կարևոր տեղ գրավում, ու ֆիզիկական մեծ ուժի կարիք լայնորեն չէր զգացվում, կանայք էին գլխավոր և կենտրոնական դերակատարները նման հասարակության մեջ: Բայց հետագայում գութանի կիրառման տարածումով, երբ հողի մշակման մեջ այդ գործիքի օգտագործումը ֆիզիկական ուժի ու ծանր աշխատանքի հետ էր կապվում, ինչպես նաև հարևան երկրների ու ժողովուրդների կամ ցեղախմբերի հետ պարբերաբար պատերազմներ էին տեղի ունենում, և կարիք կար տղամարդկանց կողմից պաշտպանական քայլեր իրականացնելու, ապա այդպիսի հանգամանքներում բարձրացավ տղամարդկանց դերակատարությունը: Նոր ժամանակներում արդեն ինդուստրիալիզացիայի պայմաններում, երբ սննդի և այլնի արտադրության մեջ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ այլևս տղամարդու ֆիզիկական ծանր աշխատանքի կարիքը նվազեց, դա հնարավորություն բերեց նաև կանանց դերակատարումն ավելի մեծացնելու մասին խորհելու, և առաջ եկան կանանց տարբեր շարժումներ: Պատմության մեջ ֆիմինիստական առաջին տրակտատը՝ «Ի պաշտպանություն կանանց իրավունքների» խորագրով, գրվեց 1792 թ. անգլիացի կին գրող, փիլիսոփա Մերի Ուոլսթոնքրաֆթի կողմից: Պետք է ոչ թե ջնջել ու վերացնել սեռերի միջև տարբերությունը, ոչ թե պարտադրել հավասարություն, այլ այդ գեղեցիկ զանազանությունը հավասարակշռել՝ արժանապատվությունը և իրավունքները հարգելու դիրքորոշումով:
Գիտակցելով կանանց նկատմամբ բռնության որպես գենդերային հիմքով բռնության խորքային բնույթը, և այն, որ կանանց նկատմամբ բռնությունը հանդիսանում է այն կարևորագույն սոցիալական մեխանիզմներից մեկը, որոնց օգնությամբ կանայք ստիպված են լինում ենթակա դիրք զբաղեցնել տղամարդկանց նկատմամբ; – բռնության գենդերային հիմքի մատնանշումը ենթադրում է գաղափարական ըմբռնումների, որոշակի գաղափարախոսության գիտակցաբար կրողների և այդ գաղափարախոսության խորը հիմքի վրա կատարված արարք, ինչը իրականություն չէ հայ ընտանիքներում կամ հասարակության մեջ առկա հանցանքների պարագայում: Այդպիսի բռնությունները սովորաբար գաղափարական չեն, այլ կատարվում են ուժեղի՝ թույլի նկատմամբ գերազանցության պահվածքի, սադիզմի և հոգեբանական այլ շեղումների հետևանքով: Այնպես որ հանցագործությունների արմատական ֆեմինիստական մեկնաբանությունը և մանավանդ դրանց վերագրումը որոշակի գաղափարախոսության հատուկ հետևորդների, չի համապատասխանում իրականությանը և հորինովի կամ հարմարեցնովի է:
(Շարունակելի)
Գիտակցելով, խորը մտահոգությամբ, որ կանայք և աղջիկները հաճախ ենթարկվում են բռնության այնպիսի ծանր ձևերի, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական հետապնդումը, բռնաբարությունը, հարկադիր ամուսնությունը, հանուն այսպես կոչված “պատվի” կատարվող հանցագործությունները և կանանց սեռական օրգանների խեղումը, որպիսի հանցագործություններն հանդիսանում են կանանց և աղջիկների մարդու իրավունքների ծանր խախտումներ և իրենցից ներկայացնում կանանց և տղամարդկանց միջև հավասարության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը; – դատապարտելի հանցագործությունների մատնանշումով հանդերձ, որոնք, իհարկե, պետք է պատժվեն ամենայն խստությամբ, կանանց և տղամարդկանց միջև ինչպիսի հավասարության հասնելու մասին է խոսքը, մանավանդ երբ այս հասկացությունը դրվում է սեռական բնույթին վերաբերող խոսքերի շարքում: Կարելի է հասկանալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսված, այսպես կոչված, սեռական հեղափոխությունը, որը քվեարկության հավասար իրավունքի պնդման հետ նաև սեռական բնույթի ազատությունների քարոզ էր: Այդ քարոզչությունը զարգանալով տարբեր հասարակությունների մեջ ներդրեց ամուսնությունից դուրս նման հարաբերությունների ազատության ու ընդունելիության գաղափարը և այլ ապաբարոյական վարքուբարքի տարածում՝ ի հակադրություն Եկեղեցու ուսուցման և քրիստոնեական բարոյականության: Պետք է նկատի ունենալ, որ տղամարդկանց և կանանց միջև սեռային դերակատարությունների նշումով խոսում ենք ոչ թե հավասարության, այլ տարբերության մասին, որոնք գեղեցկորեն ներդաշնակվում են համակեցության և ստեղծագործության մեջ:
Հոդված 3, բ. – “ընտանեկան բռնություն”՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում; – ի՞նչ է նշանակում տնտեսական բռնություն։ Սա հստակ չէ, և ցանկացած կամայական մեկնաբանություն կարող է ընտանիք միջամտելու լիազորություն տալ այլ երրորդ կողմի՝ իրավապահների, կազմակերպությունների և այլն:
Հոդված 3, գ. – “գենդերային պատկանելություն”՝ նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար։ – Սա համասեռամոլների համար շահարկման և նրանց հրապարակայնացումն ու կենսաձևը հասարակությանը պարտադրելու հիմք կարող է դիտվել: Բայց և միևնույն ժամանակ կոնվենցիայի այս կետով շեշտվում է հասարակության մեջ ընկալելի լինելու անհրաժեշտությունը, որով եթե հասարակության մեջ որևէ տիպ չի դիտվում կամ ընդունելի չէ որպես պատեհ, ուրեմն ենթակա է անվավեր համարվելու և չընդունվելու: Այս կետով շեշտելով հասարակության ավանդույթների ու ընկալումների անհրաժեշտությունը, հատկապես ընդգծելով հասարակության կողմից վարքագծի տիպերի, գործունեության տեսակների և հատկությունների՝ կանանց և տղամարդկանց համար պատեհ համարվելու պայմանի կարևորությունը, նույն այդ հասարակության համար մերժելի գաղափարներով ու կենսակերպով առաջնորդվողները ընդունելի չեն: Հակառակ ընթացքները, այս հոդվածի համաձայն, հասարակության վրա բռնություն կիրառելու, օտարածին գաղափարներ ներմուծելու, բռնի կերպով մտածելակերպ վերաձևելու և պարտադրելու դատապարտելի գործողություններ են:
Հոդված 3, ե. – “ընտանեկան բռնություն”՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում; – առաջին հայացքից այստեղ զոհ կամ տուժող չեն համարվում գ կետի գենդերային պատկանելության հասկացության տակ նկատվող անձինք, որոնց շարքում կարելի է հասկանալ համասեռամոլներին: Սակայն տարբերակում կատարելով և առանձին դնելով «ամուսիններ» և «զուգընկերներ» բառերը (ինչպես որ արված է նաև բ կետում), արդեն ակնհայտ է դառնում սքողված կերպով համասեռամոլներին վերաբերող գաղափարի ներմուծումը, ինչը հայաստանյան իրականության համար հակասում է 3-րդ հոդվածի գ կետին:
Հոդված 4 – Հիմնարար իրավունքներ, հավասարություն և ոչ խտրական վերաբերմունք
1. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` յուրաքանչյուր անձի, հատկապես` կանանց, բռնությունից զերծ մասնավոր և հանրային կյանքով ապրելու իրավունքը ապահովելու և պաշտպանելու ուղղությամբ։ – Ի՞նչ է հասկացվում նախադասության հետևյալ մասով՝ օրենսդրական և այլ բոլոր միջոցները յուրաքանչյուր անձի, հատկապես կանանց համար մասնավոր և հանրային կյանքով ապրելու իրավունքը ապահովելու և պաշտպանելու համար: Արդյո՞ք «յուրաքանչյուր անձ» ասելով հասկացվում են նաև համասեռամոլները: Նրանց առնչությամբ էլ, իհարկե, պետք է ապահովվեն միջոցներ՝ բռնություններից զերծ ապրելու պետության մեջ։ Բայց եթե այս կետով նկատի են առնվում համասեռամոլները, ապա ինչո՞ւ պետք է նրանց համար առանձին օրենք սահմանվի, քանի որ բռնությունը ցանկացածի հանդեպ դատապարտելի է քրեական օրենսգրքով, և առանձին մի օրենքի սահմանումը համասեռամոլների պարագային ավելորդ կրկնաբանություն է ընդհանուր բռնության դեմ օրենքի նկատառումով, բացի դրանից դա նման երևույթի քարոզչություն կլինի: Եթե սույն փաստաթղթի հեղինակները իրոք այստեղ նկատի ունեն նաև համասեռամոլներին, ապա դա արդեն հակասում է նույն այս փաստաթղթի 3-րդ հոդվածի գ կետին, ըստ որի՝ պայման է, որ հստակորեն տվյալ հասարակությունը դիտի, տվյալ հասարակության համար ընկալելի և ընդունելի լինեն համապատասխան գործառույթները որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար: Եթե տվյալ հասարակությունն այն պատեհ չի համարում կանանց և տղամարդկանց համար, ապա օրենսդրական պարտադրանքները հակասում են, ինչպես նշվեց, սույն փաստաթղթի 3-րդ հոդվածի գ կետին, որով և սույն փաստաթղթի իրավասությունն ու իրագործումը հանձն առած կողմը, պետությունը երբեք չի կարող օրենսդրական և այլ կարգավորումներ անել՝ առանց հաշվի առնելու տվյալ հասարակության ավանդույթները, ընկալելի և ոչ ընդունելի երևույթները: Եթե մասնավոր կյանքում բռնությունից զերծ մնալու դրույթը լիովին ընդունելի է, ապա անհասկանալի է տվյալ հասարակության համար անընդունելի սեռական այլ կողմնորոշում ունեցող անձերի՝ հանրային կյանքով ապրելու համար օրենսդրական և այլ բնույթի բոլոր միջոցների կիրառման շեշտումը: Հակառակ դեպքում դա դառնում է բռնություն տվյալ հասարակության վրա, ներմուծվող և օտարածին գաղափարների բռնի գործադրում անընդունելի երևույթների գովազդով, քարոզչությամբ ու պարտադրանքով, ինչի արգելքն առկա է սույն փաստաթղթի 3-րդ հոդվածի համապատասխան կետում:
(Շարունակելի)
Հոդված 4, 2 – իրենց սահմանադրություններում կամ համապատասխան այլ օրենսդրական ակտերում մարմնավորելով կանանց և տղամարդկանց հավասարությանսկզբունքը և ապահովելով այդ սկզբունքի գործնական իրացումը; -թեև փաստաթղթում տրված են բռնության, պատկանելության տարատեսակների որոշ սահմանումներ, սահմանված չէ, թե ինչ է հասկացվում կանանց և տղամարդկանց հավասարություն անվան տակ: Ինչ, ինչպիսի և որ ոլորտներում հավասարության մասին է խոսքը: Հավասարության մասին արտահայտությունները խիստ վերացական են և անորոշ ու հեղհեղուկ: (Հայկական դպրոցներում 2008 թվականից ներմուծված «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակներում աղավաղված ուսուցումներ են երեխաներին սովորեցնում կանանց և տղամարդկանց հավասարության վերաբերյալ):
արգելելով խտրականությունը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում՝ պատժամիջոցների կիրառման սպառնալիքի տակ; – նշված չէ՝ ում հանդեպ խտրականությունը: Այստեղ կարող են ներմուծել նաև խտրականություն համասեռամոլների հանդեպ, ինչը նշանակում է նրանց քարոզչության, կրթական ոլորտներում աշխատանքի ընդունման և դրանով նրանց կենսակերպի ներդրման գործընթաց, որից ձեռնպահ մնալը կարող է որակվել որպես խտրականություն: Նկատի ունենալով սույն փաստաթղթի մեջ հաստատագրված՝ տվյալ հասարակության համար երևույթի ոչ ընդունելի լինելու մասին դրույթը, այս կետը Հայաստանի Հանրապետության համար չի կարող ներառել համասեռամոլների խտրականությանը վերաբերող հասկացություններ:
Հոդված 4, 3 – Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝ անկախսեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից: – եթե 3-րդ հոդվածի համաձայն սոցիալական դերերը, վարքագծի տիպերը, գործունեության տեսակները և հատկությունները տվյալ հասարակությունը չի դիտում որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար, ապա և հասարակության վրա ստիպողականություն է սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված պետականորեն և հանրայնորեն վերաբերմունքի փոխակերպման պարտադրանքները, ինչը նաև մարդու իրավունքների խախտում է այդ հասարակության մեջ ապրող մարդկանց համար:
Հոդված 6 – Մասնակից պետությունները գենդերային չափումը պետք է ձեռնամուխ լինեն ներառելու սույն Կոնվենցիայի դրույթների կատարման և ներգործության գնահատման ընթացքում և պետք է խթանեն և արդյունավետորեն իրականացնեն կանանց և տղամարդկանց միջև հավասարության ապահովմանն ու կանանց իրավազորմանն ուղղված քաղաքականություններ։ – Ո՞րն է գենդերային չափման սահմանումը: Այստեղ նորից վերացական կապակցությամբ անուղղակիորեն տվյալ հասարակության բարոյական ընկալմանը հակառակ հասկացությունների քողարկված ներդրման, մտածողության աստիճանաբար վերափոխման անընդունելի մոտեցում է:
Հոդված 11, 3 – Մասնակից պետությունները սույն Կոնվենցիայի 66-րդ հոդվածում նշված Անկախ փորձագիտական խմբին պետք է տրամադրեն սույն հոդվածի համաձայն հավաքված տեղեկատվությունը՝ միջազգային համագործակցությունը խթանելու ևմիջազգային ցուցիչների հիման վրա կատարողականի գնահատման հնարավորություն տալու նպատակով։ – Ներքին տվյալների արտահանումը ազգային անվտանգությանն առնչվող հարց է:
Հոդված 12 – Ընդհանուր բնույթի պարտավորություններ
1. Մասնակից պետությունները պետք էանհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։ – Ընտանիքի, կանանց և տղամարդկանց դերակատարության, դերաբաժանման վերաբերյալ տարբեր հասարակություններում տարբեր են ընկալումները, որոնք ընդունելի են, եթե չեն հակասում մարդու իրավունքներին, արժանապատվությանը, անձնական ու հանրային կյանքին: Ի՞նչ է այստեղ հասկացվում «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափար» արտահայտությամբ, որը այլ ավանդույթներով հանդերձ, այս հոդվածի համաձայն, պետք է արմատախիլ արվի: Ո՞վ է սահմանում, թե որոնք են տվյալ ժողովրդի, հասարակության մեջ արմատախիլ արվելու ենթակա սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր երևույթները: Ազգային ավանդույթների և ընկալումների համաձայն՝ կարծրատիպային դերաբաժանումները բոլորովին ընդունելի կարող են լինել մի ժողովրդի պատմական, ազգային, կրոնական համատեքստում: Հետևաբար, այստեղ պետք է ոչ թե կանանց ստորադասվածությանը համահավասար դնել դերաբաժանման գաղափարը, այլ շեշտադրել արժանապատվության, իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
Հոդված 14 – Կրթություն
1. Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության,կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի և վեճերը առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներումև հարմարեցված լինելով ուսումնառողների զարգացող ընդունակություններին։ -«Կարծրատիպերից զերծ գենդերային դերեր» անվան տակ կարող են ուսումնական հաստատություններում համասեռամոլության քարոզ տանել, ինչը ընդունելի չէ տվյալ հասարակության համար, որը ամրագրված է սույն փաստաթղթի 3-րդ հոդվածի գ կետով:
Հոդված 66, 4 – ԳՐԵՎԻՈ-ի անդամների ընտրության հիմքում պետք է դրվեն հետևյալ սկզբունքները՝ ա. նրանք պետք է ընտրվեն թափանցիկ ընթացակարգով՝ բարոյական բարձր հատկանիշներ ունեցող, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կամ տուժողներին աջակցություն – կրկին գործածված է «գենդերային հավասարություն» արտահայտությունը, որը այլ ենթադրությունների, շահարկումների կամայական մեկնաբանությունների և ուղղորդումների առարկա կարող է դառնալ՝ հասարակությանը պարտադրելու տվյալ ժողովրդի համար անընդունելի երևույթներ, վարքագիծ ու կենսակերպ: