Բ Կորնթացիներ 5.6‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.24‐30։
Բ Կորնթացիներ
6Արդ, ամէն ժամ քաջութիւն ունենք եւ գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մէջ, օտարանում ենք Տիրոջից 7(որովհետեւ հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած)։ 8Եւ վստահութիւն ունենք ու առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ։ 9Ուստի հոգ ենք տանում, որ, մնանք թէ դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան. 10քանզի մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրն ստանայ, ինչ որ արել է աւելի առաջ իր մարմնով՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար։ 11Իսկ արդ, գիտենալով Տիրոջ երկիւղի չափը՝ ջանում ենք համոզել մարդկանց. սակայն յայտնի ենք Աստծու առաջ. եւ ես յոյս ունեմ, որ ձեր խղճմտանքի առաջ էլ յայտնի կը լինենք։ 12Ոչ թէ մենք մեզ կրկին ենք յանձնարարում ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ՝ մեզնով պարծենալու համար, որպէսզի պատասխան ունենաք նրանց դէմ, որոնք աչքին երեւացածով են պարծենում եւ ոչ թէ սրտում եղածով. 13որովհետեւ, եթէ մենք ցնորուել ենք էլ, Աստծու համար է այն. եւ եթէ զգաստ ենք, ձեզ համար է այն. 14որովհետեւ Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին. 15եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար։ 16Այսուհետեւ մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. որովհետեւ, թէպէտեւ ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ այլեւս նոյն ձեւով չենք ճանաչում։ 17Իսկ եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետեւ հինն անցաւ, եւ հիմա ամէն ինչ նոր եղաւ։ 18Եւ ամէն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տուեց հաշտութեան պաշտօնը։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
24Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ։ 25Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը։ 26Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի։ 27Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»։ 28Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»։ 29Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»։ 30Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ։