Եսայի 13:1-11: Բ Կորնթացիներ 7.4-16: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.31-37:
ԵՍԱՅԻ
1 Ամոսի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին
2 «Լերան բարձունքին, սարահարթի վրայ դրօ՛շ կանգնեցրէք,
ձեր ձայնը բարձրացրէ՛ք նրանց վրայ,
մի՛ վախեցէք, ձեռքով նշա՛ն արէք,
դո՛ւրս եկէք, իշխաննե՛ր,
որ ես հրաման տամ:
3 Իմ նուիրեալներն են նրանք, որոնց ես եմ բերել.
ելել գալիս են հսկաները,
որպէսզի գոհացում տան իմ բարկութեանը.
միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում:
4 Լեռների վրայ բազում ցեղերի ձայնն է հնչում,
կարծես անհամար ժողովուրդներ լինեն.
միահամուռ հաւաքուած թագաւորների ու ցեղերի ձայնն է հնչում»:
Զօրութիւնների Տէրը հրաման է արձակել սպառազէն ազգերին,
5 որ գան հեռու երկրներից.
երկնային հաստատութեան ծայրերից հասել է Տէրն իր սպառազէններով՝
բնաջնջելու ամբողջ աշխարհը:
6 Ողբացէ՛ք, քանզի մօտ է Տիրոջ օրը,
եւ հասել է Աստծու պատուհասը:
7 Ահա թէ ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան,
ամէն մարդու սիրտը պիտի դողայ:
8 Պատգամախօսները տագնապի մէջ պիտի ընկնեն,
երկունքի ցաւը պիտի բռնի նրանց,
ինչպէս ծննդաբերող կանանց:
Տրտնջալով մէկը միւսին պիտի նայի,
պիտի զայրանան, եւ զայրոյթից պիտի կարմրեն իրենց դէմքերը,
9 քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝
լի անսահման բարկութեամբ,
ոխակալութեամբ ու զայրոյթով,
որպէսզի աշխարհն անապատ դարձնի
եւ մեղաւորներին վերացնի այնտեղից:
10 Արդարեւ, երկնքի աստղերը,
Հայկի համաստեղութեան եւ երկնային բոլոր լուսատուների հետ միասին,
լոյս չեն տալու,
արեգակն իր ծագման պահին պիտի խաւարի,
լուսինը նոյնպէս իր լոյսը չպիտի տայ»:
11 Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար
վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին,
պիտի կործանեմ անիրաւների հպարտութիւնը,
ամբարտաւանների մեծամտութիւնը պիտի խոնարհեցնեմ:
Բ Կորնթացիներ
4 Մեծ վստահութիւն ունեմ ձեր հանդէպ. մեծապէս հպարտ եմ ձեզնով. լի եմ մխիթարութեամբ. մեր բոլոր նեղութիւնների մէջ լցուած եմ ուրախութեամբ. 5 որովհետեւ, երբ մենք Մակեդոնիա հասանք, ոչ մի բանով հանգիստ չունեցանք, այլ ամէն կողմից նեղութիւն կրեցինք, քանի որ դրսից պայքարներ էին, իսկ ներսից՝ արհաւիրքներ: 6 Բայց Աստուած, որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով. 7 ոչ միայն նրա գալով, այլեւ այն մխիթարութեամբ, որով մխիթարուել էր նա ձեզ մօտ՝ պատմելով մեզ ձեր տենչանքը, ձեր լացուկոծը, ձեր նախանձախնդրութիւնը իմ հանդէպ, այնպէս որ ես է՛լ աւելի ուրախ եղայ: 8 Եւ եթէ ձեզ տխրեցրի էլ այդ թղթով, չեմ զղջում դրա համար, թէպէտեւ զղջացել էի. որովհետեւ տեսնում եմ, որ այդ թուղթը առժամանակ տխրեցրել է ձեզ: 9 Արդ, ուրախ եմ. ոչ որովհետեւ տրտմեցիք, այլ որովհետեւ ապաշխարութեան համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այնպէս որ մեզնից ոչ մի բանով վնաս չկրեցիք. 10 որովհետեւ տրտմութիւնը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմութիւնը մահ է առաջ բերում: 11 Արդ, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այդ բանը ի՜նչ փութկոտութիւն արթնացրեց մեր մէջ, կամ ի՜նչ արդարացում կամ սաստ կամ երկիւղ կամ տենչանք կամ նախանձախնդրութիւն կամ վրէժխընդրութիւն. արդարեւ ամէն ինչում դուք ձեզ ցոյց տուիք, թէ մաքուր էք այդ հարցում: 12 Ապա ուրեմն, եթէ ես ձեզ գրեցի էլ, չգրեցի զրկանք պատճառողի եւ ոչ էլ զրկանք կրողի համար, այլ որպէսզի յայտնի լինի Աստծու առաջ մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածութիւնը: 13 Ահա թէ ինչու մխիթարուած ենք: Մեր մխիթարութեան վրայ առաւել եւս ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար, քանզի նրա հոգին ձեզնից՝ բոլորիցդ հանգիստ էր գտել: 14 Եւ եթէ ձեզանով մի փոքր պարծեցայ նրա առաջ, չամաչեցի. այլ, ինչպէս ամէն ինչ ճշմարտութեամբ խօսեցինք ձեզ հետ, նոյնպէս եւ Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ: 15 Եւ նրա գորովանքը առաւել մեծ է ձեր հանդէպ, երբ յիշեցնում էր մեզ բոլորի հնազանդութիւնը, թէ ինչպէս երկիւղով եւ դողով էք ընդունել նրան: 16 Եւ արդ, ուրախ եմ, որ ամէն ինչում վստահութիւն ունեմ ձեր վրայ:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
31 Եւ դարձեալ դուրս ելնելով Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններից, եկաւ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս: 32 Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ: 33 Եւ Յիսուս նրան ամբոխից մի կողմ տանելով՝ իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց. ապա բռնեց նրա լեզուից. 34 դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր: 35 Եւ իսկոյն նրա լսողութիւնը բացուեց, եւ լեզուի կապանքներն ընկան, եւ խօսում էր ուղիղ: 36 Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում: 37 Եւ աւելի ու աւելի էին զարմանում եւ ասում. «Սա ամէն ինչ լաւ արեց, որովհետեւ խուլերին լսել է տալիս եւ համրերին՝ խօսել»: