Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։
Իմաստութիւն Սողոմոնի
19Ես մտավարժ մանուկ էի եւ բարի հոգու հանդիպեցի. 20մանաւանդ՝ խիստ ազնիւ էի, եւ մարմինս էլ՝ անարատ։ 21Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն։ Իմաստութիւնը նաեւ այն է, որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում։ Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան։
9 Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին. 2եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, 3սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհըեւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ 4Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնիցեւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ 5Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ եւ կարճատեւ կեանքի տէր,ես հասուն չեմ դատի ու օրէնքի իմացութեան մէջ։
Եսայի
42 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն։ Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի։ 2Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, 3անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու։ 4Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ։ 5Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ. 6«Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին, 7որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից։ 8Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»։
Բ Կորնթացիներ
3Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. 6քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ 7Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը.
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
2որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։