ԵՍԱՅԻ 14.3-17։ Բ Կորնթացիներ 10.18-11.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.1-12։
ԵՍԱՅԻ
3 Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր: 4 Ու այս ողբը պիտի յօրինես Բաբելոնի թագաւորի վրայ եւ ասես այն օրը.
«Ինչպէ՜ս այլեւս չկայ հարկապահանջը,
ինչպէ՜ս լռեց կողոպտիչը:
5 Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը,
6 զայրոյթով, սոսկալի հարուածներով ու անողոք բարկութեամբ ոչնչացրեց նրանց ցեղերին:
7 Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց
եւ կանչում է ցնծութեամբ:
8 Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար,
Լիբանանի մայրիներն ասում են.
“Այն օրից, երբ դու ընկար,
անտառահատները մեզ չեն դիպել”»:
9 Այդ բանը երբ պատահեց քեզ հետ,
դժոխքն ալեկոծուեց ներքեւում,
միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները,
որոնք երկրի իշխաններն էին եղել,
եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից:
10 Ամէնքը դիմեցին քեզ՝ ասելով.
“Դու էլ մեզ նման բռնուեցիր եւ դարձար մեզ պէս”:
11 Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան.
ցեցը պիտի տարածուի քո տակ,
իսկ վրադ որդը պիտի պատի:
12 Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը,
որ ծագում էր առաւօտեան.
նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին,
ընկաւ գետին ու խորտակուեց:
13 Մտքիդ մէջ ասում էիր.
“Երկինք կը բարձրանամ,
իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր.
կը նստեմ բարձր լերան վրայ,
հիւսիսի բարձր լեռների վրայ.
14 կը բարձրանամ ամպերից էլ վեր,
կը նմանուեմ Բարձրեալին”:
15 Բայց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը:
16 Ովքեր տեսնեն քեզ,
պիտի զարմանան քեզ վրայ եւ ասեն.
“Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը,
ցնցում թագաւորներին,
17 աւերակ էր դարձնում աշխարհներ,
քանդում նրանց քաղաքները,
գերիներին չէր թողնում վերադառնալ”:
Բ Կորնթացիներ
18քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում։
11 Լաւ կը լինէր, եթէ մի փոքր հանդուրժէիք իմ անմտութիւնը. եւ անշուշտ կը հանդուրժէք. 2ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծու նախանձախնդրութեամբ. որովհետեւ ձեզ նշանեցի մի մարդու՝ որպէս մի անբիծ կոյս Քրիստոսին ներկայացնելու համար։ 3Բայց երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից. 4որովհետեւ, եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի անսայիք նրան։ 5Բայց ես այնպէս եմ կարծում, թէ ոչ մի բանով պակաս չեմ գերընտիր առաքեալներից։ 6Թէպէտեւ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ոչ՝ գիտութեամբ. սակայն ամէն ինչում մեր գիտութիւնը ամբողջովին ցոյց տուինք ձեզ։ 7Եւ մի մե՞ղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, քանի որ Աստծու Աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։ 8Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի՝ թոշակ առնելով, որպէսզի ձե՛զ ծառայեմ։ 9Եւ երբ եկայ ձեզ մօտ, թէպէտեւ կարիքի մէջ էի, ձեզնից ոչ ոքի բեռ չեղայ. քանի որ իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եւ ամէն կերպ, առանց ձեզ բեռ լինելու, ինքս ինձ պահեցի եւ պիտի պահեմ, 10որովհետեւ իմ մէջ կայ Քրիստոսի ճշմարտութիւնը։ Այս պարծանքը չի վերանայ ինձնից Աքայիայի կողմերում էլ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
10 Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց։ 2Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»։ 3Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»։ 4Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»։ 5Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառով գրեց այդ պատուիրանը, 6մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»։ 7Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից։ 8Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին։ 9Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 10Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան։ 11Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի։ 12Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»։