Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։
Զաքարիա
5Պիտի լցուի իմ լեռների ձորը,եւ լեռների այդ ձորը պիտի տարածուի մինչեւ Ասայէլ ու կցուի նրան,պիտի լցուի այնպէս, ինչպէս լցուեց երկրաշարժից՝ Յուդայի երկրի արքայ Օզիայի օրերին։Այն ժամանակ պիտի գայ ու հասնի իմ Տէր Աստուածը,եւ բոլոր սրբերը պիտի լինեն նրա հետ։ 6Այն օրը լոյս չի լինելու,այլ լինելու է ցուրտ ու պարզ օր։ 7Դա պիտի լինի միայն Տիրոջը յայտնի օր. ո՛չ ցերեկ պիտի լինի եւ ո՛չ էլ գիշեր,այլ լոյս պիտի լինի միայն երեկոյեան։ 8Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում,նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը,նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը, եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն։ 9Տէրը թագաւոր պիտի լինի ամբողջ երկրի վրայ. այն օրը Տէրը միա՛կը պիտի լինի,եւ նրա անունը պիտի լինի միա՛կը։ 10Ամբողջ երկիրը անապատից պիտի վերածուի դաշտի՝Գաբայից մինչեւ Ռեմոն՝ Երուսաղէմի հարաւային կողմը,Հռամը պիտի մնայ իր տեղը՝ Բենիամինի դռնից մինչեւ Առաջին դուռը,մինչեւ Անկիւնների դուռը,Անամայէլի աշտարակից մինչեւ Թագաւորի հնձանները։ 11Նրա մէջ պիտի բնակուեն մարդիկ,այլեւս նզովք չի լինելու,եւ Երուսաղէմը պիտի դառնայ յուսալի։
Փիլիպեցիներ
5Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, 6որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ։ 9Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, 10որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. 11եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
16Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»։ 17Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի։ 18Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան։ Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, 19որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին։ 20Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»։ 21Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն)։ 22Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»։