Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։
Բ Կորնթացիներ
7Իւրաքանչիւրին դիտեցէ՛ք ըստ արտաքին տեսքի. եթէ մէկն իր մէջ վստահ է, թէ ինքը Քրիստոսինն է, այս բանն էլ թող խորհի իր մտքում, թէ, ինչպէս ինքը Քրիստոսինն է, նոյնպէս եւ՝ մենք. 8որովհետեւ, եթէ նոյնիսկ աւելի պարծենամ մեր այն իշխանութեան համար, որը տուեց մեզ Տէրը ձեր շինութեան եւ ոչ թէ ձեզ կործանելու համար, ոչնչով չեմ ամաչելու, 9որպէսզի ձեր մէջ թղթերով ահ գցող մէկը չթուամ։ 10Ասում են՝ այս թղթերը ծանր են ու խիստ, իսկ նրա մարմնի տեսքը տկար է, եւ խօսքը՝ արհամարհելի։ 11Այդ ասողը թող իմանայ, թէ, ինչպիսին որ ենք հեռուից այդ թղթերի խօսքերով, նոյնպիսին կը լինենք նաեւ մօտիկից՝ գործերով. 12արդարեւ, չենք համարձակւում մենք մեզ համեմատել եւ հաւասարեցնել ոմանց, որոնք գովաբանում են իրենք իրենց, բայց չեն հասկանում, որ իրենցով են չափում իրենք իրենց եւ իրենցով են համեմատում իրենց։ 13Իսկ մենք պարծենում ենք ոչ թէ չափից դուրս, այլ՝ ըստ չափի այն կանոնի, որը Աստուած մեզ բաժանեց, որպէսզի հասնենք մինչեւ ձեզ։ 14Եւ մենք առաջ չենք գցում մեզ, որպէս թէ ձեզ մօտ հասած չլինէինք, քանզի Քրիստոսի Աւետարանով մենք առաջինը հասանք ձեզ մօտ։ 15Եւ սահմանուած չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ յոյս ունենք, որ ձեր հաւատի աճումով, ըստ մեր գործի չափի, առաւել կը մեծանանք ձեզնով՝ 16ձեզնից այն կողմ էլ աւետարանելու համար՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով. 17բայց ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենայ.
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
37 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: 38 Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39 քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: 40 Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
41 «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: 42 Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: 44 Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: 46 Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 47 ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, 48 որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի: 49 Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»: