Ովսեի խոսքերով, որ ասում է. «Ես տեսիլքներում կայցելեմ, եւ երազների միջոցով կխոսեմ ձեզ հետ»։ Աստված բնությամբ բարի է, եւ իր բարերարությամբ խնամում է արարածներին, եւ կամենում է, որ բոլոր մարդիկ գան դեպի ճշմարիտ գիտությանը։ Որի համար իբրեւ ճրագ մեզ տվեց օրենքներն ու պատվիրանները, որպեսզի դրանց լույսով ընթանանք դեպի Աստծո ճշմարիտ գիտությանը։ Եվ եթե երբեւէ սխալվենք արդարության ճանապարհից, Աստված իր բարերար կամքով խրատում եւ արդարության ճանապարհի վրա է դնում։ Եվ սա ձեռքի հինգ մատների գործողությամբ է խնամում։
Նախ, որ մեզ տվեց բանական միտք, որով կարողանում ենք բարին չարից տարբերել, հեռու ենք մնում չարից եւ ընթանում ենք բարու հետեւից, ինչպես մարգարեն է ասում. «Հեռացիր չարից եւ բարիք գործիր, փնտրիր խաղաղությունը եւ գնա նրա հետեւից», որով շատերն են խորհում, տեսնում եւ խորհելով գուշակում են ապագան իրերի փորձից, եւ հեռանում չարից։
Եվ եթե սրանից մոլորվում ենք, այնժամ երկրորդով տեսիլքների եւ երազների միջոցով, խնամում եւ հետ է պահում չարից։
Երրորդ՝ մարմնի շարժումների միջոցով էլ է ցույց տալիս ապագան, ինչպես, երբ անդամներից մեկը շարժվում է, օրինակ՝ աչքը, մեջքը կամ էլ այլ անդամներից մեկը, փորձից ելնելով գուշակում են, թե ինչ է լինելու։
Չորրորդ՝ նաեւ կենդանիների միջոցով, ինչպես ագռավները, անգեղները կամ այլ կենդանիներ, որոնք ծառայում են մարդկանց եւ կոչ են անում զգուշանալ առաջիկա վտանգներից։
Հինգերորդ՝ նշան է լինում երկնքի տարերքներից եւ լուսատուներից, ինչպես նրանց խավարումը, գիսավոր աստղի երեւալը, ամպերի շարժումները, որոտումները եւ այլ բաներ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Նշանների եւ ժամանակի մեջ դրեց նրանց», որպեսզի նրանցով բոլոր տեղերը տեսնելով՝ պատրաստվենք հանդերձյալի համար։ Եվ ինչին որ սովոր է յուրաքանչյուր ոք, նրանով ներգործում եւ նախապատրաստում է նրան։ Զորօրինակ եգիպտացիները, որոնք երազահաններ եւ հմայողներ էին, Աստված կամեցավ նրանց երազների միջոցով ուղղության բերել։ Ինչպես գրված է Սուրբ Գրքում. «Փարավոնը երազ տեսավ, որ գետից ելնում էին յոթ գեր եւ յոթ նիհար երինջներ, նույնպես եւ յոթ ատոք հասկեր եւ յոթ ազազուն հասկեր։ Նիհար երինջները կլանում էին գերերին եւ վտիտ հասկերը՝ պարարտ հասկերին»։ Փարավոնը կանչում է բոլոր եգիպտացիների իմաստուններին, նրանք չէին կարողանում մեկնել երազը։ Եվ երբ եկավ Հովսեփը, մեկնեց երազը։ Ասում է յոթ երինջները եւ յոթ հասկերը այն են նշանակում, որ յոթ բերքառատ տարիներ են լինելու, իսկ այդ յոթ տարիներից հետո յոթ սով տարիներ են լինելու, որ նշանակում էին յոթ նիհար եւ վտիտ երինջները։
Արդ, նախ հայտնի է, թե քանիսն են երազների եղանակները։ Վարդապետներն ասում են, թե չորս տեսակի են երազները.
Առաջին՝ բնական.
Երկրորդ՝ փոփոխական.
Երրորդ՝ դիվական.
Չորրորդ՝ ուսուցանող տեսիլքներ։
Բնականն այն է, որ անկարգ ցանկություններ են առաջանում, քանզի երբ մարդը ննջում է, զգայականը խափանվում է եւ իմացականը անգործ է մնում, այն ժամանակ տնկականն է առաջ գալիս եւ վերականգնվում հիշողության մեջ՝ կամ անցած գործերն է հիշում, կամ այն որ պետք է գործվեն, որոնք ստվերի մեջ են երեւում նրանց։ Սա բնականն է։
Իսկ փոփոխականն այն է, որ տարերքներից է լինում՝ արտաքին եւ ներքին կերակուրներից կամ էլ հիվանդություններից։ Եթե հուրն է ավելանում՝ նույնն է տեսնում, եթե ջուրը, եթե օդը եւ եթե հողը, ապա անուրջներում է երեւակայում։
Իսկ դիվականն այն է, որ դեւերն իրենց սրամտությամբ մարդկանց ցույց են տալիս ապագան՝ չար կամ բարի, եւ այդպես խաբում են մարդկանց։ Իսկ չորրորդը, որ է տեսիլք եւ Աստվածային հայտնություն՝ կամենում է մեզ չարից հեռացնել դեպի բարին, որն էլ մարդ տեսնում է տեսիլքի միջոցով, ինչպես ասում են. «Ես տեսիլքներում կհաճախեմ եւ երազներում կխոսեմ ձեզ հետ»։
Մեկ այլ խնդիր էլ կա, թե ինչո՞ւ են անարժանները աստվածային տեսիլքներ տեսնում, ինչպես փարավոնը, Նաբուգոդոնոսորը եւ ուրիշներ։ Ասենք, որ անարժանները արժանավորների համար տեսիլք տեսան, ինչպես փարավոնը արժանավոր Հովսեփի համար, որպեսզի նա հայտնի լինի եւ մեծարվի։ Նույնպես էլ Նաբուգոդոնոսորը ՝ Դանիելի համար, որը մեկնելով երազը՝ հայտնի եղավ, որ «Աստծո Հոգի կա նրա մեջ»։ Նույնպես եւ Բաղաամ մոգը տեսավ հրեշտակին, եւ էշը, որ խոսեց Իսրայելի մասին, օրհնեց եւ չէր համարձակվում անիծել Աստծո ժողովրդին։ Այսպես էլ Կայիափան մարգարեացավ Քրիստոսի մասին, որ մարդկային ցեղի Փրկիչն էր՝ ասելով. «Լավ է Նրան մեռնել, քան թե ամբողջ ազգը կորչի»։
Երրորդ խնդիրն էլ այն է, թե օգուտն ինչ է երազով կամ մարգարեությամբ նախագետ լինել եւ ապագան գուշակել։ Ասում ենք, որ այստեղ երեք գլխավոր օգտակար բաներ կան։ Նախ, երբ բարին է գուշակում, դառնում ենք առաջիկա բարուն, որպեսզի չզրկվենք նրանից։ Երկրորդ, երբ չարն է գուշակում, զգուշանում ենք, որպեսզի չընկնենք չարի մեջ։ Եվ երրորդ, եթե ներկայում չարի մեջ ենք գտնվում, դառնանք եւ ապաշխարենք մեր մեղքերը։ Որի համար էլ մարգարեության եւ երազների միջոցով գուշակում են ապագան։ Իսկ փարավոնի երազը, որ մեկնեց Հովսեփը, ասում է. «Յոթ տարի լիություն եւ յոթ տարի սով է լինելու։ Աստվաձ քեզ ցույց տվեց այդ երազը, որպեսզի լիության յոթ տարիների ընթացքում հավաքես ցորեն, որ երկիրը չմեռնի»։ Եվ փարավոնը Հովսեփին ամբողջ երկրի վրա իշխան կարգեց, իր մատանին տվեց նրա ձեռքը, բեհեզյա պատմուճան տվեց նրան, իսկ պարանոցից էլ ոսկի մանյակ գցեց ու կառքերի վրա բարձրացրեց։ Եվ նա՝ Հովսեփը, երկրի հինգերորդ մաս ցորենը հավաքեց այնքան, որ ամբարներին թիվ չկար։
Արդ՝ մատանին ցույց է տալիս անմահ թագավորի պատկերը, որ անարատ էր նրա մեջ։ Բեհեզը հոգու անմեղության պատմուճանն էր, մանյակը՝ ամբողջ եւ անապական հավատքը։ Իսկ կառքը՝ ինչպես Եղիան, որ հրեղեն կառքերով սլանում էր առ Աստված։ Սա նշանակում է, թե ովքեր Հովսեփի նման լինեն սուրբ եւ անարատ մեղքերից, նրանք նույնպես երկնավոր թագավորի սիրելիները կլինեն, երկրի վրա՝ իշխան եւ հրամայող, եւ նրանք կազատվեն Աստծո վերահաս պատուհասից եւ շատերի համար փրկության պատճառ կդառնան։ Արդ՝ յոթը թիվը սուրբ է եւ ճշմարիտ Աստծո տոնը, քանզի Աստված սրբեց յոթերորդ օրը եւ յոթերորդ օրը Աստծո տոնն է, ինչպես շաբաթվա մեջ կիրակին։ Նաեւ Սուրբ Հոգու զորությունները յոթն են, որով Աստված խնամում է եւ բարին գործում մարդկանց մեջ։ Իսկ եթե մարդիկ արժանի չլինեն Աստծո բարությանը, այնժամ նույն թվով յոթնյակ զորությամբ, պատուհասում է նրանց որի համար ասում է, թե յոթ լիության եւ յոթ սովի տարիներ են լինելու։ Դա սովորություն է, երբ Աստված պատժում է մեղքերի համար, նախ՝ երկար ժամանակ խաղաղության միջոց է տալիս, ինչպես Նոյի օրերում հարյուր տարի, եւ ապա՝ պատուհասում է ինչպես ջրհեղեղը, եւ ինչպես Եգիպտոսում էր յոթ տարիներ լիություն եղավ եւ ապա յոթ տարիներ՝ սով։ Կամ որպեսզի այդ երկար ժամանակամիջոցին զղջան եւ ետ դառնան մեղքերից, որպեսզի հանկարծակիի գալով պատուհասից չկորչեն, կամ էլ գիտակցեն, որ խաղաղությունից հետո խռովություն է լինելու, իսկ լիությունից հետո՝ սով, որպեսզի իրենք իրենց պատրաստեն, որպեսզի չկորչեն։
Ի՞նչ է սովը. սովը բազմաեղանակ է։
Նախ՝ սովը կերակուրի պակասություն է, երբ մեղքի պատճառով երկինքը լինում է պղնձե, իսկ երկիրը՝ երկաթե, ինչպես մարգարեի բերանով ասում է Աստված. «Որ երկինքը անձրեւ չցողի եւ երկիրը պտուղ չտա», նույնպես դալարները չորանան, ամբողջ հունդերը եւ արմատները, որոնք հացի տեղ են լցնում, կչորանան, ձկները կնվազեն եւ անասունները կմեռնեն, որպեսզի չկթեն, ինչպ ես ասում է. «Քանանում մեծ նեղություն էր»։ Եվ սա լինում է այն պատճառով որ կերակուրի եւ ըմպելիքի առատությունը մեղքերի պատճառ են լինում, ինչպես ասում է. «Այս է անօրենությունը քո քույրերի Սոդոմ՝ կերակուրի հղփությունը եւ գինու լիությունը», որով այնպիսի գործեր էին գործում, որի համար Աստված կտրում է մեղքի պատճառը եւ սով տալիս։ Դարձյալ մտքի սով է, երբ մարդկանց մտքից վերանում է Աստծո իմաստությունը, ինչպես ասում է մարգարեն. «Ձեզ կտա ոչ թե հացի կամ ջրի սով, այլ Աստծո խոսքը լսելու»։ Ինչպես որ կերակուրով է ապրում մարմինը, այնպես էլ Աստծո խոսքը կենդանություն է տալիս հոգուն, ըստ այնմ. «Ոչ միայն հացով կապրի մարդ, այլեւ Աստծո ամեն մի խոսքով»։ Այս սովը այն ժամանակ է պատճառում Աստված, երբ մարդիկ անարժան են լինում Աստծո խոսքը լսելու, ինչպես ասում է. «Հրաման կտամ իմ ամպերին, որպեսզի անձրեւ չտեղան իմ այգում»։
Ամպը մարգարեն է, վարդապետը, խրատողը։ Երբ մարդիկ մեղքի մեջ են գտնվում եւ պատուհասի արժանի, արգելված կլինեն խրատատուներից, «որպեսզի ականջներով չլսեն,- ասում է,¬ սրտով հասկանան, դառնան առ Աստված եւ զղջան, այնժամ նրանց կբժշկեմ։ Դարձյալ սով է գործերի, երբ մարդկանցից նվազում է գործն ու սրբությունը, այն ժամանակ մեղքն ու անօրենությունն են պատում մեզ, եւ կլինենք սովյալ ու բարի գործերի կարոտ։
Ինչպես առակում է խրատում անառակին՝ ասելով. «Սաստիկ սով եղավ այն աշխարհում եւ չքավորություն բարի գործերի, եւ մի մարդ վեր կացավ ու արածում էր մեղքի ցանկությունը խոզերի հետ եւ չէր հագենում նրանց կերակուրից»։ Քանզի այս սովի համար է աղոթում Դավիթ մարգարեն. «Փրկիր ինձ, որովհետեւ նվազեց սրբությունը, եւ պակասեցին ճշմարտությունները մարդկանց որդիներից», երբ նվազում է ճշմարտությունն ու սրբությունը, որը խոսքերի եւ գործերի նվազելն է, այնժամ ստությամբ եւ աղտեղի գործերով կորչում է մարդը։ Ստախոս մարդը երկակի վտանգ ունի, մեկը, որ սատանայի որդի է դառնում, քանզի ստախոսը սատանան է, իսկ մյուսը, ինչ որ խոսում է, չեն հավատում։
Ինչպես առակում է ասում, թե ինչ է ստախոսի շահը, երբ նրա ճիշտ խոսքերին չեն հավատում։
Նույնպես եւ նրա հակառակը, որ Աստծո նման է ճշմարտախոսը, առաջին, որ Աստված ճշմարիտ է եւ ճշմարտախոսը Աստծո նման է լինում, եւ երկրորդ, երբ լսողները հավատում են ճշմարտախոսի խոսքերին, նրա բոլոր ասածներն ու խոսածները ընդուն ելի են լինում, որի համար Տերը հրամայում է. «Ձեր այոն լինի այո եւ ոչը՝ ոչ, քանզի դրանից ավելին չարից է»։
Դարձյալ հավատի սով է լինում, երբ մարդիկ հեռանում են ճշմարիտ հավատից եւ դառնում են ուրացող, հերձվածող կամ հայհոյող, երբ յուրաքանչյուր ոք ընթանում է իր կամքով եւ ընտրությամբ եւ հետեւում է թյուր առաջնորդների, որոնք ըստ իրենց կամքի են քարոզում, ինչպես առաքյալն է ասում. «Յուրաքանչյոււրն ըստ իր ցանկությունների ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը` իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով, եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների ետեւից»։
Եվ ճշմարիտ վարդապետներից շրջում են իրենց երեսները, քանզի իմաստունների խրատները ամբարիշտները արհամարհում եւ անարգում են, իսկ հնարովի առասպելների մեջ` քաղցրանում. «որոնք քաղցր խոսքերով եւ օրհնությամբ խաբում են մարդկանց»։
Եվ Տերը զգուշացնում է. «Կգան ձեզ մոտ ոչխարների զգեստն երով», քանզի նրանք ունեն երկտակ հանդերձ, այսինքն` գառան` վրայից, եւ գայլի` ներսից։ Քանզի հերրձվածողը երեք զգեստներով է խաբում մարդուն եւ գայլի պես պատառոտում. նախ` քահանայական զգեստներով, որ կրում է իբրեւ հոգեւորական, երկրորդ` խոսքի քարոզությամբ, որ հանապազ ուսուցանում է, եւ երրորդ` հայտնապես ուսուցանում է օրենքներն ու հավատը, սակայն ծածուկ` անօրենություն ու թերություն է խառնում, ինչը չեն կարող տեսնել պարզամիտները եւ մոլորվում են։ Իսկ ի՞նչ է ասում Տերը. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց», այսինքն` իրենց գործերից կճանաչեք նրանց. եւ մի խաբվեք նրանց խոսքերից, ինչպես որ Տերն է ասում. «Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում ու դնում մարդկանց ուսերի վրա, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք. դուք մի՛ հետեւեք նրանց, քանի որ ասում են, բայց չեն անում»։
Երբ մարդկանց մեջ պակասի հավատը, նշանակում է` աշխարհի վերջն է, ինչպես Տերն է ասում. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։ Նաեւ սերը պիտի նվազի` ըստ Տիրոջ խոսքի. «Անօրենության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի», ինչպես որ հիմա ենք տեսնում` բոլոր մարդկանց մեջ պակասել է հավատը, նվազել է հույսն առ Աստված, եւ ցամաքել է սերը` Աստծո եւ ընկերոջ հանդեպ։ Սա կոչվում է սով` հավատի, հույսի եւ սիրո։ Դարձյալ. իմանալի սով է հետմահու նաեւ հանդերձյալ կյանքը, իսկ ա՛յս կյանքը` լիություն եւ ամեն ինչի առատություն. իսկ այն` սով եւ գործերի դատարկություն, քանզի չեն կարող ո՛չ սերմանել, ո՛չ հնձել, ո՛չ ժողովել, ինչպես սովի ժամանակ։ Եվ ինչպես սովը լիությունն է ոչնչացնում, բայց չի երեւում, նույնպես եւ այն կյանքը այս կյանքին է վերջ դնում, բայց չի երեւում` ո՛չ գույք, ո՛չ շինություններ, ո՛չ գեղեցկություն եւ ո՛չ էլ մի այլ բան, որ կա այս կյանքում, քանզի ամեն ինչ խափանվում է։ Զգայարանները, գործել անկարող են այլեւս. ո՛չ աչքն է տեսնում, ո՛չ ականջն է լսում, ո՛չ բերանն է խոսում, ո՛չ ձեռքն է գործում, ո՛չ ոտքն է գնում, քանզի կյանքն այն իբրեւ գիշեր է, իսկ այս` ցերեկ. քանզի մարդը ցերեկն է գործում, իսկ գիշերը` անգործ մնում։ Այդ է ուսուցանում Տերը` ասելով. «Գործեցեք, քանի դեռ ցերեկ է, կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել»։
Դարձյալ. որպես ամառ եւ ձմեռ են այս եւ հանդերձյալ կյանքը. այս կյանքն ամառն է` սերմանում են, հնձում, ժողովում, իսկ ա՛յն կյանքը` ձմեռը, քանզի խափանվում են գործերը, եւ մարդիկ վայելում են միայն` ինչ-որ ձեռք են բերել, իսկ ովքեր չունեն, սովից կորչում են։ Ինչ որ մարդս սերմանում է, նույնը եւ կհնձի` լինի ցոր են, թե գարի եւ թե փուշ. նույնպես եւ, ով ցորեն է սերմանում հոգու մեջ, այսինքն` բարի գործեր, որ հաճելի են Աստծուն, հոգուց անապական կյանք կհնձի, քանզի հոգին անմահ է, եւ նրա սերմերն են անմահ։ Եվ ով մարմնի մեջ սերմանում է գարի, որ անասունի կեր է, այսինքն` մեղքեր, որոնցով հեշտանում է անասնական մարմինը, եւ որոնք փշի պես խոցոտում են հոգին, նա մարմնից կհնձի ապականություն ու տանջանքներ, քանզի մարմինն ապականացու է, ապականացու են եւ նրա բույսերը (փայտը, եղեգը, խոտը հավիտենական հրի վառելանյութերն են)։
Եվ ինչպես որ հագեցման լիությունը կարճ` մեկ ժամ է տեւում, երբ մարդ ուտում է, իսկ սովն ու քաղցը` երկար ժամեր` մինչեւ մյուս ուտելը, նույնպես եւ կարճատեւ ու անցողիկ է այս լիառատ կյանքը, իսկ հանդերձյալը, որ սովն է, երկարաձիգ է եւ հավիտենական, անեզր եւ անվախճան, ինչպես առաքյալն է ասում. «Տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները` հավիտենական»։
Ուրեմն ի՞նչ է մեզ մնում անել. այն, ինչ իմաստուն Հովսեփն արեց. նա հավաքեց Եգիպտացիների երկրի առատության յոթը տարիների ողջ բերքն ու ցորենը ու ամբարեց Փարավոնի տան մեջ։ Նույնպես եւ մենք պետք է իմաստությամբ մարմնի չորս տարրերին բաժին տանք, իսկ հինգերորդ մասը, որ հոգեւորն է, հոգո՛ւն բաժին տանք, եւ գանձեր դիզենք երկնքի Արքայի տան մեջ, «ուր ո՛չ ցեցն է ուտում, եւ ո՛չ էլ գողն է գողանում»։
Բայց ինչպե՞ս. թե՛ հոգեւոր շնորհներդ, այսինքն` ցորենը, թե՛ մարմնավոր ունեցվածքդ, որ արծաթն ու ոսկին է, թե՛ անասուններդ, այսինքն` հինգ զգայարաններդ անասնական, եւ թե՛ հողն ու հայրենիքը մարմնիդ, եւ թե՛ ինքդ քեզ` հոգիդ, ծառա տուր Աստծուն եւ քո բոլոր բարիքներն ամբարիր Երկնավոր Արքայի գանձարանում, որ երկնքում է։ Իսկ ո՞րն է երկինքը. հոգիդ է երկինքը եւ երկնայինը երկրի, այսինքն` մարմնիդ վրա. հոգո՛ւդ մեջ ամբարիր ամենը։
Եվ դարձյալ. Սուրբ եկեղեցո՛ւմ ամբարիր գանձերդ. ա՛յս է երկինքը երկրի վրա, ուր աղքատներն ու կատարյալներն են. բավարարի նրանց կարիքները։ Եթե հոգեւորի կարիք ունեն, այսինքն` խոսքի ու խրատի, ուսուցանի՛ր նրանց, իսկ եթե մարմնավորի` հագուստի, կերակրի կամ հանգստի, տո՛ւր նրանց անհրաժեշտը եւ հագեցրո՛ւ նրանց քաղցն ու ծարավը, քանզի նրանք Քրիստոսի անդամներն են. եւ ինչ որ անդամներին անես, Գլխին արած կլինես։ Եվ եթե մեկին միայն մի բաժակ ջուր տաս, վարձդ չպիտի կորչի. որքա՜ն առավել վարձ եւ մեծամեծ պարգեւներ պիտի ստանաս, եթե առատորեն բաշխես: Սողոմոնն ասում է. «Հացդ ջրին տուր` թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն»։ Եվ եթե հացը ջրի մեջ չի կորչում, քանզի ձկներն են այն որսում, որ Աստծո արարածներն են, եւ Տերը հատուցում է դրա համար, որչա՜փ առավել կհատուցի, եթե աղքատներին տաս, քանզի աղքատը Քրիստոսի պատկերն է, եւ Քրիստոս աղքատի՛ տեսքով է գալիս քո դուռը, եւ աղքատի ձեռքով Ինքը` Քրիստոսն է քո ձեռքից ողորմություն առնում ու Ինքն էլ փոխարենը հատուցում. «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան»։ Եվ Ինքը Տերն ասում է. «Քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ` Ինձ համար արեցիք։ Եկեք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցեք աշխ արհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»։
Եվ ամենայն սրբոց բարեխոսությամբ` թող Քրիստոսը ընդունի ձեր հոգիների ողորմությունն ու նվերները` ըստ Իր հաճության, եւ մեկի փոխարեն հազարապատիկը ձեզ հատուցի այստեղ, իսկ այնտեղ` հավիտենական կյանքին արժանացնի` Իր Հոր եւ Սուրբ Հոգու փառքի համար հավիտյանս հավիտենից. ամեն։
Տեսիլքներ եւ մարգարեություններ Հայոց մասին. Եր. 2009 թ.