ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։
ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ
11Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները»։ 12«Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կը կատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին։ 13Նա կը սիրի, կ՚օրհնի ու կը բազմացնի քեզ։ Նա կ՚օրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին։ 14Օրհնեալ կը լինես դու, քան բոլոր ազգերը։ Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի։ 15Տէրը քեզանից կը վերացնի բոլոր հիւանդութիւնները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը քեզ վրայ չի բերի, այլ դրանք կը տայ քո թշնամիներին եւ բոլոր քեզ ատողներին։ 16Դու կը սպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են»։ 17«Եթէ քո մտքում ասես, թէ՝ «Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց», 18ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին. 19ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր բազկով։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը քեզ դուրս բերեց այնտեղից, նոյնը կ՚անի քո Տէր Աստուածը այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։ 20Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կ՚ուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են քեզանից։ 21Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է։ 22Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կը վերացնի սակաւ առ սակաւ։ Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը։ 23Քո Տէր Աստուածը նրանց կը յանձնի քո ձեռքը եւ նրանց կը կոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի նրանց։ 24Նա նրանց թագաւորներին կը յանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կը ջնջես երկրի երեսից։ Ոչ ոք չի կանգնի քո դէմ, մինչեւ որ բնաջնջես նրանց։ 25Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է։ 26Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է»։
8 «Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին։
Յոբ
9 Յոբը խօսեց ու ասաց. 2«Ճշմարտապէս գիտեմ, որ այդ այդպէս կը լինի. ինչպէ՞ս կարող է մարդ արդար լինել Աստծու առաջ։ 3Եթէ Աստուած ուզի դատ տեսնել իր հետ՝ նրան չի լսելու, որովհետեւ հազար խօսքին մի խօսքով իսկ պատասխան չի տալու։ 4Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել։ 5Չեն իմանում, թէ Նա, որ մաշեցնում է լեռները, բարկութեամբ կը տապալի էլ դրանք։ 6Նա է, որ երկնքի ներքոյ շարժում է գետինը հիմքերից, եւ նրա սիւները դողում են։ 7Նա է, որ հրամայում է արեգակին, ու սա չի ծագում, փակում է աստղերի դէմը։ 8Նա է, որ մենակը տարածել է երկինքը եւ ծովի վրայ այնպէս է շրջում, ինչպէս ցամաքի վրայ։ 9Նա է, որ ստեղծել է Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու Մազարոթը։ 10Նա է, որ արարում է մեծամեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաները, որոնց թիւ ու համար չկայ։ 11Եթէ ինձանից վեր բարձրանայ՝ չեմ տեսնի, իսկ եթէ կողքովս անցնի՝ այդպէս էլ չեմ իմանայ։ 12Եթէ ոչնչացնի՝ ո՞վ յետ կը պահի նրան, կամ ո՞վ նրան կ՚ասի՝ ի՞նչ արեցիր։ 13Ետ դարձաւ նա բարկութիւնից, եւ նրանից սարսեցին կէտերը, որ երկնքի ներքոյ են։ 14Երանի՜ թէ լսի ինձ եւ իրաւացի համարի իմ խօսքերը։ 15Եթէ արդար լինեմ, ու ինձ չլսի՝ նրա դատաստանն եմ աղերսելու։ 16Իսկ եթէ աղաղակեմ իրեն, ու լսի՝ հաւատալս էլ չի գալու, որ հէնց լսել է ինձ։ 17Փոթորիկով չի ոչնչացնելու ինձ։ Բազում են հարուածները, որ ինձ զուր տեղը հասցրել է. ինձ հանգիստ էլ չի տալիս։ 18Դառնութեամբ է լցրել ինձ. 19քանի որ հզօր է՝ բռնանում է։ Եւ հիմա այն ո՞վ է, որ նրա դատաստանին հակառակ կը կանգնի։ 20Եթէ արդար լինեմ, բերանս ինձ ամբարիշտ կը դարձնի, անարատ լինեմ՝ կամակոր կը դառնամ։ 21Իսկ եթէ հոգով մեղանչել եմ՝ չգիտեմ. գիտեմ միայն, որ կեանքս խլում են ինձանից։ 22Դրա համար եմ ասել. « Բարկութիւնը կործանում է մեծին ու հզօրին»։ 23Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկւում, քանի որ մատնւում են ամբարշտի ձեռքը։ 24Նա դատաւորների երեսն է ծածկում. եթէ նա չէ ծածկողը, ապա ո՞վ է։ 25Սակայն սուրհանդակից էլ արագ անցաւ իմ կեանքը. փախաւ այն ու չերեւաց։ 26Կը գտնուի՞ նաւերի ճանապարհի կամ թռչող, կեր փնտռող արծուի հետքը։ 27Եթէ ասեմ, թէ մոռանալու եմ գանգատուելը, երեսս գետին խոնարհելով՝ հեծեծեմ, 28դողը կը պատի իմ բոլոր անդամները, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։ 29Եթէ ամբարշտութիւն էի անում՝ ինչո՞ւ չմեռայ։ 30Եթէ ձիւնով իսկ լուացուէիու ձեռքերս էլ օշնանով մաքրէի, 31դարձեալ սաստիկ աղտեղութեամբ կը ներկէիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով. 32քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ դատ անէի ես, եւ որպէս հաւասար դատաստանի գայինք։ 33Ո՜ւր է թէ մի միջնորդ լինէր, դիմացս գար ու դատ անէր երկուսիս միջեւ։ 34Նա անպայման կը հեռացնէր ինձանից խարազանը, եւ դրա ահն ինձ չէր սարսափեցնի. 35էլ չէի վախենայ, այլ կը խօսէի. բայց գիտեմ, որ այդպէս չէ. որ ինքս մենակ եմ տանջւում»։
10 «Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ։ 2Ու կ՚ասեմ. «Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ». եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ։
Եսայի
9Ե՛լ այդ բարձր լերան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. 10«Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են։ 11Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին,կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»։ 12Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով։ 13Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար։ 14Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը, կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան։ 15Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը։ 16Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, 17եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում։