Բ ՏԻՄՈԹԷՈՍ 3.16-4.8 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13
Բ ՏԻՄՈԹԷՈՍ
16 Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, 17 որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար:
4 ՈՂՋԱՄԻՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԿԱՅՈՒՄԸ
1 Այս բանն եմ վկայել տալիս Աստծու եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին՝ իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ: 2 Եւ դու քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ յայտարարիր այն, ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. 3 քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. 4 եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն գնան առասպելների յետեւից: 5 Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը:
ԲԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱԽՃԱՆԸ
6 Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է: 7 Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը: 8 Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
ՅԻՍՈՒՍԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՒԱՏՈՒՄ
1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդները ուզում էին սպանել նրան:
2 Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր: 3 Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4 որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». 5 քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան: 6 Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: 7 Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են: 8 Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»: 9 Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլիայում: 10 Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն:
ՅԻՍՈՒՍ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐԱՑ ՏՕՆԻՆ
11 Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ եւ ասում էին՝ ո՞ւր է նա: 12 Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է: 13 Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում: