Եսայի 58.1-14։ Հռոմէացիներ 13.11-14.25։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 6.1-21։ Եսայի 24.21-25.8։ Գործք 7.47-50։ Գաղատացիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.41-52:
Եսայի
58 Ուժգի՛ն կանչիր եւ մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Յակոբի տանը՝ իր անօրէնութիւնների մասին։ 2Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն 3եւ ասում են. «Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ։ 4Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ։ 5Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, -ասում է Տէրը։ – 6Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները։ 7Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր։ 8Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։ 9Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»։ Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, 10քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի։ 11Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի։ 12Քո դարաւոր աւերակները կը վերաշինուեն, եւ քո հիմքերը մշտնջենական կը լինեն սերնդից սերունդ. դու պիտի յառնես ու կոչուես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջեան դարուփոսերը վերացնող։ 13Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը։ 14Նա քեզ կ՚առաջնորդի դէպի երկրի բարիքները եւ իբրեւ սնունդ քեզ կը տայ քո հայր Յակոբի ժառանգութիւնը, քանզի Տիրոջ բերանը խօսեց այս։
Հռոմէացիներ
11Այս էլ իմացէ՛ք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք։ 12Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը. 13շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ. 14զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար։
14 Հաւատի մէջ տկարացածին ընդունեցէ՛ք՝ ո՛չ երկմիտ տարակուսանքով։ 2Մէկը հաւատում է, թէ կարելի է ուտել ամէն բան. իսկ ով տկար է հաւատի մէջ, բանջարեղէն է ուտում. 3ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստուած նրան ընդունեց։ 4Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել։ 5Մէկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ միւսը՝ բոլոր օրերը՝ հաւասար. իւրաքանչիւր ոք թող շարժուի, ինչպէս ինքն է դատում։ 6Ով օրուայ վրայ է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում. եւ ով օրուայ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում. եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն. եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն։ 7Արդարեւ, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում. 8եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք. 9քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին եւ կենդանիներին հաւասարապէս տիրի։ 10Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ, 11որովհետեւ գրուած է. 12Ապա ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար։ 13Ուստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել։ 14Այս գիտեմ եւ վստահ եմ Քրիստոս Յիսուսով, որ ինքն իրենից չկայ պիղծ բան, այլ, ով կարծում է, թէ մի բան պիղծ է, այդ իր համար է պիղծ. 15որովհետեւ, եթէ ուտելիքի համար քո եղբայրը տրտմում է, այլեւս սիրով չես վարւում։ Քո ուտելիքով կորստեան մի՛ մատնիր նրան, որի համար մեռաւ Քրիստոս։ 16Ձեր բարին թող առիթ չծառայի չարախօսութեան, 17որովհետեւ Աստծու արքայութիւնը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ խնդութիւն Սուրբ Հոգով. 18որովհետեւ, ով այս ձեւով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն եւ գովելի՝ մարդկանց առաջ։ 19Ապա ուրեմն՝ հետամուտ լինենք խաղաղութեան եւ շինութեան՝ միմեանց հանդէպ։ 20Ուտելիքի համար Աստծու գործը մի՛ քանդիր. ամենայն ինչ մաքուր է, բայց վատ է այն մարդու համար, որ ուտում է կասկածամտութեամբ։ 21Լաւ է չուտել միս եւ չխմել գինի, ոչ էլ անել մի բան, որով քո եղբայրը գայթակղւում է կամ սայթաքում կամ տկարանում։ 22Դու, արդարեւ, հաւատ ունես. պահի՛ր այն քեզ համար Աստծու առաջ։ Երանի՜ նրան, ով չի դատապարտում իր անձը նրանով, որ փորձում է ընկերոջը. 23բայց ով կասկածում է, թէպէտ եւ ուտում է, դատապարտուած է, քանի որ այդ ըստ հաւատի չէ, որովհետեւ ամենայն ինչ, որ հաւատից չէ, մեղք է։ 24NVrs Այլ նրան, որ կարո՛ղ է ձեզ հաստատուն պահել ըստ իմ այս աւետարանի եւ ըստ քարոզութեան Յիսուս Քրիստոսի, ըստ այն յայտնութեան խորհրդի, որ յաւիտենից ծածկուած էր, 25NVrs իսկ այժմ յայտնուած է մարգարէական գրուածքների միջոցով մշտնջենաւոր Աստծու հրամանի համաձայն եւ ծանուցուած է բոլոր հեթանոսներին, հաւատի հնազանդութեան համար:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
6 «Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է։ 2Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 3Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»։ 5«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 6Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ 7Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ 8Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք։ 9Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». 10«Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. 11քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. 12մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 13եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. 14եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն։ 15Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ 16Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»։ 17«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 18Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, 19որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»։ 20«Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, 21այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում:
Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)
Եսայի
21Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ։ 22Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց։ 23Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լերան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ։
25 Տէ՛ր Աստուած իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ 2Այո՛, Տէ՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը յաւիտենապէս չվերաշինուի։ 3Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկուած մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ, 4որովհետեւ բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշուառութիւնից տանջուածին՝ ապաւինութեան յարկ, չար մարդկանցից փրկելով նրանց։ 5Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց։ 6Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն մրուրից մաքրուած իւղով եւ հանգչեն այս լեռների վրայ։ 7Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի։ 8Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց. ինչպէս ամպի հովանին յաղթահարում է տապը, այնպէս էլ Նա պիտի ընկճի հզօրների բազուկները։
Գործք
47Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. 48սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ, ինչպէս մարգարէն է ասում. 49«Երկի՛նքն է իմ աթոռը,եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի։Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ, – ասում է Տէրը, – կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. 50չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը»։
Գաղատացիներ
4 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։ 2Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։ 3Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։ 4Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ 5փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։ 6Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ 7Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
41 Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում: 42 Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան: 43 Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան: 44 Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ: 45 Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար: 46 Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս: 47 Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ: 48 Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»: 49 Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»: 50 Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց: 51 Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց: Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում:
52 Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով եւ շնորհով Աստծու ու մարդկանց առջեւ: