Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։
Իմաստութիւն Սողոմոնի
9Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքինու որն է քո պատուիրաններին համապատասխան։ 10Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ, 11քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կ՚առաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կը պահպանի ինձ, 12իմ գործերն ընդունելի կը լինեն, ես արդարութեամբ կը դատեմ քո ժողովրդինեւ արժանի կը լինեմ իմ հօր գահին։ 13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ 15Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։ 16Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաներըեւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։ 17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ 18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։
10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։ 2Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։
ԵՍԹԵՐ
4Նա ասում էր, թէ՝ 5«Աստծուց եղաւ այս բանը»՝ յիշելով այս դէպքերի մասին իր տեսած երազը, քանի որ դրանից մի բան անգամ զանց չեղաւ։ 6Նա տեսել էր մի փոքրիկ աղբիւր, որ մեծ գետ էր դարձել, տեսել էր լոյս, արեւ եւ շատ ջուր։ Գետը Եսթերն է, որի հետ ամուսնացաւ թագաւորը եւ նրան դարձրեց տիկին։ 7Իսկ երկու վիշապները, – ասում էր, – ես եմ եւ Համանն ու այն ազգերը, 8որ ժողովուել էին՝ կորստեան մատնելու հրեաների անունը, որ Իսրայէլ է։ 9Նրանք կանչեցին Աստծուն ու ապրեցին. Տէրը ապրեցրեց իր ժողովրդին. Տէրը մեզ փրկեց մեր բոլոր չարիքներից։ Աստուած հրաշքներ գործեց ու ցոյց տուեց իր մեծամեծ հնարքները, որպիսիք երբեք չեն եղել հեթանոսների մէջ։
ՅՈՒԴԻԹ
8Իսրայէլացիները կոտորածից վերադարձան եւ սկսեցին հաւաքել սպանուածների կողոպուտը։ Լեռնակողմի ու դաշտակողմի գիւղերի ու ագարակների բնակիչներն էլ եկան հաւաքեցին աւարի մնացորդները։ 9Յովակիմ մեծ քահանան ու իսրայէլացիների ծերակոյտը, որ բնակւում էին Երուսաղէմում, եկան տեսնելու այն բարիքը, որ Տէր Աստուած արեց Իսրայէլին, տեսնելու նաեւ Յուդիթին եւ ողջունելու նրան։ 10Եւ երբ ներս մտնելով տեսան նրան՝ բոլորը միաբերան օրհնեցին նրան ու ասացին. «Դու Երուսաղէմի հպարտութիւնն ես, դու Իսրայէլի ցնծութիւնն ես, դու մեր ազգի պարծանքն ես, 11որովհետեւ քո ձեռքով արեցիր այս ամբողջ բարիքն Իսրայէլին, եւ Աստուած հաւանեց դրանք. յաւիտենապէս օրհնեալ լինես դու Ամենակալ Աստծուց»։ 12Եւ ամբողջ ժողովուրդն ասաց. «Թող այդպէս լինի»։ 13Երեսուն օր ժողովուրդը կրում էր բանակի աւարը։ Յուդիթին տուեցին Հողոփեռնէսի վրանը եւ վրանի ամբողջ արծաթն ու կահոյքը, նրա ամբողջ ոսկէ ու արծաթէ սպասքը։ Նա վերցնելով այդ՝ բարձեց իր սայլի, իր գրաստների վրայ եւ քաղաք բերեց։ 14Նրա մօտ եկան իսրայէլացիների բոլոր կանայք՝ նրան տեսնելու. նրանք օրհնեցին նրան եւ նրա համար նուագում էին ու պարելով երգում։ Յուդիթը վերցնելով արմաւենու ոստեր ձիթենու ծաղիկների հետ՝ տալիս էր նրանց։ 15Ուրիշ կանայք եւս յայտնի վայրերից խմբերով գալիս էին գովելու նրան։ Բոլոր իսրայէլացիները զարդարուած գնում էին նրանց յետեւից՝ իրենց գլուխներին դրած տեսակ-տեսակ պսակներ. նրանց բոլորի բերանում օրհնութիւն կար՝ Աստծուն փառաբանելու համար։
16 Յուդիթն սկսեց երգել այս երգը, եւ ամբողջ Իսրայէլը ձայնակցում էր նրան։ Յուդիթն այսպէս էր ասում. 2«Երգեցէ՛ք Տիրոջ համար թմբուկներով, օրհնեցէ՛ք նրան ծնծղաներով, երգեր եւ օրհնութիւններ ուղղեցէ՛ք նրան։ Փառաբանեցէ՛ք նրան եւ կանչեցէ՛ք նրա անունը, 3որովհետեւ Աստուած Տէր է եւ խորտակում է պատերազմները, 4նա իր բանակներն է դնում ժողովուրդների մէջ.նա՛ ինձ փրկեց իմ հալածիչների ձեռքից։
Եփեսացիներ
3Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ, երկնային աշխարհում. 4նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով։ 5Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճութեան։ 6Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով։ 7Նրանո՛վ է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ իր շնորհի մեծութեան չափի, 8որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ։ 9Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, 10որպէսզի, ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի։ 11Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակուած բաժինը, ըստ առաջադրութեան Աստծու, որ ամէն ինչ յաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն. 12մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանուած եղանք գովելու նրա փառքը։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
17Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ։ 18Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց։ 19Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան։ 20Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է։ 21Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»։