Ա Կորնթացիներ 15.50‐57։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 3.31‐4.8։
Ա Կորնթացիներ
50Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծու թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում։ 51Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ իսկապէս բոլորս. 52պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք. 53որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն։ 54Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կը կատարուի այն խօսքը, որ գրուեց. 55Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ 56Բայց, գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով։ 57Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացէ՛ք, անշա՛րժ եղէք, ամէն ժամ աւելի՛ն եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէ՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
31Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 32Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում, 33նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»։ 34Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները. 35որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»։
4 Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը։ 2Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. 3«Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ։ 4Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն։ 5Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր. 6բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ։ 7Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց։ 8Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»։