Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։
Ա Թեսաղոնիկեցիներ
2 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ իզուր չեղաւ մեր մուտքը ձեր մէջ, 2այլ, նախապէս չարչարուելով եւ անարգուելով Փիլիպէում, – ինչպէս որ դուք էլ գիտէք, – մեր Աստուծով համարձակուեցինք պատմել ձեզ Աստծու Աւետարանը մեծ ընդդիմութեան հանդիպելով. 3որովհետեւ մեր յորդորը ո՛չ մոլորութիւնից է, ո՛չ պղծութիւնից եւ ո՛չ էլ նենգամտութիւնից։ 4Այլ, ինչպէս ընտրուեցինք Աստծուց՝ հաւատարիմ լինելու Աւետարանին, այնպէս էլ խօսում ենք՝ հաճելի լինելու համար ոչ թէ մարդկանց, այլ՝ Աստծուն, որ քննում է մեր սրտերը. 5շողոքորթութեան խօսքեր երբեք չգործածեցինք ձեզ մօտ, ինչպէս որ դուք էլ գիտէք. եւ ոչ էլ եղանք ձեր մէջ ագահութիւնից մղուած, ինչպէս որ Աստուած էլ վկայ է. 6եւ փառք չփնտռեցինք մարդկանցից, ո՛չ ձեզնից եւ ո՛չ էլ ուրիշներից։ 7Կարո՛ղ էինք, որպէս Քրիստոսի առաքեալներ, ծանրութիւն դառնալ ձեզ, բայց համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում։ 8Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել։ 9Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծու Աւետարանը։ 10Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. 11ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, 12մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
41Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»։ 42Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար։ 43Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ 44Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի։ 45Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի։ 47Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի։ 48Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ՚ուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կը պահանջեն»։