Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցն ավարտվեց: Հատկանշական էր այն, որ նա, այցի շրջանանակում լինելով նախ Թիֆլիսում, ապա Երեւանում, այնուհետեւ Բաքվում, եղավ նաեւ եւս մի քաղաքում` Էջմիածնում` երեւանյան այցի հաջորդ օրն առավոտյան լինելով Մայր Աթոռում: Ի դեպ, Ա. Մերկելի այցը Հայաստան առանձնացավ հենց այս փաստով: Պարզվում է` հոգեւոր առաջնորդներից Մերկելը նախընտրել է հանդիպել միայն Գարեգին 2-րդ կաթողիկոսին, քանի որ Վրաստանում չի եղել հանդիպում Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի, ինչպես նաեւ Ադրբեջանում չի եղել հանդիպում Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Թե ինչ են խոսել Հայոց կաթողիկոսը եւ Գերմանիայի կանցլերը, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ պարզեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ վարդապետ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՑ, որը ներկա է եղել բացառիկ հանդիպմանը:
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՐԿԵԼԸ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՑ
Հայր սուրբի գնահատմամբ` այն, որ տիկին կանցլերն այցելեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ցույց է տալիս հայ
եկեղեցու նկատմամբ ունեցած հարգալից վերաբերմունքը եւ երկրորդ` նաեւ Ա. Մերկելի հավատքի եւ եկեղեցու նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքը:
– Ասեմ, որ Վեհափառ Հայրապետը նախ խոսեց հավատքին եւ քրիստոնեությանը նվիրվածության մասին` նկատի ունենալով տիկին Մերկելի եկեղեցու մոտ կանգնած լինելը ու իր հոգեւոր դաստիարակությունը: Կարծում եմ` հայաստանցի ընթերցողները լսել են, որ տիկին Մերկելի հայրը գերմանացի աստվածաբան է եղել, եւ նրա մանկությունն անցել է եկեղեցական կյանքի մեջ: Իսկ հաջորդը` անդրադարձ կատարվեց հայությանը հետաքրքրող որոշ հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր Թուրքիայի հայության խնդիրներին: Կաթողիկոսը խոսեց Կ.Պոլսում ավելի քան 10 տարի Հայոց պատրիարքի փաստացի բացակայության խնդրի եւ հայ համայնքի կողմից պատրիարք ընտրելու դժվարությունների մասին: Ապա անդրադարձավ արցախյան խնդրին, որտեղ ներկայացրեց եկեղեցու եւ իր մոտեցումը արցախյան հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ խնդրեց, որ տիկին Մերկելն իր հնարավոր ազդեցությունը բանեցնի, որպեսզի Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանությանը վերջ դրվի, եւ Արցախի հարցը ի վերջո լուծվի խաղաղության եւ արդարության սկզբունքների համաձայն: Հանձին Մերկելի` Վեհափառը շնորհակալություն հայտնեց գերմանական իշխանություններին` 2017 թվականին Բունդեսթագի բանաձեւի վերաբերյալ, որտեղ նրանք ընդունել ու դատապարտել են Ցեղասպանությունը: Կաթողիկոսը եզրափակեց իր խոսքը` շեշտելով, որ հայ ժողովուրդը քրիստոնյա է, ինչը մեզ թույլ է տալիս շարունակելու եւ դիմակայելու Հայաստանի վերջին տարիների դժվարությունները եւ նաեւ ակնարկեց, թե նոր իրադրության պայմաններում հույս ունի, որ մեր երկիրը կզարգանա ժողովրդավար սկզբունքներով, կկարողանա լավ հարաբերություններ պահպանել եւ զարգացնել Եվրամիության հետ:
– Իսկ ինչպիսի՞ն էին Գերմանիայի կանցլերի արձագանքները…
– Արձագանքը բավական դրական էր: Տիկին Մերկելը պատրաստակամություն հայտնեց` նպաստելու թե՛ Հայաստանում ժողովրդավարության եւ տնտեսական զարգացմանը, թե՛ արցախյան հիմնախնդրի շուրջ` նշելով, որ Գերմանիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ջանքեր է գործադրելու հարցի լուծման համար: Նա եւս հույս հայտնեց, որ այս հարցը կլուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Թուրքիայում հայ քրիստոնյա փոքրամասնության դժվարությունների վերաբերյալ տիկին Մերկելն ասաց, որ շատ մոտիկից ծանոթ է խնդիրներին` ներառյալ նաեւ հայ փոքրամասնության: Նա ակնարկեց, որ շուտով Թուրքիայի նախագահը կրկին այցելելու է Եվրոպա, եւ նշեց, որ բոլոր այցելությունների ընթացքում ինքը թուրքական իշխանությունների մոտ անպայմանորեն արծարծում է քրիստոնյա փոքրամասնությունների ունեցած դժվարությունները: Հետաքրքիր էր` նա նույնիսկ արտահայտվեց, որ Էրդողանը շատ է խոսում Եվրոպայում կամ այլուր մուսուլմանների դժվարությունների կամ նրանց նկատմամբ անարդարությունների մասին, մինչդեռ հաճույքով մոռանում է, թե քրիստոնյաներն ինչ դժվարրություններ ունեն ուրիշ երկրում:
«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՄԵՐ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՈՒ ԵՐԲԵՔ ՉՈՏՆԱՀԱՐԵԼ»
– Մամուլում լայնորեն քննարկվեց, որ Մերկելն այդպես էլ «ցեղասպանություն» բառը չարտաբերեց: Ըստ Ձեզ` սա զգուշավորությո՞ւն էր` Ադրբեջան այցելությունից առաջ:
– Չեմ կարծում, որ սա որեւէ ձեւով առնչություն ուներ իր` Ադրբեջան այցելության հետ: Եթե որեւէ առնչություն ուներ, թերեւս ավելի շատ Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականության հետ էր կապված, քան` Ադրբեջանի: Բայց պետք է նաեւ արձանագրենք, որ Մերկելի առաջին կայանը` օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո` Ցեղասպանության հուշահամալիրն էր: Բունդեսթագը պաշտոնապես ընդունել է Ցեղասպանությունը, եւ անպայման չէ, որ մենք անընդհատ սպասենք, որ գերմանական որեւէ քաղաքական գործիչ կամ նույնիսկ կանցլերն արտաբերի «ցեղասպանություն» բառը: Անշուշտ, նախընտրելի է, բայց գտնում եմ, որ երբ ամեն անգամ սպասում ենք, դրանով ինչ-որ մի տեղ նսեմացնում ենք գերմանական խորհրդարանի պաշտոնական հայտարարությունը եւ որոշումը:
– Անընդհատ ժողովրդավարության զարգացման առումով Եվրամիությունից ենք ջանքեր ակնկալում, մինչդեռ Արեւմուտքից դրա փոխարեն, Հայաստան են սողոսկում ինչ-որ այլ արժեքներ` այլասերումների տեսքով: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ցանկացած զարգացում, որը ինչ-որ մի տեղ կարող է վնասել մեր ազգային մտածողությանը, մեր արժեհամակարգին, մեր ինքնությանը, մտահոգիչ երեւույթ է: Որքան էլ, որ մենք ապրում կամ գործում ենք դրսում, միեւնույնն է, մեզ համար մտահոգիչ են Հայաստանում տեղի ունեցող որոշակի զարգացումները: Այս առումով պիտի մաղթեմ, որ մեր իշխանությունները կարողանան գտնել այնպիսի լուծում, որտեղ մենք քայլ կանենք որոշակի եվրոպական զարգացումների հետ, բայց կկարողանանք նաեւ մեր անանձնական արժեքները երբեք չոտնահարել, այլ ստեղծել այնպիսի սինթեզ, ինչպես ժամանակին մեր պապերն են ստեղծել: Ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում պետք է չկորցնենք մեր սեփական եսը, սեփական արժեքները: Իսկ մեր ժողովուրդն ունի որոշակի ավանդական արժեքներ, որոնցից հիմնականը` նախ ամուր ընտանիքն է, որի վրա հիմնված է մեր ազգային մտածողությունը: Ուզում եմ` մաղթել, որ այդ արժեքները երբեք վտանգի տակ չդրվեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Աղբյուր՝ iravunk.com