Փետրվարի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Սուրբ Էջմիածնում գումարված նիստի առիթով:
Միջեկեղեցական աղոթքին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Սիրիայի Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու, Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու, Կաթոլիկ Եկեղեցու և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
Միջեկեղեցական աղոթքի ընթացքում, սաղմոսերգությունից և սուրբգրային ընթերցումներից հետո, արարողության մասնակիցներին իր պատգամն ուղղեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջունելով եղբայրական աղոթքի համար Մայր Աթոռում մեկտեղված Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև երկխոսության միջազգային համատեղ հանձնախմբի անդամներին` Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. «Մենք բարձր ենք գնահատում միջազգային աստվածաբանական համատեղ հանձնախմբի աշխատանքը, որն իր գործունեությունն սկսել է 2003 թվականից և այժմ իր հերթական տասնհինգերորդ հանդիպումը գումարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Անցնող տարիներին դուք քննարկեցիք մեր երկու եկեղեցական ընտանիքների եկեղեցաբանական-խորհրդական կյանքի ընդհանրություններն ու տարբերությունները՝ մշտապես շեշտելով աստվածաբանական երկխոսության միջոցով անցյալի բաժանումները դարմանելու անհրաժեշտությունը։ Հակառակ պատմական տարբեր փորձառությունների, մեր երկու եկեղեցական ընտանիքների միջև առկա դավանական, մշակութային և աշխարհընկալման տարբերությունների՝ մենք բոլորս մեկ Աստծո զավակ ենք, եղբայրներ և քույրեր՝ միավորված Աստծո սիրով։ Եվ հենց այս բազմազանության մեջ սիրո միությունն է մեր՝ Աստծո զավակ լինելու վավերական վկայությունը։ Քրիստոսով սիրո և եղբայրության մեջ տեղ չունեն անհանդուրժողությունն ու անհամերաշխությունը, որոնք այսօր էլ շարունակում են փորձության մեջ պահել մարդկային հասարակությունը՝ միջկրոնական հակառակությամբ, պատերազմներով ու ահաբեկչություններով, նաև անտարբերության ամենատարբեր դրսևորումներով, աղքատության և սոցիալական անարդարության աճով։
Այստեղ ներկա մեր եղբայրներից շատերն ապրում են այնպիսի պայմաններում, երբ ամեն օր ականատեսն են դառնում բռնության տարբեր դրսևորումների, որոնք սկիզբ են առնում անարդարությունից և հասարակական անհանդուրժողականությունից, անկայունությունից և հակամարտություններից, որոնք էլ իրենց հերթին ստեղծում են ատելություն ծնող հոգևոր ամայություն: Մենք ամենքս, իբրև Քրիստոսի խորհրդական մարմնի անդամներ, կոչված ենք անձանձիր կերպով միաբանություն ու սեր սերմանելու` տարածելով աստվածային խաղաղությունը: Ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդի պատմության ամեն էջ գրվել է նահատակության ու հավատի վկայության հաղթանակների արյամբ։ Հետևաբար, լավ գիտենք արժեքը սիրո, եղբայրության, ժողովուրդների բարեկամության, խաղաղ ու ապահով կյանքի։ Եվ սրտակից ենք մեր եղբայրների ու քույրերի տառապանքներին, քանզի Ս. Պողոս առաքյալի խոսքով՝ «թվով շատ, մի մարմին ենք Քրիստոսով, բայց յուրաքանչյուրս միմյանց անդամ ենք» (Հռոմ. ԺԲ 5)։
Սիրելի եղբայրներ և քույրեր, Մենք գոհություն և փառք ենք տալիս Աստծուն, որ ներկա դարաշրջանում քրիստոնյաները գիտակցում և խոր ըմբռնումով են ընկալում քրիստոնեական եղբայրության և փոխադարձ սիրո աստվածատուր պատվիրանը. «Ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք և ձեր պտուղը մնա… Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ. ԺԵ 16-17)։ Միմյանց հանդեպ անշահախնդիր սիրո ու փոխօգնության միջոցով է, որ քրիստոնյաներն այս աշխարհում իրականություն կարող են դարձնել երկնավոր Վարդապետի պատվիրանը, միմյանց համար աղոթքով ու համագործակցությամբ է, որ պտղաբեր կլինենք ու մեր պտուղն իբրև անուշահոտ ընծա ընդունելի կլինի Աստծուն։ Այսօրվա եղբայրական մեր մեկտեղումը լավագույն առիթ է՝ ևս մեկ անգամ մեր հոգում վերանորոգելու Տեր Հիսուս Քրիստոսի պատգամը։ Մենք կոչված ենք մշակելու Տիրոջից մեզ հանձնված այգին, որտեղ համագործակցությունն է ապահովում արգասաբերություն և պտղաբերություն»։
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ բաղձալի փոխըմբռնման հիմքը աստվածախնամ սերն է, և հայցեց, որ Տերը զորացնի Իր Սուրբ Եկեղեցին և պարգևի ամենքին ճանաչելու սիրո և միության ճշմարիտ ոգին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն եղբայրական սիրո իր ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Արևելյան Ուղղափառ Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապին՝ աղոթելով, որ Աստված նրանց շնորհի քաջառողջություն և կենաց արևշատ օրեր:
Այնուհետև շարականների երգեցողությունից հետո աղոթք բարձրացրեցին Դամիետտի, Բարարի, Քաֆր էլ Շեյքի միտրոպոլիտ Գերաշնորհ Անբա Բիշոյը (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի) և Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխը (Կաթոլիկ Եկեղեցի):
Միջեկեղեցական արարողությունն եզրափակվեց Գարեգին Բ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: