Առակներ 15.21-26։ Եսայի 22.20-25։ Ա Պետրոս 5.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 11.2-14։
Առակներ
21Անմիտ մարդու սիրտը կարօտ է խելացի խորհրդի, բայց խելացի մարդն ինքն է ուղղում իր ընթացքը։ 22Իրենց խորհուրդը յապաղում են յայտնել նրանք, որ չեն յարգում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդները հաստատ են մնում խոհեմների սրտում, 23բայց անզգամը չի հետեւում նրանց եւ չի ասում պատշաճ բան, որ բարի լինի ընդհանուրի համար։ 24Իմաստունի խորհուրդը կեանքի ճանապարհ է, եւ մարդ դրանով դժոխքից խորշելով՝ կը փրկուի։ 25Տէրը կործանում է ոխակալների տները, բայց որբերի եւ այրիների սահմանը հաստատ է պահում։ 26Անիրաւ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց սրբերի խօսքերը պարկեշտ են։
Եսայի
20Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն, 21նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակն իր ճոխութեամբ, քո հազարապետութիւնը նրա ձեռքը պիտի տամ, եւ թող նա հայր դառնայ Երուսաղէմի ու Յուդայի երկրի բնակիչների համար։ 22Դաւթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, եւ ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։ 23Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, եւ թող նա բազմի իր հօր տան փառքի աթոռին։ 24Թող նրան ապաւինեն իր հօր տան բոլոր պատուաւոր մարդիկ՝ փոքրից մինչեւ մեծը։ Բոլոր անօթները, մանր թէ մեծ, մինչեւ կարասները, նա պիտի բացի, եւ ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, եւ ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամէն ինչ կախուած է լինելու նրանից։ 25Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Աներեր մարդը պիտի շարժուի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանուի, եւ նրա փառքը պիտի վերանայ նրանից», – քանզի Տէ՛րը խօսեց։
Ա Պետրոս
5 Ուրեմն՝ աղաչում եմ երէցներին, ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2արածեցրէ՛ք Աստծու այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծու. ոչ թէ շահախնդրութեամբ, այլ՝ յօժարութեամբ. 3ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4որպէսզի, երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք։ 5Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութի՛ւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»։ 6Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ 7Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
2Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. 3«Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 4Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք. 5կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը։ 6Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»։ 7Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ։ 8Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են։ 9Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ, 10որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 11Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է։ 12Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն, 13քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը։ 14Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է։
Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինես եպիսկոպոսի նշխարների փոխադրությունը Հայաստան