Ելք 3.16‐22։ Յովել 3.1‐8։
ԵԼՔ
16Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում։ 17Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»։ 18Նրանք կը լսեն քեզ։ Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ։ Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք»։ 19Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան։ 20Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ։ 21Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք։ 22Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ։ Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին»։
Յովել
3 «Ահա ես այն օրերին եւ այն ժամանակ կը վերադարձնեմ Հրէաստանին եւ Երուսաղէմին գերութիւնից, 2կը հաւաքեմ բոլոր ազգերին, կ՚իջեցնեմ նրանց Յոսափաթի ձորը եւ կը դատեմ նրանց այնտեղ՝ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութեան՝ Իսրայէլի համար, որին ցրուեցին բոլոր ազգերի մէջ։ 3Նրանք իմ երկիրը բաժանեցին, իմ ժողովրդի համար վիճակ էին գցում, պատանիներին տալիս էին որպէս պոռնիկների վարձ, աղջիկներին վաճառում էին գինու դիմաց եւ խմում էին։ 4Եւ դուք տակաւին ի՞նչ ունէք ինձ հետ, ո՛վ Ծուր եւ Ծայդան եւ այլազգիների ո՛ղջ Գալիլիա, մի՞թէ ինչ-որ հատուցում կը տաք ինձ կամ ոխ կը պահէք իմ դէմ. ես շուտով ձեր հատուցումը տագնապով կը բերեմ ձեր գլխին 5այն բանի փոխարէն, որ իմ արծաթն ու ոսկին առաք իմ ընտիր-ընտիր ու գեղեցիկ անօթները տարաք ձեր մեհեանները 6ու Յուդայի երկրի եւ Երուսաղէմի որդիներին վաճառեցիք յոյներին, որպէսզի նրանց հեռացնէք իրենց սահմաններից։ 7Արդ, ես ոտքի կը կանգնեցնեմ նրանց այնտեղ, որտեղ վաճառեցիք նրանց, եւ կը բերեմ ձեր հատուցումը ձեր գլխին։ 8Ձեր տղաներին եւ ձեր աղջիկներին կը մատնեմ Յուդայի երկրի որդիների ձեռքը, եւ նրանք գերի կը վաճառեն նրանց հեռու-հեռաւոր մի ազգի, քանի որ Տէ՛րը խօսեց»։