ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 13․16‐18․1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 22․1‐65։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 14․27‐72։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 26․31‐56։ Մտ 26․57‐75։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 18․2‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 18․28‐19․16։
Կարգ Թաղման։ ԵՐԵՄԻԱ 11․18‐12․8։ ԵՍԱՅԻ 52․13‐53․12։ Իմաստութիւն Սողոմոնի 2․1‐22։ Զք 12․8‐14։ Ա Պետրոս3․17‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 27․57‐61։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
16Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ 17Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք։ 18Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. 19հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ՚ուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»։ 21Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»։ 22Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում։ 23Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ։ 24Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում։ 25Եւ սա Յիսուսի կրծքովն ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»։ 26Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»։ Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային։ 27Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ։ Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»։ 28Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց. 29որովհետեւ ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին։ 30Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ։ Եւ գիշեր էր… 31Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան։ 33Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, – այժմ այդ ձեզ էլ եմ ասում։ 34Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք։ 35Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»։ 36Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»։ Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետեւից»։ 37Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»։ 38Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»։
14 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ։ 2Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք։ 4Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»։ 5Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։ 6Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով։ 7Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»։ 8Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»։ 9Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր։ 10Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ։ Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը։ 11Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ։ 12Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ։ 13Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով»։ 14«Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները. 15եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 16Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի։ 17Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ։ 18Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու։ 19Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ։ 20Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»։ 21Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»։ 22Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք։ 23Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց։ 24Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ։ 25Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»։ 26«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք։ 27Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես։ 28Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք։ 29Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի։ 30Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»։
15 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։ 2Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։ 3Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։ 4Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող։ 6Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի։ 7Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի։ 8Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք։ 9Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք։ 10Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ։ 11Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի։ 12Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ։ 13Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ 14Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։ 15Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ։ 16Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ։ 17Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»։ 18«Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել։ 19Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ 20Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն։ 21Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։ 22Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ։ 23Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը։ 25Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին։ 26Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին. 27կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք»։
16 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ 2Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։ 5«Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում։ 6Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը։ 7Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ՚ուղարկեմ ձեզ մօտ։ 8Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի եւ արդարութեան հարցում եւ դատաստանի հարցում։ 9Մեղքի հարցում՝ որովհետեւ ինձ չեն հաւատում. 10արդարութեան հարցում՝ որովհետեւ իմ Հօր մօտ եմ գնում, եւ այլեւս ինձ չէք տեսնի. 11դատաստանի հարցում՝ որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտուած է։ 12Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել։ 13Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ։ 14Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ։ 15Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ»։ 16«Մի փոքր ժամանակ, եւ այլեւս ինձ չէք տեսնի. եւ ապա մի քիչ եւս՝ եւ ինձ նորից կը տեսնէք. եւ ես գնում եմ Հօր մօտ»։ 17Աշակերտներից ոմանք միմեանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ մեզ ասում է, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ կը տեսնէք եւ թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»։ 18Եւ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ եւս» -ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»։ 19Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, եւ նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմեանց հարցնում, որ ասացի, թէ՝ մի փոքր ժամանակ, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ՝ մի քիչ եւս, եւ կը տեսնէք ինձ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի։ 21Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց։ 22Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։ 23Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ։ 24Մինչեւ հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի»։ 25«Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ։ 26Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. եւ ձեզ չեմ ասում, թէ՝ ե՛ս պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար, 27քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետեւ դուք սիրեցիք ինձ եւ հաւատացիք, որ ես Աստծուց ելայ։ 28Ելայ Հօրից եւ եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հօր մօտ»։ 29Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում եւ ոչ մի առակ չես ասում։ 30Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, եւ պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»։ 31Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք. 32ահա պիտի գայ ժամանակ եւ արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը, եւ ինձ միայնակ պիտի թողնէք. սակայն ես միայնակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է։ 33Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք։ Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»։
17 Յիսուս երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի. 2ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամենքին, որ նրան տուեցիր։ 3Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր։ 4Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տուիր, որ անեմ. 5եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը։ 6Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին։ 7Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուիր, ես նրանց տուեցի. 8եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։ 9Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տուեցիր, որովհետեւ նրանք քոնն են։ 10Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մէջ փառաւորուած եմ։ 11Եւ ես այլեւս աշխարհի մէջ չեմ, իսկ նրանք աշխարհի մէջ են. եւ ես դէպի քեզ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որով ինձ տուեցիր, որպէսզի լինեն մի, ինչպէս մենք էլ մի ենք։ 12Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տուեցիր. եւ ես պահեցի. ու նրանցից ոչ ոք չկորաւ, բացի կորստեան դատապարտուած մարդուց, որպէսզի գրուածը կատարուի։ 13Բայց հիմա քեզ մօտ եմ գալիս եւ այս բաները խօսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան։ 14Ես նրանց տուի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ 15Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից։ 16Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ 17Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է։ 18Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ 19Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացուեն ճշմարտութեամբ։ 20Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, 21որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ։ 22Եւ ես տուեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տուեցիր, որպէսզի մի լինեն, ինչպէս եւ մենք մի ենք։ 23Ես՝ նրանց մէջ, եւ դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն միութեան մէջ։ Եւ աշխարհը գիտենայ, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ. եւ ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր։ 24Հա՛յր, ում որ ինձ տուիր, կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տուեցիր, քանի որ ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը։ 25Արդա՛ր Հայր, թէեւ աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել։ 26Եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, եւ ես՝ նրանց մէջ»։
18 Երբ Յիսուս այսպէս խօսեց, աշակերտներով հանդերձ ելաւ գնաց Կեդրոնի ձորի միւս կողմը. այնտեղ մի պարտէզ կար, ուր մտան ինքը եւ իր աշակերտները։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
22 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք։ 2Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։ 3Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր։ 4Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի։ 5Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ։ 6Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի։ 7Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը։ 8Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ 9Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»։ 10Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի։ 11Եւ կ՚ասէք տանտիրոջը. «Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը»։ 12Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»։ 13Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը։ 14Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ։ 15Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել։ 16Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»։ 17Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»։ 19Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ 20Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած։ 21Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է։ 22Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»։ 23Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է։ 24Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի։ 25Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում։ 26Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը։ 27Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը։ Չէ՞ որ՝ սեղան նստողը։ Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»։ 28«Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ։ 29Եւ ես խոստանում եմ ձեզ, – ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, – 30որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»։ 31Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ 32Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»։ 33Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»։ 34Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»։ 35Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»։ 36Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի։ Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի։ 37Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի իմ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց». որովհետեւ, ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»։ 38Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»։ Եւ նրանց ասաց. «Բաւական են»։ 39Եւ Յիսուս ըստ իր սովորութեան ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները։ 40Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»։ 41Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկեց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում. 42«Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»։ 43Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում։ 44« Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով։ 45Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից 46եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վե՛ր կացէք, աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»։ 47Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»։ 48Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։ 49Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»։ 50Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը։ 51Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»։ Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց։ 52Եւ իր վրայ եկած քահանայապետներին, տաճարի իշխանաւորներին եւ ծերերին ասաց. «Ինչպէս աւազակի՞ վրայ էք գալիս սրերով ու մահակներով. 53միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրայ ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը եւ խաւարի իշխանութեան զօրութիւնը»։ 54Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա յետեւից։ 55Երբ գաւթի մէջ կրակ վառեցին եւ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ։ 56Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան եւ ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին» 57Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։ 58Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան եւ ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։ 59Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»։ 60Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խօսում»։ Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց։ 61Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»։ 62Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ։ 63Եւ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրայ եւ խփում, 64ծածկում էին նրա երեսը եւ տանջում, հարցնում էին նրան եւ ասում. «Մարգարէացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։ 65Եւ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
27Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. «Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն»։ 28Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»։ 29Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»։ 30Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»։ 31Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Թէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»։ Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում։ 32Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում։ Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»։ 33Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել։ 34Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»։ 35Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետին. եւ աղօթում էր, որ, եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ։ 36Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում»։ 37Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ։ 38Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք։ Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»։ 39Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց։ 40Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան։ 41Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել . եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը։ 42Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»։ 43Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից։ 44Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ։ 45Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան։ 46Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին։ 47Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց։ 48Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞։ 49Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում. եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»։ 50Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան։ 51Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած։ Երիտասարդները նրան բռնեցին, 52եւ նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից։ 53Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը։ 54Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս, քահանայապետի գաւիթը։ Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ։ 55Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտռում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում. 56քանի որ նրա դէմ շատեր սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին։ 57Ոմանք վեր կենալով՝ սուտ էին վկայում նրա դէմ ու ասում. 58«Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կը շինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»։ 59Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր։ 60Ապա քահանայապետը կանգնելով մէջտեղում՝ Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»։ 61Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին»։ 62Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծու աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»։ 63Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ։ 64Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում…»։ Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է։ 65Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Եւ սպասաւորները ապտակում էին նրան։ 66Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում, գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս։ 67Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»։ 68Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»։ Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց։ 69Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»։ 70Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ։ Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»։ 71Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»։ 72Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
31Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն։ 32Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»։ 33Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»։ 34Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ 35Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»։ Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ։ 36Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»։ 37Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել։ 38Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»։ 39Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»։ 40Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ 41Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»։ 42Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»։ 43Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին։ 44Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց։ 45Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում։ 46Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»։ 47Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով։ 48Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»։ 49Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց։ 50Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»։ Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին։ 51Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց։ 52Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն։ 53Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր։ 54Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»։ 55Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞։ Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք. 56բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
57Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին։ 58Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը։ 59Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն, 60բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն։ Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. 61ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»։ 62Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»։ 63Եւ Յիսուս լուռ էր մնում։ Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 64Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»։ 65Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ 66Ի՞նչ է ձեր կամքը»։ Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է։ 67Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. 68«Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»։ 69Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»։ 70Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»։ 71Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»։ 72Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ 73Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»։ 74Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ Եւ իսկոյն աքաղաղը կանչեց։ 75Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս։ Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
2Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետեւ Յիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հաւաքուել էին։ 3Եւ Յուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով։ 4Իսկ Յիսուս իր վրայ եկող այս ամէնը տեսնելով՝ դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտռում»։ 5Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն։ Յիսուս նրանց ասաց՝ ես եմ։ Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան։ 6Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետին ընկան։ 7Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտռում։ Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն։ 8Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտռում, նրանց թո՛յլ տուէք գնալ». 9որպէսզի կատարուի խօսքը, որ ասել էր, թէ՝ նրանց, որոնց ինձ տուեցիր, նրանցից եւ ոչ մէկին չկորցրի։ 10Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետեւ սուր ունէր, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց։ Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր։ 11Յիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատեանի մէջ դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տուել, չպիտի՞ խմեմ»։ 12Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Յիսուսին եւ կապեցին։ 13Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարուայ քահանայապետի աներն էր։ 14Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տուեց, թէ աւելի լաւ է, որ ժողովրդի համար մէկ մարդ մեռնի։ 15Եւ Յիսուսի յետեւից գնում էին Սիմոն Պետրոսը եւ միւս աշակերտը։ Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը։ 16Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ, դուրսը։ Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց եւ Պետրոսին ներս մտցրեց։ 17Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ 18Այնտեղ կային ծառաներ եւ պահակներ, որոնք խարոյկ էին արել եւ տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր։ 19Իսկ քահանայապետը հարց տուեց Յիսուսին նրա աշակերտների եւ վարդապետութեան մասին։ 20Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում եւ տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. եւ ծածուկ ոչինչ չեմ խօսել։ 21Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա՛, նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»։ 22Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը մի ապտակ տուեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։ 23Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»։ 24Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ։ 25Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացաւ եւ ասաց՝ ո՛չ, չեմ։ 26Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»։ 27Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն մի աքաղաղ կանչեց։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
28Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Այգաբաց էր։ Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։ 29Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»։ 30Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»։ 31Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրէ՛ք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէ՛ք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ» 32(որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով էր ինքը մեռնելու)։ 33Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»։ 34Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ ուրիշներ իմ մասին քեզ ասացին»։ 35Պիղատոսը պատասխանեց. «Միթէ ես էլ հրեա՞յ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»։ 36Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնը այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կը մարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց, արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»։ 37Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու թագաւո՞ր ես»։ Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ։ Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է, իմ ձայնը լսում է»։ 38Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»։ Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ, հրեաների մօտ, ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում։ 39Բայց դուք սովորութիւն ունէք, որ զատկին ձեզ համար մի բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»։ 40Բոլորը աղաղակեցին եւ ասացին՝ ո՛չ դրան, այլ՝ Բարաբբային։ Եւ այն Բարաբբան աւազակ էր։
19 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել։ 2Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին։ 3Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ։ Եւ նրան ապտակում էին։ 4Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»։ 5Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ։ Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»։ 6Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»։
Կարգ Թաղման։
ԵՐԵՄԻԱ
18Տէ՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, եւ ես կը ճանաչեմ. այն ժամանակ կը տեսնեմ նրանց գործերը։ 19Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի»։ 20Զօրութիւնների՛ Տէր, դու, որ արդար ես վարւում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրէժխնդիր ես լինում նրանցից, քանզի քե՛զ յանձնեցի իմ դատը։ 21Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Անաթոթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտռում՝ ասելով. «Մեզ համար մի՛ մարգարէացիր, ապա թէ ոչ կը մեռնես մեր ձեռքով»։ 22Ահա թէ ինչու այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես պիտի պատժեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանուեն, եւ տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանուեն։ 23Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետեւ Անաթոթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց պատժելու»։
12 Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը յաջողւում են, եւ բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։ 2Տնկեցիր նրանց, եւ նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տուեցին։ Դու, Տէ՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից։ 3Դու, ո՛վ Տէր, գիտես ինձ, տեսար ինձ եւ քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հաւաքի՛ր նրանց ինչպէս մորթելու ոչխար եւ, երբ նրանց սպանութեան օրը գայ, զոհաբերի՛ր նրանց։ 4Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամենուրեք չորանայ։ Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ «Աստուած չի տեսնի մեր արարքները«։ 5Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ։ Եւ հիմա այս խաղաղ երկրի՞ վրայ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ, 6քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրա՛նք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին։ Մի՛ հաւատա նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին։ 7Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգութիւնը եւ իմ հոգու սիրելիին տուեցի իր թշնամիների ձեռքը։ 8Իմ ժառանգութիւնն ինձ համար դարձաւ անապատի առիւծ, իր ձայնն ինձ վրայ բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան։
ԵՍԱՅԻ
13Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի։ 14Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է, 15այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։
53 Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը։ 2Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն։ Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն։ 3Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց։ 4Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան։ 5Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք։ 6Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։ 7Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջեւ նրա նման իր բերանը չի բացում։ 8Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց։ 9Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում։ 10Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից։ Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կ՚արժանանաք, որի միջոցով Տէրը կը ցանկանայ ազատել նրան իր ցաւերից, 11ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը։ 12Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց։ Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրէնութիւնների համար դատապարտուեց։
Իմաստութիւն Սողոմոնի
2 Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է եւ ցաւերով լի. եւ երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկութիւն չկայ, եւ չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից։ 2Մենք պատահաբար ենք ծնուել եւ սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետեւ մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խօսքը՝ կայծ, որ ծնուել է մեր սրտի տրոփից։ 3Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ։ 4Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում,եւ ոչ ոք չի յիշելու մեր գործերը։ Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի մեր կեանքը եւ պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից։ 5Արդարեւ, մեր կեանքը սահող ստուեր է, եւ ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլեւս ոչ ոք չի կարող վերադարձնել։ 6Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, եւ, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է։ 7Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով եւ անուշ իւղերով, եւ թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով։ 8Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել։ 9Թող մեծաշուք մեր այս ուրախութիւնից ոչ ոք ամենեւին անմասն չմնայ, ամէն տեղ ուրախութեան մի նշան թողնենք, որովհետեւ դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակուել։ 10Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբեւայրուն, չխորշենք ծերի բազմամեայ ալեհերութիւնից։ 11Թող մեր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետեւ տկարութիւնը պիտանի չէ եւ ոչ մի բանի։ 12Դարանակալ լինենք արդարին, որովհետեւ դժկամ է նա մեր հանդէպ եւ հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրէնքների դէմ մեղանչելու համար, եւ պարսաւում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։ 13Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, եւ իր անձը Տիրոջ որդի է անուանում։ 14Մեր առջեւ՝ մեր խորհուրդների յանդիմանութիւնն է նա։ 15Ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, որովհետեւ նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, եւ այլազան են նրա վարքի շաւիղները։ 16Նա մեզ գարշանք է համարում եւ խորշում է մեր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին եւ հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ 17Տեսնենք արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը եւ փորձենք իմանալ, թէ ի՛նչ է լինելու նրա վախճանը։ 18Եթէ, արդարեւ, Աստծու որդի է, ապա թող Աստուած պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից։ 19Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարութեանը։ 20Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կը լինի՞ նրան»։ 21Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը։ 22Չճանաչեցին Աստծու խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձըեւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը։
Զաքարիա
8Այն օրը Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի Երուսաղէմի բնակիչներին, եւ ամենատկարը նրանց մէջ պիտի լինի Դաւթի պէս, իսկ Դաւթի տունը՝ Աստծու տան նման, Տիրոջ հրեշտակի պէս՝ նրանց առաջ»։ 9«Այն օրը ես պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնք կը յարձակուեն Երուսաղէմի վրայ։ 10Շնորհի ու գթութեան հոգի պիտի հեղեմ Դաւթի տան եւ Երուսաղէմի բնակիչների վրայ. նրանք իրենց հայեացքը պիտի դարձնեն դէպի ինձ, պարելու փոխարէն լաց ու կոծ պիտի անեն, ինչպէս ողբում են սիրելի էակի վրայ, սուգ պիտի անեն, ինչպէս սգում են անդրանիկ զաւակի վրայ։ 11Այն օրը չափազանց մեծ սուգ պիտի լինի Երուսաղէմում, ինչպէս դաշտում կտրտուած նռնենիների վրայ եղած սուգը։ 12Պիտի հեկեկայ երկիրը՝ ամէն մի ազգատոհմ՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Դաւթի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Նաթանի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, 13Ղեւիի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Սեմէիի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին։ 14Այդպէս էլ մնացած բոլոր ազգատոհմերը, ամէն մէկն՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին»։
Ա Պետրոս
17որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, 18որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում։ Այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից։ 19Մկրտութիւնն էլ, ըստ նոյն օրինակի, ապրեցնում է ձեզ (ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպէս մաքուր խղճով յանձնառութիւն առ Աստուած) Յիսուս Քրիստոսի յարութեան միջոցով։ 20Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է։ Եւ նրան հնազանդւում են հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
57Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր։ 58Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց։ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի։ 59Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով 60եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ։ Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց։ 61Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց։