ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 8.11‐9.10։ Հոբ 12.1‐13.6։ Եսայի 42.1‐8։
ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ
11Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես հաղորդում եմ քեզ։ 12Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ, 13քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ, 14գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից, 15քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբիւր բխեցրեց։ 16Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ։ 17Մի՛ ասա քո մտքում, թէ՝ «Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան», 18այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր։ 19Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կը կորչէք։ 20Եթէ չլսէք ձեր Տէր Աստծու ձայնը, կը կորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից»։
9 «Լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզանից մեծ ու հզօր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչեւ երկինք հասնող պարսպապատ քաղաքներ, 2մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես։ Դու լսել ես այն խօսքը, թէ՝ «Ո՞վ կարող է դէմ կանգնել Ենակի յետնորդներին»։ 3Դու այսօր կ՚իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը։ 4Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասա, թէ՝ «Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է այստեղ, որպէսզի ժառանգեմ այս լաւ երկիրը»։ Ոչ թէ քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է, որ քո Տէր Աստուածը կոտորում է նրանց քո աչքի առջեւ։ 5Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ ազգերի անօրէնութեան համար է քո Տէր Աստուածը վերացնում նրանց քո առջեւից, որպէսզի հաստատի մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին երդումով արած իր ուխտը։ 6Դու այսօր կ՚իմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն քեզ լաւ երկիր է տալիս, որովհետեւ դու կամակոր ժողովուրդ ես»։ 7«Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների երկրից ու ելաք մինչեւ այս վայրը, ըմբոստանալով էիք գալիս տէրունական այս վայրը։ 8Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան, 9երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լերան վրայ, հաց չկերայ, ջուր չխմեցի. 10Տէր Աստուածն ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ։ Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը լերան վրայ հաղորդել էր ձեր հաւաքի օրը։
Հոբ
12 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Արդ դո՞ւք էք լոկ մարդիկ. հանճարը ձեզ հե՞տ է մեռնելու։ 3Ես նոյնպէս ձեզ նման սիրտ ունեմ։ 4Արդար ու անարատ մի մարդ է ենթարկուել ծաղրանքի։ 5Սահմանուած ժամանակ պատրաստուեց. տեսաւ իր տները՝ կործանուած օտարից, անօրէնների ձեռքով աւերուած։ 6Բայց ով որ չար լինի՝ թող երբեք չյուսայ, թէ անպարտ կը լինի։ Եւ ով որ բարկացնի Տիրոջը, նրանից մի՞թէ չի պահանջուի պատասխան։ 7Բայց դէ ե՛կ ու հարցրո՛ւ գազանին՝ թէ կը տայ պատասխան, երկնքի թռչունին՝ թէ մի՛ բան կ՚ասի քեզ. 8ու պատմի՛ր դու երկրին՝ թէ մի բան հասկացնի. կամ ձկները ծովի կը պատմե՞ն մի բան քեզ։ 9Եւ սակայն ո՞վ է, որ չիմացաւ, թէ Տիրոջ ձեռքն է ստեղծել ամէն ինչ։ 10Եւ մի՞թէ իր Տիրոջ ձեռքին չէ կեանքը կենդանի շնչերի ու հոգին ամէն մարդ էակի։ 11Զի միտքն է քննում խօսքն, ու քիմքն է համտեսում կերակուր։ 12Ժամանակի երկարութեան մէջ կայ իմաստութիւն, եւ կեանքի երկարութեան մէջ՝ միտքը հանճարեղ։ 13Նրանի՛ց գալիս են ուժ, իմաստութիւն, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճար։ 14Թէ Նա կործանի՝ ո՞վ կը շինի այն, թէ Նա փակ դնի մարդկանց առաջ՝ ո՞վ բաց կ՚անի այն։ 15Թէ Նա արգելք դնի ջրերի առաջ՝ կը չորանայ հողը, իսկ թէ որ թոյլ տայ՝ կը կործանի երկիրը։ 16Նրանի՛ց գալիս են ուժ ու զօրութիւն, Նրա՛նն են հանճար եւ իմաստութիւն։ 17Գերի է քշում խորհրդականներին, յիմարացնում է երկրի դատաւորներին, 18գահերին է նստեցնում արքաներինեւ գօտի կապում նրանց մէջքին։ 19Գերութեան է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզօրներին։ 20Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում։ 21Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա։ 22Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի։ 23Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում։ 24Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն։ 25Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն։
13 Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս։ 2Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից։ 3Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար։ 4Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն։ 5Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կը գայ ձեզ այցելութեան։ 6Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք։
Եսայի
42 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն։ Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի։ 2Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, 3անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու։ 4Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ։ 5Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ. 6«Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին, 7որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից։ 8Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»։