Մեզանից յուրաքանչյուրը օժտված է յուրահատուկ մի պարգևով և շնորհքով: Ոմանք աշխատում են իրենց ուղեղներով, ուրիշներ` ավելի լավ են ձեռքի աշխատանքների մեջ, դրա համար էլ կան` բժիշկներ, գիտնականներ, ուսուցիչներ, քաղաքագետներ, երկրագործներ, արհեստավորներ, բանվորներ, հոգևորականներ և այլն:
Կարևորը շնորհների քանակը չէ, այլ օգտագործման ձևն ու եղանակը: Մեր կողմից ճակատագրական սխալ կլինի խոստանալ Աստծուն Իր կամքը կատարել վաղը, երբ մենք մեր լավագույնը կարող ենք կատարել այսօր:
Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղած իր առաջին նամակում ասում է. «Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին` գիտության խոսք` նույն Հոգուց, մյուսին` հավատ` նույն Հոգով, մյուսին` բժշկումների շնորհ` նույն Հոգով, մյուսին` զորավոր գործերի կարողություններ, մյուսին` մարգարեություն, մյուսին` հոգիները զանազանելու շնորհ, մյուսին` տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ…,» (Ա. Կորնթ. 12:8-11):
Եթե այս բոլոր շնորհներն ու տաղանդները ճիշտ կերպով իրար մոտ գան ու համադրվեն, սովը կվերանա աշխարհի երեսից, կոտրված սրտերն ու հոգիները վերստին ուժ կառնեն և մենք կունենանք այն սիրո հրաշալի կառույցը, երը մեր Տերը Հիսուս Քրիստոս երկու հազար տարիներ առաջ հիմնեց երկրի վրա:
Այս պատմությունը հետաքրքիր է.
«Պատմում են, թե մեծ գիտնական Էնշտեյնը (որը Մաթեմատիկայի գծով էր գիտնական և շատ հայտնի է աշխարհում), շրջում էր Ամերիկայի զանազան համալսարաննրը, խոսելով «Հարաբերականության» տեսության մասին: Հերթական մի օր, երբ նա գնում էր համալսարան, նրա վարորդը ասում է. «Դոկտոր Էնշտեյն, ձեր այս դասախոսությունը այնքան եմ լսել, որ այն կարող եմ կրկնել անսխալ կերպով» և ցանկություն է հայտնում ինքը խոսելու: Մեծ գիտնականը լինելով կատակասեր բնավորության տեր մի մարդ, պատասխանում է. «Իրականում, ուր որ մենք գնում ենք ինձ երբեք չեն տեսել, հետևաբար ճանաչող չկա, արի փոխենք մեր զգեստները և այսօր դու խոսիր իմ տեղը»: Ասում են ու անում:
Այդ երեկո Էնշտեյնի վարորդը անթերի կերպով է կատարում դասախոսությունը, սակայն վերջում ներկա գիտնականներից մեկը, մաթեմատիկական մի բարդ խնդրի մասին հարց է տալիս նրան: Վարորդը արթնամիտ ու պատրաստ մեկը լինելով` առանց ինքնիրեն կորցնելու ասում է. «Պարոն, զարմանում եմ, որ ինձ այդպիսի մի պարզ հարց եք տալիս, դրան նույնիսկ սրահում նստած իմ վարորդը կյարող է պատասխանել…»: Չգիտես ծիծաղես, թե`…
Այս պատմությունը ի՞նչ է ցույց տալիս, որ մենք բոլորս լավ գիտակցենք, թե ինչքան էլ ուշիմ, խելացի, տաղանդավոր ու շնորհքով մեկը լինենք, չենք կարող ուրիշ որևէ մեկին փոխարինել և ոչ ել օգտագործել նրան տրված պարգևները: Մենք կարող ենք գործածել այն տաղանդներն ու շնորհները, որոնք միայն մեզ են տրված Աստծու կողմից: Տեր կանգնեք Ձեր շնորհներին և Աստծու տված պարգևներին: Ամեն:
Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան