«…Հաւատ, յոյս, սէր. սրանք` երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է»
Ա Կորնթ. 13.13
Մեր Տերը պատվիրեց սիրել միմյանց ու Ինքն էլ տվեց սիրո բարձրագույն օրինակը`Աստծո որդին խաչվեց մեր մեղքերի համար, Նա հասավ լիակատար, բացարձակ սիրո գաղափարին:
Սիրո զգացմունքի յուրահատկությունն անձնազոհությունն է, անձնվիրումը և այդ հիմքի վրա առաջացող հոգևոր փոխներթափանցումը: Անհատները, հոգևոր և բնատուր տարբերություններով հանդերձ, սիրո առումով միմյանց լրացնելով, հանդես են գալիս իբրև միասնական ամբողջություն: Սիրո բարոյական բնույթը հանգում է ոչ թե հակադիր սեռի արարածին, այլ միանգամայն որոշակի, միակ ու անկրկնելի մարդուն: Ըստ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արման Ղարագուլյանի`սերը կարողությունն է աշխարհի հետ միասնության, միևնույն տարածության մեջ ապրելու: Միայն այս դեպքում կարող ես ասել. Ես սիրում եմ: Սերը հանգում է աշխարհի հետ մարդուն միասնականացնող միակ տիեզերական երևույթին:
Յուրաքանչյուր մարդ արարածի մեջ ապրում է ներքին, խորքային, բացարձակի այն մասնիկը, որ նրան կապում է անհուն տիեզերքի և Աստծո հետ: Զուր չէ անտիկ փիլիսոփայությունն ասում, որ կա մեծ տիեզերք` կոսմոս, և փոքր` հանձինս մարդու: Ստացվում է, որ եթե դու սիրում ես մեկին, ուրեմն կարողացել ես նրա մեջ տեսնել ողջ տիեզերքը: Այստեղ է, որ կարելի է ասել, թե «իրական սերը ոչ այնքան հույզերի, էմոցիաների, հորմոնների խաղ է, տեսակի պահպանման համար անհրաժեշտություն, որքան շատ ավելի բարձր`հոգևոր մակարդակ: Այն ենթադրում է գիտելիք, հոգատարություն, խնամք, միևնույն խնդիրներով ապրելու կարողություն, ճանաչողություն»,-նշում է հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Գարգրցյանը:
Այս ամենի հետ մեկտեղ, «պետք է շեշտը դնել ոչ թե ճանաչելու, այլ վստահության վրա, քանի որ մարդն ինքն անճանաչելի է ամբողջությամբ, անկանխատեսելի, փոփոխական: Անընդհատ մենք խնդիր ունենք նույն մարդուն ճանաչելու, և այս դեպքում պետք է միայն վստահել նրան. այս է ամենակարևորը»,-կարծում է Երևանի Սբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Սերը բնութագրում են որպես հոգիների`իրար ձգտումը: Ասում են` մտքերի տենչանքն առաջացնում է հարգանք, մարմինների տենչանքը` կիրք, երեքը միասին` սեր: Եվ բառերը` «Ես քեզ սիրում եմ», նշանակում են, որ պատրաստ եմ քեզ տալ, նվիրել, ամենավերջինը կիսել քեզ հետ, իսկ դա մարդուն որոշակիորեն անպաշտպան է դարձնում: Ահա թե ինչու ամենքի համար խիստ դժվար է սերը բառերով արտահայտելը:
Մարդիկ, սիրելով միմյանց, պետք է ձգտեն հասկանալ, մտերմանալ, մտերմությանը զուգահեռ պատասխանատվություն կրել միմյանց հանդեպ և համատեղ սիրո համար: Եվ, ինչպես նշում են սուրբ հայրերը, որտեղ սեր կա, այնտեղ նեղություն չկա, եթե նեղություն էլ լինի` կսիրվի:
Իրական սերն անընդհատ զարգացման, էվոլյուցիայի ընթացք է և անպայման պետք է լինի գիտակցված և իմաստավորված. «միայն այս դեպքում կկարողանանք խոսել իրական սիրո մակարդակի մասին»,-բացատրում է Ա. Ղարագուլյանը:
Եվ, որ ամենակարևորն է, իրական սերը տալն է և ոչ պահանջելը, բացարձակ նվիրումը: Սերը հարատև, կատարյալ, ներքին վստահության, ներդաշնակության ու միասնության զգացողություն է: Սիրող անձը զգում է ուրախություն, բավարարվածություն` բավականություն պատճառելով սիրած էակին կամ նվազեցնելով նրա տառապանքները: Այսպիսով` սիրո նպատակը եսասիրական բավարարվածությունը չէ, այն ինքնին եսասիրության բացասումն է, հաղթահարումը. սերն «իրենը չի փնտրում»:
Իսկ ինչպիսի՞ն է, ի վերջո, սիրո ամենաբարձր ու կատարյալ դրսևորումը` աստվածային սերը, որին պետք է ձգտի մարդ արարածն իր ողջ կյանքում: Այն կարելի է բնութագրել որպես անպայման սեր, այսինքն` առանց պայմանների: «Եթե դու սիրում ես ինչ-որ մեկին և ինքդ քեզ հարց տալով` ինչու եմ սիրում նրան, տալիս ես այդ հարցի պատասխանը`սիրում եմ, որովհետև բարձրահասակ է, գեղեցիկ մազեր ունի, գեղեցիկ ժպիտ, արդեն դուրս ես գալիս իրական սիրո ըմբռնումից, քանի որ երկրորդ հարցն է ծագում. իսկ եթե տարիքի հետ նա կորցնի՞ իր ժպիտը, աչքերի փայլը…»,-նշում է Ա. Ղարագուլյանը:
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսիսյանի խոսքերով` ամենը, ինչ որ Աստծո ստեղծագործություններից է և արարչագործության մի մասն է կազմում, արդեն իսկ արտահայտումն է աստվածային սիրո: Իհարկե, մարդ արարածի համար շատ դժվար է հասնելը դրան, քանի որ պետք է լինել անչափ ներողամիտ, անչափ գթառատ, անչափ ողորմած, անչափ մարդասեր: Աստվածայինը, ի տարբերություն մարդկային սիրո, անկեղծ ու կատարյալ է մինչև վերջ: «Մեր բարեկամների հետ, որոնց հարգում, սիրում ենք, հնարավոր է` մի օր ինչ-որ խնդիրների պատճառով գժտվենք, և սկսենք նույնիսկ ատել իրար, ինչը մեր իրականության մեջ չի բացառվում և կա: Եվ ասվում է`սիրեցեք ձեր թշնամիներին, աղոթեցեք նրանց համար, օրհնեցեք ձեզ անիծողներին. սա նույնպես սեր է, բայց արդյո՞ք մենք անում ենք դա, կարո՞ղ ենք անել»:
Աստվածային սիրով լցվելու համար մեծ դեր ունեն աղոթքը, մասնակցությունը Սբ Պատարագին, շարականների երգեցողությունը, որ թափանցում ու լցնում է մեր հոգու
հեռավոր, թաքուն խորշերը: «Առանց Աստծո օգնության հնարավոր չէ հասնել աստվածային սիրո: Մարդը ճանաչում է սիրո միայն երկու տեսակ` էրոս (ֆիզիկական սեր) և ֆիլեո (ընկերական սեր), իսկ ագապեն` աստվածային սերը, որին միայն եկեղեցու միջոցով կարելի է հասնել, հնարավոր չէ առանց Աստծո օգնության»,-նշում է Տեր Եսային:
Եվ, ինչպես երաժշտություն ենք սովորում, խոհարարություն կամ ցանկացած արվեստ, վերջին հաշվով նույնպիսի աշխատանք էլ պահանջում է սերը: Մարդն, անշուշտ, ընդունակ է հասնելու իրական սիրուն, խնդիրը միայն աշխատասիրությունն է, հետևողականությունը, նվիրվածությունը: Ի վերջո, սիրո մեջ բոլոր խոչընդոտներն ստեղծում է հենց մարդու բնույթը, անձը` դրական և բացասական հատկություններով հանդերձ: «Եթե դու ուզում ես սիրել դիմացինին, նրա մեջ տեսնել աստվածայինը, տիեզերքը, անպայման կհասնես դրան»,-համոզված է Ա. Ղարագուլյանը: Ամեն մեկիցս պահանջվում է սիրել մարդկանց` առանց նրանց դատելու, ընդունելու այնպիսին, ինչպիսին որ կան, քանի որ մենք էլ ենք մյուսների պես սխալվում, իսկ ներելն առաքինի գործերից մեկն է: «Ներել` նշանակում է մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին կա` Քրիստոսի օրինակով, ով չասաց, թե մենք սուրբ պիտի լինենք»,-ասում է Տեր Եսային:
Եվ մեր Տերը պատգամում է. «Սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի» (Հովհ. 13.34):
Աղբյուրը` «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ, 2011, փետրվար Ա, թիվ 3: Հեղինակ` Մարիամ Ավետիսյան