Եբրայեցիներ 12.25‐13.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.20-33։
Եբրայեցիներ
25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 26 որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»: 27 Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն: 28 Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով, 29 քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակ է:
13
ԻՆՉՊԷՍ ՀԱՃԵԼԻ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ
1 Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ: 2 Մի՛ մոռացէք օտարասիրութիւնը, որովհետեւ դրա շնորհիւ ոմանք հրեշտակներ հիւրընկալեցին առանց իմանալու: 3 Յիշեցէ՛ք բանտարկեալներին, որպէս թէ դուք բանտարկուած լինէք նրանց հետ. յիշեցէ՛ք նաեւ չարչարուածներին, քանի որ դուք էլ մարմնաւոր էք: 4 Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ: Եւ Աստուած պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին: 5 Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, եւ ինչ որ ձեռք էք բերել, բաւարա՛ր համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ»: 6 Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք.
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
20 «Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է: 21 Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22 որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները: 23 Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ: 24 Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»:
ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ
25 «Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, 26 աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 27 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով: 28 Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»:
ԹԶԵՆՈՒ ԴԱՍԸ. ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՍՏԵԱՆ ՊԱՀԸ
29 Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30 երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը: 31 Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է: 32 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 33 Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»: