Հռոմէացիներ 5.12-21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 11.25-30։
Հռոմէացիներ
12Ինչպէս որ մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին. 13քանզի մինչեւ օրէնքը մեղքը աշխարհում կար. բայց մեղքը մեղք չի համարւում, ուր չկայ օրէնք. 14սակայն մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէս նոյնիսկ նրանց վրայ, որոնք Ադամի յանցանքի նման յանցանք չգործեցին, Ադամի, որը օրինակն է նրա, որ գալու էր։ 15Բայց շնորհն այնպէս չէ, ինչպէս յանցանքը. որովհետեւ, եթէ մէկի յանցանքով շատեր մեռան, որչա՜փ եւս առաւել Աստծու շնորհները եւ պարգեւները մէ՛կ մարդու՝ Յիսուս Քրիստոսի շնորհով աւելացան շատերի մէջ։ 16Եւ այս պարգեւները այնպէս չեն, ինչպէս որ է մէկ մարդու մեղքի հետեւանքը. որովհետեւ մէկի մեղքի դատաստանը դատապարտութիւն բերեց, իսկ շնորհը գործուած շատ մեղքերի արդարութիւն բերեց. 17արդարեւ, եթէ մէկ մարդու յանցանքով մահը թագաւորեց միայն այդ մէկով, որչա՜փ եւս առաւել նրանք, որ շնորհի առատութիւն եւ արդարութեան պարգեւներ են ստանում, կեանքի մէջ պիտի թագաւորեն միակ Յիսուս Քրիստոսի միջոցով։ 18Ապա ուրեմն, ինչպէս մէկ մարդու յանցանքով բոլոր մարդիկ դատապարտութեան մատնուեցին, նոյնպէս եւ մէկի արդարութեամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կեանքի արդարութեան շնորհին. 19որովհետեւ, ինչպէս մէկ մարդու անհնազանդութեամբ շատ մեղաւորներ եղան, նոյնպէս եւ մէկի հնազանդութեամբ շատ արդարներ պիտի լինեն։ 20Բայց օրէնքը մէջտեղ ընկաւ, որպէսզի յանցանքները բազմանան. որովհետեւ, ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել եւս շատացաւ։ 21Ինչպէս որ մեղքը թագաւորեց մահուան մէջ, նոյնպէս եւ շնորհը պիտի թագաւորի արդարութեամբ մինչեւ յաւիտենական կեանք մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
25Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ 26Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 27Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել։ 28Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ 29Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։