Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ ԵՐԵՄԻԱ 16.16-21։ Ա Կորնթացիներ 12.28-13.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։
Իմաստութիւն Սողոմոնի
1 Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ։ Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան։ 2Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։ 3Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին։ 4Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում։ 5Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն։ 6Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը։ 7Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում։
ԵՐԵՄԻԱ
16 «Ահաւասիկ ես կ՚ուղարկեմ բազում ձկնորսների, — ասում է Տէրը, — եւ նրանք կ՚որսան նրանց. այնուհետեւ կ՚ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից: 17 Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ: 18 Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»:
19 Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն,
իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն.
աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու.
«Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը,
իսկ նրանցից օգուտ չկար:
20 Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի,
բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»:
21 «Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը,
ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը,
ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»:
Ա Կորնթացիներ
28Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։ 29Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բոլո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են. 30միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են։ 31Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ։
13 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ 2Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։ 4Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, 5անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, 6անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. 7ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ 8Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի. 9քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։ 10Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ՚անհետանայ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
9 Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները։ 2Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին։ 3Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք։ 5Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»։ 6Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ։