Գաղատացիներ 5.2-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5.17-26։
Գաղատացիներ
2Ահա՛ւասիկ ես՝ Պօղոսը, ձեզ ասում եմ, որ, եթէ թլփատուէք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի։ 3Վկայում եմ թլփատուող ամէն մարդու, որ պարտաւոր է ամբողջ օրէնքը կատարել։ 4Դուք, որ օրէնքով էք արդարանում, Քրիստոսից կտրուած էք, շնորհից ընկած. 5որովհետեւ մենք Հոգու միջոցով հաւատից ենք սպասում արդարութեան յոյսը. 6քանի որ նա, ով միացած է Քրիստոս Յիսուսին, ո՛չ թլփատուած լինելը արժէք ունի եւ ո՛չ անթլփատ լինելը, այլ՝ հաւատը, որ սիրով է գործում։ 7Լաւ էր ձեր ընթացքը, ո՞վ ձեզ կասեցրեց, որ չհնազանդուէք ճշմարտութեանը։ 8Այս թելադրանքը նրանից չէ, ով ձեզ կանչում է։ 9Մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգուածը։ 10Իսկ ես վստահ եմ ձեր վրայ Տիրոջով, թէ ուրիշ կերպ չէք խորհում. եւ ով ձեր միտքը խռովում է, դատաստան կը կրի՝ ո՛վ էլ լինի։ 11Իսկ ես, եղբայրնե՛ր, եթէ թլփատութիւն էի քարոզում, ինչո՞ւ եմ դեռ հալածւում։ Ապա ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։ 12Երանի՜ թէ արմատախիլ լինէին նրանք, որ ձեր միտքը խռովում են։ 13Եղբայրնե՛ր, դուք կոչուած էք ազատութեան. միայն թէ ձեր ազատութիւնը սոսկ մարմնի ցանկութիւնների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցէք միմեանց. 14որովհետեւ ամբողջ օրէնքը այս մէկ խօսքի մէջ է ամփոփւում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս՝ ինքդ քեզ»։ 15Իսկ եթէ միմեանց խածոտէք եւ յօշոտէք, զգո՛յշ եղէք, գուցէ թէ միմեանց ոչնչացնէք։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
17Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր։ 18Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։ 19Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ։ 20Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»։ 21Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»։ 22Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր։ 24Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ 25Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն։ 26Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն։ Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։