Որոշ մարդիկ և հատկապես աղանդավորները հաճախ հետևյալ մեղադրանքն են անում. «Քրիստոս ասաց` ոչ ոքի ուսուցիչ կամ հայր չկոչեք, բայց ահա հոգևորականներն արհամարհում են Քրիստոսի պատվիրանը և ստիպում են մարդկանց իրենց կոչել տեր, վարդապետ կամ հայր»։ Հոգևորականներին տեր հայր կամ հայր սուրբ դիմելաձևը աղանդավորների և եկեղեցու հետ շատ քիչ կապ ունեցող, սակայն իրենց աստվածաշնչի գիտակներ համարող մարդկանց կարծիքով Քրիստոսի կողմից ասված մի կարևոր պատվիրանի խախտում է։ Իրոք, Քրիստոս Մատթեոսի Ավետարանում ասում է. «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է։ Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը» (Մատթ. 23.8-10)։ Քրիստոսի խոսքերն օգտագործելով` այսպիսի մեղադրանք հնչեցնելը նշանակում է, որ և՛ դպրոցներում պետք է արգելել ուսուցիչ բառը, և՛ գիտնականներին պետք է զրկել իրենց գիտական կոչումներից, էլ չենք մանրամասնում, որ ոմանք նույիսկ արգելում են ծնողին հայր կոչելը։ Այսպիսի միտումները, ինչ խոսք, նորմալ մարդկանց համար անհեթեթություն են թվում։ Նախ նրանք, ովքեր ասում են, որ հայր կամ ուսուցիչ` վարդապետ, չպետք է կոչել ոչ ոքի, առավել ևս` հոգևորականներին, քանզի Քրիստոս արգելում է այդպիսի կոչումները, իրենց վրա են բարդում Աստվածաշնչի շատ տկար իմացության մեղքը։
Քրիստոս այս պատվերը տվեց այն ժամանակ, երբ դատապարտում էր փարիսեցիներին ու օրենսգետներին, որովհետև նրանք սիրում էին իրենց վերաբերող այդպիսի պատվավոր կոչումներ լսել։ Եվ Քրիստոս առաջին հերթին պատվիրեց խուսափել կոչումների պատճառով հպարտությունից ու սնափառությունից, քանի որ օրենսգետներն ու փարիսեցիները, որոշ գիտելիքների տիրապետելով, այնպես էին հպարտանում, կարծես հենց իրենք են դրանց աղբյուրը։ Գիտելիքների և մարդկային լինելիության սկզբնապատճառը Աստված է, և այս բացարձակ իմաստով արգելված է որևէ մեկին կոչել հայր կամ ուսուցիչ, սակայն մենք այդ անվանումներն օգտագործում ենք որպես պարզ պատվանուն։
Դարձյալ մեզ հակառակվողներից ոմանք գուցե ասեն. «Ահա տեսեք, ինչ-որ այլաբանական բացատրություններ են տալիս` խուսափելով կոնկրետ պատասխանից»։ Սակայն նորից նշենք, որ այսպիսի բան ասողը կրկին իր վրա է բարդում Աստվածաշնչի տկար իմացության մեղքը: Նախ Քրիստոսի ասածը, ինչպես որ բացատրվեց, այդպես հասկացան նաև առաքյալները և բացարձակ իմաստով ոչ ոքի հայր կամ ուսուցիչ չկոչեցին, սակայն որպես պատվանուն օգտագործեցին դրանք։ Այս կարծիքին հակառակվողներին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս ընթերցել Պողոս առաքյալի թղթերը, որոնց մեջ առաքյալն ինքն է իրեն ուսուցիչ կոչում, իսկ հակառակվող մարդկանց գործն ավելի հեշտացնելու նպատակով նշենք նաև մի քանի համարներ։ Տիմոթեոսին ուղղված առաջին նամակի 2-րդ գլխի 7-րդ համարում Պողոս առաքյալն ասում է. «Դրա համար իսկ ես կարգվեցի որպես քարոզիչ և առաքյալ, (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), եղա վարդապետ հեթանոսների` հավատով և ճշմարտությամբ»։ Իսկ Տիմեթեոսին ուղղված Բ նամակի առաջին գլխի 11-րդ համարում առաքյալն ասում է. «Ավետարան, որին քարոզիչ կարգվեցի ես և առաքյալ ու վարդապետ հեթանոսների»:
Իսկ ծնողին հայր չկոչելու պնդումն արդեն դուրս է մարդկային առողջ բանականության սահմաններից։ Եվ եթե Քրիստոս ընդհանրապես արգելեր հայր բառի գործածությունը բացի Աստծուն դիմելու ձևից, ապա Ինքը շատ անգամներ չէր օգտագործի հայր բառը։ Եվ սա դարձյալ ցույց տանք աստվածաշնչյան մեջբերումներով։ Սկսենք Աստվածաշնչի հենց ամենասկզբից։ Ծնողի համար հայր բառն առաջին անգամ Աստծո հավանությամբ գործածեց Ադամը, երբ խոսելով կնոջ մասին` ասաց. «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը` պետք է միանա իր կնոջը» (Ծննդ. 2.24)։ Աստված Ինքը ծնողի համար գործածեց հայր բառը տասը պատվիրանների մեջ` ասելով. «Պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.12, Բ Օր. 5.16)։ Դարձյալ, երբ Աստված երևում է Իսահակին, Մովսեսին, ասում է. «Ես քո հոր Աստվածն եմ» (Ծննդ. 26.24, Ելք 3.6), նաև պատվիրում է Մովսեսին. «Այսպես կասես իսրայելացիներին. ՛՛Ձեր հայրերի Տեր Աստվածը` Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն է առաքել ինձ՛՛» (Ելք 3.15)։ Առակների մեջ 23-րդ գլխում աստվածաշնչյան իմաստունն ասում է. «Լսիր որդյակ քեզ ծնող հորը» (22)։ Նոր Կտակարանում արդեն` Մատթեոսի Ավետարանում, Հիսուս Քրիստոս ծնողի համար դարձյալ օգտագործում է հայր բառը` ասելով. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ ետևից» (Մատթ. 19.4)։ Մարկոսի Ավետարանում Քրիստոս, հիշեցնելով Մովսեսի օրենքը, ասում է. «Ով որ չարախոսի իր հոր կամ մոր մասին, մահվամբ թող պատժվի» (7.10)։ Ղուկասի Ավետարանում օրենսգետներին դիմելով` Քրիստոս ասում է. «Ձեր հայրերը սպանեցին մարգարեներին» (11.47)։ Նաև առաքյալները Գործք Առաքելոցում և իրենց թղթերում բազմաթիվ անգամներ գործածում են հայր բառը: Սա ցույց է տալիս, որ Քրիստոս, ասելով` «ոչ ոքի հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է», նկատի ուներ, որ ոչ ոքի Հայր չկոչենք աստվածային բացարձակ իմաստով, այլապես Ինքը շատ անգամներ հայր բառը չէր օգտագործի։ Կարծում ենք, որ այսքանը լիուլի բավական է թերահավատներին հաստատելու և հակառակվողների տգիտությունը ցույց տալու համար։ Ահա տեսնում ենք, որ բացարձակ իմաստով արգելված է որևէ մեկին կոչել ուսուցիչ կամ հայր, սակայն որպես պատվանուն դրանք գործածել է և՛ Հայր Աստված, և՛ Որդին Աստված` Քրիստոս, և՛ առաջին մարդը` Ադամը, և՛ առաքյալները։ Եվ այս ամենից մենք բոլորս միայն մեկ եզրակացություն կարող ենք անել` ոչ թե Եկեղեցին է խախտում Քրիստոսի պատվիրածը, այլ տարբեր աղանդավորներ մոլորեցնում են մարդկանց` գցելով շփոթության մեջ։ Սա նշանակում է, որ աստվածային պատվիրանները ճշմարտությամբ ու-սուցանում և մարդանց դեպի Երկնային Արքայություն է առաջնորդում միմիայն Ճշմարիտ Եկեղեցին, որին մենք բոլորս պետք է հավատարիմ մնանք մեր ողջ կյանքի ընթացքում։
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՏԵՐ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աղանդավորները մեղադրում են մեզ, որ հոգևորականներին դիմում ենք նաև տեր ձևով, որը մենք գործածում ենք ոչ թե երկնային Տիրոջ իմաստով, այլ որպես մի պարզ պատվանուն։ Աղանդավորների այս մեղադրանքը կրկին ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները խաբում են միամիտ շարքային աղանդավորներին, իսկ շարքային աղանդավորները պարզապես շատ տկար գիտելիքներ ունեն Աստվածաշնչից։ Աստվածաշնչից հասարակ աղանդավորների տկար գիտելիքների պատճառն այն է, որ գրեթե բոլոր աղանդավորները աղանդ մտնելուց առաջ ընդհանրապես Աստվածաշունչ չեն իմացել և հետո ընդունել են այն, ինչ իրենց ասել են աղանդի մեջ։ Նրանք միայն մեկ բան գիտեն տեր բառի գործածության վերաբերյալ, որն ամեն անգամ կրկնում են անգիր սովորած երեխայի պես. Քրիստոս Մատթեոսի Ավետարանում ասում է. «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է։ Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը» (Մատթ. 23.8-10) կամ «մեզ համար միայն մե՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և` միայն մե՛կ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով» (Ա Կորնթ. 8.6)։
Ահա այն ամենը, ինչ նրանց հայտնի է հայր կամ տեր բառերի մասին։ Քրիստոսի պատվերն իրականում վերաբերում է բացարձակ, աստվածային իմաստով որևէ մեկին տեր, ուսուցիչ կամ հայր չկոչելուն։ Հայր և վարդապետ բառերի մասին վերոնշյալ բացատրությունը տրվեց, իսկ ինչ վերաբերում է տեր բառին, ապա Քրիստոս Ինքը ընդունում է տեր բառի գործածությունը կյանքի տարբեր պարագաներում։ Այս են ցույց տալիս նրա բազմաթիվ խոսքերը Ավետարաններից։ Ահա այդ օրինակները։
«Աշակերտը ավելին չէ, քան վարդապետը, և ոչ էլ ծառան` քան իր տերը: Աշակերտին հերիք է, եթե լինի իր վարդապետի նման, և ծառային` իր տիրոջ նման» (Մատթ. 10.24-25): Այստեղ Քրիստոս բացի տեր բառից օգտագործում է նաև վարդապետ` ուսուցիչ բառը։ Քրիստոս Իր պատմած առակներում հաճախ համեմատություններ է անում տիրոջ և ծառայի հարաբերությունների հետ` շատ ընդունելի կերպով բազմաթիվ անգամներ գործածելով տեր բառը (Մատթ 13.27-29; 18.24-25, 33-35; 24.45-51; 25.19-21; Ղուկ 17.9-10): Սակայն կարող են ասել, որ առակներում տերը խորհրդանշում է Աստծուն, դրա համար էլ ընդունելի է տեր բառի գործածությունն այս առակների մեջ: Բայց եթե աղանդավորներն ասում են, որ ընդհանրապես չպետք է գործածենք տեր բառը, որովհետև Քրիստոս է այդպես ասել, ապա ստացվում է, որ երբեք որևէ մեկին չպետք է ասենք տան տեր, այգու տեր և այլն, ինչը պարզապես ծիծաղելի է թվում։ Սակայն Քրիստոս Ինքը նման պարագաներում գործածեց այգու տեր (Մատթ. 20.8, 21.40, Մարկ. 12.9, Ղուկ. 20.15), տանուտեր (Մատթ. 13.52, 20.1, 21.33) բառերը, Ավետարանում հիշվում են ավանակի տերերը (Ղուկ. 19.33)։
Լավ իմանալով բացարձակ իմաստով մարդուն Տեր կոչելու Քրիստոսի արգելքը` տեր բառը սովորական գործածության համար ընդունելի են համարել նաև Քրիստոսի առաքյաները և իրենք ևս շատ անգամներ օգտագործել են այն իրենց գրություններում։ Օրինակ` «Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ` չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս» (Գործք 16.16): Պողոս առաքյալը ևս իր նամակներում տեր բառն օգտագործում է տարբեր հանգամանքների համար. «Թող մարդը կնոջ հանդեպ իր պարտքը կատարի, նույն ձևով և կինը` իր մարդու հանդեպ. որովհետև կինն իր մարմնի տերը չէ, այլ` մարդը: Նույնպես և` մարդը իր մարմնի տերը չէ, այլ` կինը» (Ա Կորնթ. 7.3-4): «Ծառանե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ թե մարդահաճո կերպով, ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ` երկյուղ կրելով Տիրոջից» (Կողոս. 3.22): «Բոլոր նրանք, ովքեր ծառա-յության լծի տակ են, նրանցից յուրաքանչյուրը թող իր տերերին պատվի արժանի համարի, որպեսզի Աստծու անունն ու վարդապետությունը չանարգվի: Իսկ նրանք, որ հավատացյալ տերեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հավատացյալներ են» (Ա Տիմ. 1-2): «Հորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տերերին և ամեն ինչում լինեն հաճելի նրանց» (Տիտ. 2.9): Նույն կերպ է վարվում նաև Քրիստոսի ամենանախանձախնդիր առաքյալներից Սուրբ Պետրոս առաքյալը. «Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կունենաք, եթե, մեղանչելուց հետո, տանջվեք և համբերեք: Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ» (Ա Պետ. 2.18-20): «Այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում» (Ա Պետ. 3.6):
Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ աստվածային բացարձակ իմաստով մենք չպետք է ոչ ոքի կոչենք տեր, հայր կամ ուսուցիչ, սակայն որպես պատվանուն դրանք կարելի է օգտագործել, ինչպես որ արել են Քրիստոս և նրա առաքյալները։ «Թեպետև այսպես կոչված աստվածներ կան թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա. արդարև, կան բազում աստվածներ և բազում տերեր: Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և՝ միայն մե՛կ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք Նրանով»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 8.5-6) և բացատրում նաև, որ այս երկրի վրա բոլոր տեր կոչվողները (սովորական իմաստով) իրենց միակ Տերը (բացարձակ, աստվածային իմաստով) ունեն երկնքում, որի առջև բոլորս պատասխանատու ենք. «Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին ահով և դողով և անկեղծ սրտով, ինչպես հնազանդ եք Քրիստոսին։ Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց հանդեպ` մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացե՛ք, որ և՛ նրանք, և՛ դուք Տեր ունեք երկնքում, և Նրա առաջ աչառություն չկա» (Եփես. 6.5, 9): Սա ավելի լավ հասկանալի է նաև Աստվածաշնչի այն հատվածներում, երբ նշվում է, որ Աստված տերերի Տերն է. «Որին իր ժամանակում հայտնի պիտի անի Երանելին և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը» (Ա Տիմ. 6.15): «Եվ սրանք պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը` թագավորների» (Հայտն. 17.14): «Եվ Իր պատմուճանի ու Իր մարմնի մասերի վրա կար գրված մի գրություն` Թագավոր թագավորների և Տեր տերերի» (Հայտն. 19.16):
Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.