Դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զավեն վարդպատետ Յազիչյանին, ով ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, դեկտեմբերի 28-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ արժանացել էր մասնավոր վարդապետական աստիճանի:
Նախորդ օրը տեղի էր ունեցել նաև Հայր Զավենի՝ «Հոգեբանական գիտելիքների կարևորությունը հոգևոր հովվի ծառայության մեջ» թեմայով վարդապետական թեզի բանավոր պաշտպանությունը:
Սկզբում Հովնան Սրբազանը, ներկայացնելով նորաթուխ վարդապետին, հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու խրատները:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով վարդապետական աստիճան ստացած Հայր Զավենին, ասաց. ‹‹Ուրախ է մեր հոգին այս գեղեցիկ իրադարձության առիթով, քանի որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու աբեղաներից ևս մեկն արժանանում է բարձր ու պատասխանատու պատվի և շնորհի: Վարդապետական թեզի պաշտպանությունը ճշմարիտ վկայությունն է, որ տվյալ եկեղեցականն ունի բարձր մտավոր կարողություններ և իր հովվական առաքելությանը զուգահեռ եկեղեցական ծառայության մեջ մշտապես պիտի նաև մտքով, գրչով արգասավորի հավատացելոց կյանքը, իր գրվածքներով նպաստի հայ ժողովրդի հոգևոր կրթության ու հոգևոր դաստիարակության պատասխանատու գործին››:
Իր հայրապետական գնահատանքն ու պատգամը փոխանցելով Զավեն վարդապետին՝ Նորին Սրբությունն ի մասնավորի հավելեց, որ վերջինս հետայսու մեծագույն պատվի ու պատասխանատվության կրողն է և իր կյանքի ամբողջ ընթացքում պիտի քաջ գիտակցությամբ ու առավել մեծ ծառայանվիրումով շարունակի սպասավորել Հայ Եկեղեցում: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև Հայր Զավենի անսակարկ ծառայությանն ու փաստեց, որ այն հատկանշված է եղել համեստությամբ, ծառայասիրությամբ, հանձնառության քաջարի ոգով և նպատակաուղղված է եղել ի պայծառություն Հայ Եկեղեցու և հավատավոր հայորդյաց հոգևոր կյանքի զորացմանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը վարդապետական ակնակուռ լանջախաչով զարդարեց Զավեն վարդապետի կուրծքը և ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց նրան: