Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ժնև (Շվեյցարիա): Օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանը և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու վարչության ատենապետ Վիգեն Վարձպետը:
Նույն օրը Գարեգին Երկրորդ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ ներկա գտնվեց Կարմիր Խաչի և Ժնևյան Կարմիր Խաչի ջանքերով կազմակերպված Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. բարեգործական հանդեսին: Այս տարի «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանի ներքո անցկացված հանդեսի ընթացքում հավաքագրված միջոցները նպատակաուղղվելու են նաև Հայաստանում կարիքավոր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին:
Հոկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում` ազդարարելով եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը և իր բարձր ներկայությամբ խանդավառություն հաղորդելով հայ համայնքին: Այս առիթով եկեղեցում էին հավաքվել շվեյցարահայ համայնքի բազում ներկայացուցիչներ:
Հայրապետական պատարագը սկսվեց հանդիսավոր թափորով, որի ընթացքում ժողովուրդն արժանացավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությանը: Որպես առընթերականեր Վեհափառ Հայրապետին սպասավորեցին Խաժակ արքեպիսկոպոսը և Գուսան վարդապետը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի տարբեր համայնքների վարչությունների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավոր հայորդիներ, ինչպես նաև Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովվական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան և դոկտ. Անի Ղազարյանը, Սոսա-Թղուանե բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը և Վերոնիկ Շոպֆեր-Օրելին և Ժնևի հրեական համայնքի գլխավոր րաբբի դոկտ. Իսահակ Դայանը:
Սուրբ Պատարագի ընթացքում, իբրև բնաբան ընտրելով Ա. Տիմ. Գ 15-ի` «կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամը բերեց ներկա ժողովրդին:
«Փառք ենք վերառաքում Բարձրյալին, որ շնորհն է պարգևել հովվապետական այց կատարելու Շվեյցարիա, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, և մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հետ միասին տոնախմբելու Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակը: Շվեյցարիայի օրհնյալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զավակներ ապրել են մշտապես վառ պահելով հայրենիքի հանդեպ սերը և հայ քրիստոնեական իրենց ինքնությունը, որի վկայությունն ու պսակն է 1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և լուսահոգի Հակոբ Թոփալյան ազնվահոգի բարերարի ջանքերով կառուցված այս գեղեցիկ եկեղեցին։ Աղոթքով ենք հիշում հանգուցյալ բարերարին և ի պայծառություն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտավորներին: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը», – նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունն իր քարոզում անդրադարձավ տաճարի խորհրդին և առաքելությանը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում: «Սուրբ է Տիրոջ տաճարը, որտեղ երկնառաք բարիքներով լիանում են հավատացյալների հոգիները, բավականանում մխիթարությամբ, սփոփվում աստվածային ողորմությամբ, առատանում Սուրբ Հոգու շնորհներով: Սուրբ Պողոս առաքյալը հենց այս նվիրական ու տերունավանդ առաքելությունն է շեշտում՝ կենդանի Աստծո Եկեղեցին բնորոշելով իբրև ճշմարտության հաստատում և սյուն։ Հավատացյալներիս համար Եկեղեցին դեպի Աստված և փրկություն առաջնորդող տապան է, որ այս կյանքի ալեկոծությունների, անհանգստությունների ու տագնապների միջից իր հարկի ներքո ապաստանածներին սնում է հոգևոր կերակուրով, մատռվակում Տիրոջ կենաց խոսքը և ապահով հասցնում դեպի փրկության խաղաղ նավահանգիստը:
Քրիստոսի պարգևած ճշմարտության հավատքով զորացած` աշխարհով մեկ եկեղեցիներ հիմնեցինք՝ հնչեց աղոթքը, հնչեց հայ լեզուն ու խոսքը, վառ մնաց ջահը աստվածսիրության ու եկեղեցասիրության: Մենք մարդկային պատմության անդաստանում թողեցինք առ Քրիստոս հավատքով կերտված ազգային կյանքի, արժանահիշատակ գործերի վառ վկայությունները և աստվածպաշտության հաստատուն ու ճշմարիտ մե՛ր՝ հայկական սյուները՝ հոգևոր և ազգային անգին գանձերը, որոնցից մեկը Սուրբ Հակոբ անունը կրող այս եկեղեցին է», – ասաց Նորին Սրբությունը։
Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Շվեյցարիայի հայության կյանքում Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա ծառայության մասին: «Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ կես դար Սուրբ Հակոբ եկեղեցին հոգևոր սպասավորների և նրանց լծակից աշխարհականների գովելի ծառայությամբ հոգևոր խնամք է մատուցել Շվեյցարիայում հաստատված հայորդիներին, զորացրել ու առաջնորդել դեպի Աստված, բաշխել Սուրբ Հոգու պարգևները և ամուր պահել ազգային ինքնությունը: Համայնքային կյանքում ծագած դժվարություններն ու անհամաձայնությունները ձեր հայրերը և դուք հաղթահարել եք ազգային միասնության գիտակցությամբ և առ մեր Սուրբ Եկեղեցին սիրո ու հավատարմության ոգով: Մենք քաջալեր ու հուսավառ ենք ձեր հավատավոր բարի ընթացքով ու աստվածահաճո գործերով: Ձեր ձեռքբերումները դուք ծառայեցնում եք ոչ միայն շվեյցարահայ համայնքի բարգավաճմանը, այլև մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, մեր անկախ հայրենիքի, ազատ Արցախի զորացմանը: Քրիստոնեական արժեքներին հավատարմությամբ դուք նաև Շվեյցարիայի բարի ու վստահելի քաղաքացիներն եք, մասնակից ավանդաշատ այս երկրի հասարակական կյանքի առաջընթացին: Շվեյցարիայի Կարմիր խաչի կողմից կազմակերպված երեկվա հանդեսը ի նպաստ կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցների, վառ վկայությունն էր այն կարևոր ավանդի, որ հայ համայնքն ունի հաչս Շվեյցարիայի իշխանությունների և հասարակության: Այս առիթով բերում ենք ձեզ ամենքիդ մեր բարձր գնահատանքն ու օրհնությունը:
Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, գոհունակություն է հայոց Հայրապետիս համար, որ դուք ձեր բաժին լույսն եք հավելում Սուրբ Էջմիածնի Լուսավորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչև այսօր լուսավորում է ազգիս փրկության ճանապարհը: Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, որ ձեր հայրերի օրինակով, սիրո և միաբանության ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո շարունակեք կենդանի պահել ազգային-եկեղեցական ձեր կյանքը` երիտասարդ սերնդին կրթելով և դաստիարակելով ազգասիրության ոգով: Նույն նախանձախնդրությամբ զորեղ պահեք եկեղեցասիրության և հայրենանվիրումի ձեր ոգին, ձեր հավատքը և միշտ Աստծո կամքի համաձայն ընթանալու վճռականությունը, ինչպես Սուրբ Գիրքն է պատվիրում՝ «բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու և Աստծու գիտությամբ աճելու համար» (Կող. Ա 9-10)», – ընդգծեց Հայոց Հայրապետը:
Հոբելյանական այս ուրախ առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու գնահատանքը բերեց Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանին, Սուրբ Հակոբ եկեղեցու վարչության ատենապետին և անդամներին ու հայ համայնքի հավատավոր բոլոր անդամներին` մաղթելով ուժ և կորով եկեղեցաշեն ու ազգանվեր գործերում, որպեսզի նվիրումով ու ջերմեռանդությամբ կարևոր մասնակցություն բերեն ինչպես համայնքային կյանքի զորացմանը, այնպես էլ Շվեյցարիայի բարգավաճմանը:
Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Բարին Աստված Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահպանի աշխարհը խաղաղության մեջ, բարօր ու ապահով պահի Շվեյցարիայում ապրող իր հավատավոր զավակներին` շնորհազարդելով ու լիացնելով Իր առատ պարգևներով: Նորին Սրբությունն աղոթքով մաղթեց, որ Տիրոջ օրհնությամբ սիրո և խաղաղության մեջ շենանա Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովուրդը:
Ի հիշատակ հոբելյանական այս առիթով հայրապետական այցելության` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հակոբ եկեղեցուն ընծայեց մարմարե խաչքար:
Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու հանդիսությունների սրահում, մասնակցությամբ այս առիթով հավաքված ժողովրդի, տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությանը բարիգալստյան խոսքով ողջունեց Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու վարչության ատենապետ Վիգեն Վարձպետը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու պատգամը բերեց հավատավոր ժողովրդին` մասնավորապես պատգամելով աշխույժ պահելու համայնքի ազգային-եկեղեցական կյանքը, զորացնելու հայրենիքը և զորանալու հայրենիքով, սերնդեսերունդ փոխանցելու նախնյաց ավանդած սրբազան ժառանգությունն ու արժեքները: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հզոր հայրենիքն է սփյուռքի կենսունակության աղբյուրը և հուսալի երաշխիքը:
Ընդունելության ընթացքում իր ուրախությունն Ժնև այցի և հայ համայնքի հետ հանդիպման առիթով հայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վերջինս իր շնորհավորանքները բերեց շվեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաև Հայոց Եկեղեցու հայապահպան կարևոր առաքելությանը:
ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հերթին համայնքին փոխանցեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը եկեղեցու հիսնամյակի առիթով:
Վերջում տեղի ունեցավ աջահամբույրի արարողությունը, որի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան անձամբ մոտենալու Հայոց Հայրապետին և ստանալու նրա օրհնությունն ու հայրական հորդորները:
Երկօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ թեմի թեմական և ծխական մարմինների պատասխանատուների և անդամների հետ և իր թելադրությունները կատարեց թեմական և համայնքային կյանքի առավել զորացման և արդյունավորման համար: