20-րդ դարի վերջին բացառաբար արևմուտքից Հայաստան ներմուծված կրոնական կազմակերպությունները, և 19-րդ դարում հայ իրականության մեջ ներթափանցած բողոքական կամ ավետարանական եկեղեցու հայկական տարբերակները, իրենց դեմ ոմանց կողմից բարձրաձայնված քննադատություններին ի պատասխան՝ իրենց դիմադարձումն ուղղում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Իրենք իսկ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս Հայ Եկեղեցու հասցեին, որով և միլիոնավոր հայ հավատացյալների հասցեին: Այս կրոնական խմբակներից հատկապես հայ բողոքական կամ ավետարանական եկեղեցի կոչվողները վերջերս աշխուժացել են՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հոխորտումներում՝ իրենց թույլ տալով քննադատություններ հնչեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությամբ, արդեն նոր մեղադրանքներ հորինել՝ այս անգամ բանակում ծառայության թեմայով:
Հետաքրքրական է, որ ի տարբերություն մյուս աղանդավորների՝ հայ բողոքական-ավետարանական եկեղեցիները հայտարարում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին իրենց Մայր Եկեղեցին է (անդամներ հավաքագրելու և նրանց պահելու մի հնարամիտ ձև), բայց անմիջապես բացատրում են, թե ինչու իրենց կողմից հավաքագրված մարդիկ չպետք է հետևեն Հայ Առաքելական Եկեղեցուն, այլ մնան իրենց խմբակներում: Այդ հնարովի զգուշացումները՝ աղավաղված մեկնաբանություններով, վերաբերում են մատաղին, որը տարբեր հորինվածքներով ներկայացվում է որպես զոհաբերություն, աղեբլիթը՝ որպես գուշակություն (մինչդեռ Եկեղեցին այն համարում է պահոց կերակուր՝ զգուշացնելով գուշակությունից), սրբերի մասունքների հանդեպ հարգանքը՝ մեռելապաշտություն, Տյառնընդառաջի կրակը՝ որպես կրակապաշտություն, մոմավառությունը՝ մոլորություն՝ բոլորովին անտեսելով Եկեղեցու բացատրություններն ու հիմնավորումները՝ հաստատված Սուրբ Գրքի և մեր Հայրերի ուսուցումների վրա: Այս մի քանի մեղադրանքներից այն կողմ աղանդավորական, կրոնական խմբակները չեն անցնում, որովհետև հավատքին վերաբերող հարցերի առումով այլ բան չեն գտնում կառչելու կամ հորինելու:
Հիմա, սակայն, երբ մեր հայրենիքի սահմաններին խաղաղությունը կայուն չէ, անհրաժեշտություն է զգացվում ազգովի համախմբված լինելու, և քննադատություններ են հնչում ազգը մասերի բաժանող կրոնական խմբակցությունների հասցեին: Բողոքական կամ ավետարանական եկեղեցի կոչվող կազմակերպությունների ներկայացուցիչները ևս փորձում են Հայ Առաքելական Եկեղեցուն վարկաբեկելով իրենցից հեռացնել քննադատությունների ալիքը: Այսպիսով՝ մատաղի, մոմավառության «մեղքերին» այսօր ավելանում է նոր թեմա՝ Հայոց բանակում ծառայության առնչությամբ Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերմունքի մասին: Հնչող մեղադրանքն այն է, որ Հայաստանում երկու կրոնական կազմակերպություններ են միայն, որ զինվորական ծառայություն չեն իրականացնում՝ Եհովայի վկաները և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևորականները:
Այս հայտարարությունը նախ Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Հայ Եկեղեցին դասում է շուրջ 100 տարի առաջ ի հայտ եկած աղանդին՝ Եհովայի վկաներին հավասար, ապա բացարձակապես սուտ տեղեկությամբ փորձում հակակրանք առաջացնել մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ, հայրենիքի պաշտպանության գործում անմասնակից ու դավաճան որակել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այն Եկեղեցուն, որ դարեր շարունակ մեր ժողովրդին քաջալերել ու ոգեշնչել է պայքարների Ավարայրում, դրան հաջորդող դարերում, ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, Հայոց ցեղասպանության ընթացքում տեղական ինքնապաշտպանական մարտերում, Սարդարապատում, Հայրենական մեծ պատերազմի ընթացքում՝ հայկական տանկային դիվիզիաները ստեղծելով, Արցախի հերոսամարտում:
2000 թ. սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը։ Այդ փաստաթղթով հստակեցվեց և կանոնակարգվեց բանակում հոգևոր ծառայության կարգը։ Նաև մեր շատ հոգևորականներ բանակում ծառայությունն իրականացնելուց հետո են անցել հոգևոր ծառայության, շատեր ուսման տարիներն ընդհատել են բանակում ծառայությամբ և ապա կրկին շարունակել ուսումնառությունը հոգևոր կրթօջախներում: Բանակում զինվորական ծառայությունն ավարտած և ապա հոգևորականի առաքելությունը ստանձնած եկեղեցականները հետո նույնպես շարունակել են արդեն որպես հոգևորականներ ծառայել Հայոց բանակում: Հոգևորականները, ըստ վերոնշյալ պաշտոնական կանոնադրության, հոգևոր ծառայության են անցնում Հայոց բանակում երկու և ավելի տարիներից սկսվող ժամանակաշրջանով, շատեր մշտական ծառայության են զինվորագրված մեր բանակում և մշտապես մեր զինվոր զավակների, եղբայրների կողքին են:
Բանակում հոգևոր ծառայությունը, լինելով պետականորեն հաստատված, գործում է եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր: Այնպես որ այս ավանդույթը հաստատված է նաև այն երկրներում, որոնցից գրանտներ՝ դրամաշնորհներ ստացող մեկ-երկու իրավապաշտպաններ նույնպես պարբերաբար ոգեշունչ ելույթներ են ունենում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ բանակում ծառայության առնչությամբ վերոնշյալ աղանդավորական մեղադրանքներով: Հայ Եկեղեցու դեմ հանդես եկող կրոնական կազմակերպությունները փորձում են արդարանալ ասելով, որ կան ավետարանական, կաթոլիկ զինվորներ ու հերոսներ: Այո, բոլորս ընդունում ենք այդ փաստը, գլուխ խոնարհում մեր բոլոր հերոսների առջև: Բայց ո՞վ դարավոր հայ քրիստոնյա ազգը բաժանեց ավետարանականների ու կաթոլիկների, այսօր նաև՝ տարբեր այլ աղանդների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներից ձևավորելով նոր համայնքներ:
Այս հարցը հռետորական համարելով, քանզի պատասխանն արդեն հստակ է, հպարտությամբ նշենք, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականներն այժմ էլ դիրքերում և զորամասերում մեր զինվորների կողքին են, նրանց հետ ծառայողներն են, նրանց համար աղոթողներն են, նրանց ոգեշնչողներն ու քաջալերողներն են: Փառք ու պատիվ մեր Հայոց բանակին, Աստծո պահպանությունը և ամենախնամ Սուրբ Աջի հովանին մեր քաջարի զինվորներին. ամեն:
Աղբյուր՝ christianity4all.com