Մեզ հանար կարեւորագույն հարցը այն է թե որո՞նք են «Հայաստանյայց Եկեղեցու վարդապետները» որոնց գրվածքները դառնան անառարկելի աստվածաբանական հարցերում: Այս հարցին որպես պատասխան բացահայտ եւ պաշտոնական ոչ մեկ ցուցմունք չունինք, հետեւաբար հարկադրվում ենք դիմելու անուղղակի աղբյուրների այդ մասին եզրակացություն հանելու համար: Նախքան այդ աշխատանքին ձեռնարկելը մի փորձ անենք գտնելու համար թե որոնք են այն չափանիշները որոնք այս կամ այն եկեղեցական դեմքերին «վարդապետ Եկեղեցւոյ» դարձնում են: Նմանօրինակ մի փորձ երբ անում ենք, տեսնում ենք, որ մի շարք հասարակաց հատկանիշներ հասարակաց են վերոհիշյալ մակդիրով ճանաչված բոլոր Եկեղեցական հայրերին:
1. Գրեթե բոլորն էլ, ժամանակի չափանիշներով, բարձր ուսմունք ունեն եւ մշակված մտքեր են.
2. Իրենց վարքով սրբակյաց անձնավորություններ են.
3. Տոնելի սրբեր են.
4. Եկեղեցու բարձր եւ պատասխանատու պաշտոնատարներ են.
5. Եկեղեցու պաշտպաններ եւ ջատագովներ են ընդդեմ հերետիկոսների 6. հետեւաբար՝ Ուղղափառ հայրեր են, որպես վերջին եւ կարեւորագույն հատկանիշ.
7. Աստվածաբանական հարցերի շուրջ գրվածքներ ունեն, զորս կարելի է օգտագործել բոլոր ժամանակների մեջ:
Այս գյուտից հետո պետք է փնտրենք մեր մատենագրության եւ ժամապաշտպան գրքերում ցուցմունքներ, որոնք կարենանք կիրարկել վերոհիշյալ չափանիշները: Այս ուղղությամբ առաջին ցուցմունքը մեզ ընծայում է մեր տոնացույցը: Նրանում ունենք մի տոն «Երկոտասան վարդապետաց» ուր ի մի խմբված են ընդհանրական Եկեղեցու հատուկ հայրերի հոյակապ մի հույլ: Բնական է որ խորհինք թե այս համախումբը կատարվել է մի հատուկ նպատակով, քանի որ այնտեղ հիշված դեմքերից բոլորն էլ, բացի առաջնից թերեւս, արդեն իսկ ունեն իրենց առանձինն կամ ընկերովի տոները, հետեւաբար նրանց վերոհիշյալ հատկանշական ու խմբական անունով համադրվելը չունի ուրիշ անուն ու նշանակություն բայց եթե մատնանշել թե նրանք են «հայոց Եկեղեցւոյ (ոչ-հայ) վարդապետները»: Անուններն են Տոնացույցի կարգով.
1. Լեթեոս Աթենացի
2. Դիոնիսեիոս Արիսպագացի (երկուսն էլ առաքելական դարի դեմքեր «մին մյուսի ուսուցիչը» եւ Աթենքի առաջին եպիսկոպոսները¤
3. Սեղբեստրոս՝ հայրապետ Հռոմի (վախճանյալ 335 թվին)
4. Աթանաս
5. Կյուրեղ Երուսաղեմացի
6. Եփրեմ Խուրի
7. Բարսեղ Կեսարացի
8. Գրիգոր Նյուսացի
9. Գրիգոր Աստվածաբան
10. Եպիփան Կիպրացի (վախճանյալ 402 թվին)
11. Հովհան Ոսկեբերան
12. Կյուրեղ Ալեքսանդրացի
Այս ցուցակը մի սքանչելի համադրություն է ոչ միայն որովհետեւ իր մեջ բովանդակում է Արեւելյան Եկեղեցու, որի մեկ մասն է Հայաստանյայց Եկեղեցին, ամենից հայտնի «վարդապետները» այլ նաեւ նրա համար որ իր մեջ պարունակում է ներկայացուցիչներ համաքրիստոնեական բարձրագույն աթոռների, որոնք նույն ժամանակ եղել են քրիստոնեական ուսման կարեւորագույն կենտրոնները: Այնտեղ կան նաեւ դեմքեր մեզի հարեւան երկու մեծ կենտրոններից՝ Կեսարիայից եւ Եդեսիայից. ապա համաքրիստոնեական հինգ մեծ պատրիարքական աթոռներից, Աղեքսանդրիայից, Անտիոքից, Երուսաղեմից, Կոնստանդնուպոլսից եւ մինչեւ իսկ հեռավոր Հռոմից: Միակ դիտելի պարագան այն է, որ Հռոմի ներկայացաուցիչը, Սեղբեստրոս հայրապետ աստվածաբան մի գրող չէ, եւ ընդունված չէ իբրեւ այդպիսին մինչեւ իսկ Հռոմի Եկեղեցու կողմից: Իր այս բացառիկ դիրքը, լոկ Հայաստանյայց Եկեղեցու մեջ եւ կրկնակ տոներով, ան պարտական է Պարզապես Ս. Լուսավորչի հետ ունեցած իր ավանդական հարաբերության: Բացի դրանից, ըստ երեւույթին այս անունից բացի Արեւմտյան Եկեղեցու ուրիշ հեղինակավոր դեմքեր անծանոթ մնացել են մեր մատենագրության (Սեղբեստրոս ծանոթ էր Ագաթանգեղոսից): Օգոստինոս, Արեւմտյան Եկեղեցու (Բողոքականությունն էլ ներառյալ) մեծագույն աստվածաբանը, ոչ մեկ արձագանք չի ունեցել մեր մեջ: Ուրեմն Հայաստանյայց Եկեղեցին թեեւ ունի ավելի քան մի երկոտասնյակ տոնելի սրբեր Արեւմտյան Եկեղեցուց, բայց ոչ մեկ «վարդապետ » բառի իսկական առումով:
Համաքրիստոնեական համբավ ունեցող այս փաղանգի վրա ո՞ր հայազգի վարդապետները պետք է ավելացնել: Այդ մասին Տոնացույցից որպես ցուցմունք ունենք «Թարգմանիչ վարդապետները»:
1. Մեսրոպ
2. Եղիշե
3. Մովսես Քերթող
4. Դավիթ Անհաղթ Փիլիսոփա (բոլորն էլ Ե. դարու դեմքեր)
5. Գրիգոր Նարեկացի (վախճանյալ 1010 թվին)
6. Ներսես Շնորհալի (վախճանյալ 1173 թվին)
Բացահայտ է որ այս թվումը սակայն լրիվ չէ տալու համար Հայաստանյայց Եկեղեցու հատուկ «վարդապետնեի» ցանկը: Ուրիշ աղբյուր մը, որպես պատմական տեղեկություն, գալիս է փոքր ինչ ավելի լույս սփռել այս հարցի մասին: Մեծոփեցի պատմիչը հիշատակում է մի դեպք ուր Եսայի Նչեցի (վախճանյալ 1335 թվին) մեծ վարդապետը եւ նախակարապետը տաթեւյան վարդապետության որպես թե իր աշակերտներին դասախոսում է լատին մի հեղինակի կողմից գրված «Առաքինությանց եւ Մոլորությանց Գիրք» – ից: Մեծոփեցին մեղադրում է բոլոր նրանց ովքեր իր նման լատին հեղինակություններ նախադասում են հայ Եկեղեցու ընդունած հեղինակություններից եւ անունով հիշատակում է Ս. Լուսավորիչը, Աթանաս հայրապետը, Գրիգոր Աստվածաբան, Կյուրեղ Աղեքսանդրացի, Ստեփանոս Սյունեցի (վախճանյալ 735 թվին), Անանիա Շիրակացի, Պողոս Տարոնեցի, Հվհան Օձնեցի, Սարգիս Հաղբատցի, Դավիթ փիլիսոփա, Մովսես Քերթողահայր եւ Ասողիկ պատմիչ (Տես Ազգապատում հատված 1352): Այս ցուցակը թեեւ չունի հեղինակության մի հանգամանք, բայց զուրկ չէ հեղինակավոր հայ վարդապետները ճշդելու արժեքից:
Ամենից լրիվ եւ հեղինակավոր ցուցմունքը այս հարցի մասին, գալիս է Ձեռնադրության մաշտոցից: Քահանայության եւ նրանից վեր բոլոր Եկեղեցական պաշտոնյաների ձեռնադրության ժամանակ, հրավիրյալից պահանջվում է նախ «մերժել եւ նզովել» մի շարք հերետիկոսների, եւ ապա «հետեւիլ եւ աշակերտել ամենայն ուղղափառ եւ աստվածաբան հայրապետաց»: Սրանցից անվանական կերպով հիշվում են 20-ը, որոնց մեջ ներփակյալ են Տոնացույցի «Երկոտասան Վարդապետներ»–ը, առավել Գրիգոր Սքանչելագործ եւ Հակոբ Մծբնա հայրապետները, չենք գիտեր թե ինչ նկատումով, որովհետեւ թեեւ երկեւսն էլ շատ ժողովրդական սուրբեր եղած են, բայց ոչ «աստվածաբան» հայրապետներ: Իսկ պակասում են թարգմանիչ վարդապետներից Գրիգոր Նարեկացի եւ Ներսես Շնորհալի, դարձյալ չենք հասկանում ի՞նչ նպատակով: Հատկապես ուշադրության առնվելիք պարագա է Շնորհալու ցանկից դուրս մնալը, վասնզի այն միշտ նկատված է Հայաստանյայց Եկեղեցու ամենից հեղինակավոր «վարդապետ»– ներից մեկը: Իսկ իբրեւ «Թարգմանիչ վարդապետք» հիշված են լոկ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ, իսկ մնացյալ հայազգիներն են, Ս. Լուսավորիչ, առավել «Որդիք եւ Թոռունք». Հովհաննես Օձնեցի կաթողիկոս հայոց (վախճանյալ 728 թվին), Հովհաննես Որոտնեցի եւ Գրիգոր Տաթեւացի եւ Ստեփաննոս Սյունեցի վարդապետները:
Եթե համադրելու լինենք Տոնացույցի եւ Ձեռնագրության Մաշտոցի տվյալները, մեջտեղ է գալիս մի ուրիշ խումբ «երկոտասան վարդապետներ»–ի, որոնք սակայն լինելով ազգով հայ, սեպհական են լոկ Հայաստանյայց Եկեղեցուն: Հետեւյալն է ձեռք բերված այդ ցանկը. 1. Ս. Գրիգոր Լուսավորիչ
2. Ս. Սահակ Պարթեւ
3. Ս. Մեսրոպ Մաշտոց
4. Եղիշե
5. Դավիթ Անհաղթ
6. Մովսես Քերթող
7. Գրիգոր Նարեկացի
8. Ներսես Շնորհալի
9. Հովհան Օձնեցի
10. Հովհաննես Որոտնեցի
11. Գրիգոր Տաթեւացի
12. Ստեփանոս Սյունեցի
Սրանք բոլորն էլ Հայաստանյայց Եկեղեցու տոնելի սրբեր են, բացի վերջինից՝ Սյունեցուց, եւ վերջացնում են «Եկեղեցու վարդապետներ»–ի համար մեր թված բոլոր պայմանները: Այստեղ եւս մեզ համար անհասկանալի մնացած է թե Ստեփանոս Սյունեցին ինչո՞ւ Տոնացույցում տեղ չի գտել, վասնզի Հայաստանյայց Եկեղեցու ամենից արժանավոր զավակներից մեկը եղած է նա թե իր հմտությամբ եւ թե բարեկարգական գործունեությամբ, թե իր գրական մեծածավալ վաստակով եւ թե ինչ որ ամենից կարեւորն է այս պարագայում – իր սուրբ վարքով: Հույժ նախանձախնդիր եղել է իր ժողովրդի վարք ու բարքի բարեկարգության, որին մինչեւ իսկ զոհ է գնում, նահատակվելով անբարո մի բարձրաստիճան կնոջ կողմից, որին նա իր անուղղա վարքին համար բանադրել էր: Ճգնավոր մի մարդ մինչեւ իսկ մի տեսիլքով նշմարում է նրա երկնային փառավորությունը: Դժվար է նրա Տոնացույցի մեջ չի մտնելուն որեւէ մի բանավոր պատճառ գտնել, մանավանդ որ իր հիշատակը «Յասմավուրք»–ի մեջ անցած է, որ է ասել թե սրբացման առաջին քայլը արդեն իսկ առնվել է:
Շնորք արք. Գալուստեան «Տեղիք աստուածաբանութեան»