Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրի շրջանակում մեկնարկեց «Հոգետրավման պատերազմի և բռնության կոնտեքստում» եռօրյա դասընթացը՝ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցների մասնակցությամբ և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ. Մովսես Վարդապետ Սարգսյանի առաջնորդությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:
Եռօրյա հավաքի առաջին օրը Արցախի Թեմի առաջնորդ’ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ, ՀՀԶՈՒ Հոգեւոր Առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանին եւ առաջին Բանակային Զորամիավորման ավագ գնդերեց’ Հրայր սարկավագ Լալայանին հանձնվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից շնորհված պետական բարձր պարգեւները: ՀՀԶՈՒ Հոգեւոր Առաջնորդ’ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը, 44 օրյա պատերազմի ընթացքում արիության եւ անձնվեր ծառայության համար ՀՀ Նախագահ’ Արմեն Սարգսյանի կողմից պարգեւատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար “ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ” մեդալով: Առաջին Բանակային Զորամիավորման ավագ գնդերեց’ Հրայր սարկավագ Լալայանը, 44 օրյա պատերազմի ընթացքում խիզախության եւ անմնացորդ ծառայության համար ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգեւատրվեց “ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ” մեդալով:
Հավարտ մեդալի հանձման արարողության, մեկնարկեց ՀՀԶՈՒ Հոգեւոր Առաջնորդության եռամսյակային ժողով-քննարկումը, որտեղ Բանակային Զորամիավորումների ավագ գնդերեցները, ներկայացրեցին եռամսյակին գնդերեցների կողմից կատարված աշխատանքների սպառիչ հաշվետվություն: Հաշվետվության ընթացքին վեր հանվեցին բոլոր թերությունները եւ Առաջնորդ Հայր Սուրբի կողմից տրվեցին համապատասխան հրահանգներ թերությունները սրբագրելու ուղղությամբ:
Եռօրյա հանդիպման երկրորդ օրը սկսվեց դասախոսությունների շարքը:
Դասախոսությամբ հանդես եկավ Երեւանի պետական համալսարանի դասախոս, հոգեբան Դավիթ Գեւորգյանը, որը համապարփակ գիտելիքներ փոխանցեց գնդերեցներին, որպեսզի պատերազմից տուժած զինծառայողների, զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների հետ իրենց աշխատանքում, որպես միջոց ունենալով այդ գիտելիքները, արդյունաշահ ծառայություն մատուցեն:
Եռօրյա հավաքի երրորդ օրը կայացավ ՀՀԶՈՒ Հոգեւոր Առաջնորդության ժողով-քննարկման երկրորդ մասը, որտեղ գնդերեցները իրենց հարցադրումներով եւ հուզող հարցերով դիմեցին ՀՀԶՈՒ հոգեւոր Առաջնորդին: Հոգեշնորհ Հայր Սուրբը պատասխանելով բոլոր գնդերեցների հուզող հարցերին, մաղթեց Տիրոջ օրհնությունը եւ զորակցությունը գնդերեցներին իրենց դժվար եւ Աստվածահաճո ծառայության մեջ եւ հրահանգեց առավել ջանասիրությամբ եւ պատրաստակամությամբ լծվել Հայոց Հաղթական Բանակին եւ Հայ Զինվորին ծառայելու պատվաբեր առաքելության գործում: Վերջում գնդերեցներին բաժանվեցին Աշոտ Երկաթի Խաչի նմանօրինակ ձեռաց-խաչեր ծառայության մեջ օգտագործելու նպատակով: