Ա Թեսաղոնիկեցիներ 5.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.10-17։
Ա Թեսաղոնիկեցիներ
Եղբայրնե՛ր, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, 2որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով։ 3Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու։ 4Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը. 5որովհետեւ դուք բոլորդ լուսոյ որդիներ էք եւ ցերեկուայ որդիներ։ Գիշերինը չենք, խաւարինը չենք։ 6Ուրեմն չքնենք մնանք, ինչպէս՝ ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք. 7որովհետեւ, ովքեր ննջում են, գիշերն են ննջում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում. 8իսկ մենք, որ ցերեկուայ որդիներ ենք, արթո՛ւն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք. 9որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով. 10նա մեռաւ մեզ համար, որպէսզի արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք։ 11Ուստի մխիթարեցէ՛ք եւ ամրապնդեցէ՛ք միմեանց, ինչպէս որ արդէն անում էք։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
10Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր։ 11Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում։ 12Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»։ 13Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս։ 14Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»։ 15Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու։ 16Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, – արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ 17Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից։