ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 5.1-8։ Երեմիա 6.16-21։ Ա Կորնթացիներ 4.9-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.32-36։
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ
5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, 2տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղիցեւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։ 3Նրանք պիտի զղջան իրենց մտքումեւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս։ 4Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ 5Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։ 6Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։ 7Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ 8Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը։
Երեմիա
16Այսպէս է ասում Տէրը. «Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք, թէ ո՛րն է բարի ճանապարհը՝ գնացէ՛ք դրանով, եւ քաւութիւն կը գտնէք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին, թէ՝ չե՛նք գնայ։ 17Ձեզ վրայ հսկիչներ կարգեցի, լսեցէ՛ք փողի ձայնը։ Իսկ նրանք ասում են՝ չե՛նք լսի։ 18Այդ մասին իմացան ազգերը, նաեւ նրանք, որ նրանց մէջ հովուութիւն էին անում հօտերին։ 19Լսի՛ր, երկի՛ր, ահաւասիկ ես այդ ժողովրդի վրայ չարիքներ եմ բերելու՝ իբրեւ իրենց ապստամբութեան պտուղ, որովհետեւ իմ խօսքերին չանսացին եւ իմ օրէնքը մերժեցին։ 20Ինչի՞ համար է խունկն այդ, որ բերում ես ինձ Սաբայից, եւ կինամոնը՝ հեռաւոր երկրից. ձեր ողջակէզներն ընդունելի չեն, եւ ձեր զոհերն ինձ հաճելի չեն»։ 21Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես հիւանդութիւն կը բերեմ այդ ժողովրդի վրայ, հայրերն ու զաւակները միասին կը վարակուեն նրանով, հարեւան ու ընկեր կը կորչեն միասին»։
Ա Կորնթացիներ
9Ինձ այնպէս է թւում, թէ մեզ՝ առաքեալներիս, Աստուած վերջիններ դարձրեց, որպէս մահապարտների. որովհետեւ տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին ու մարդկանց։ 10Մենք՝ յիմարներ Քրիստոսի պատճառով, եւ դուք՝ իմաստուններ Քրիստոսով. մենք՝ թոյլեր, եւ դուք՝ հզօրներ. դուք՝ փառաւորուածներ, եւ մենք՝ անարգներ։ 11Մինչեւ այսօր ե՛ւ քաղցած մնացինք, ե՛ւ ծարաւեցինք, ե՛ւ մնացինք մերկ, ե՛ւ բռնցքահարուեցինք, ե՛ւ մնացինք անկայան. 12եւ չարաչար աշխատեցինք մեր ձեռքերով. նախատում էին մեզ՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք, 13հայհոյում էին՝ աղօթում էինք. առակ-նշաւակ եղանք ամբողջ աշխարհին, ջնջոց՝ բոլորի համար մինչեւ այժմ։ 14Ոչ թէ ձեզ ամօթով թողնելու համար եմ գրում այս, այլ խրատում եմ ձեզ իբրեւ սիրելի որդիներ։ 15Թէպէտ եւ բիւր դաստիարակներ ունէք Քրիստոսով, բայց ոչ՝ բազում հայրեր. որովհետեւ Քրիստոս Յիսուսի Աւետարանով ե՛ս ծնեցի ձեզ։ 16Արդ, աղաչում եմ ձեզ, նմանուեցէ՛ք ինձ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
32Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ 33Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը։ 34Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»։ 35Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։