Օրհնյալ ես, Տեր Աստված ամենակալ, ամեն ինչում հզոր և սքանչելագործ, որ ոչնչից և անկազմ, խավար անդունդներից ստեղծեցիր երկինքը, երկիրն ու ծովը, և Քո Հոգին շրջում էր ջրերի վրա:
Որ ասացիր` թող լինի լույս, և համասփյուռ լույս եղավ, իսկ ակնարկովդ երկնքից վերև գտնվող ջրերը զատվեցին: Տարածեցիր երկնքի հաստատության վրա ջրեղեն կամարը և նրանց միջից ճառագայթել տվեցիր արեգակին, լուսնին ու աստղերին: Այս հրեղենները ընթանում են ջրերի միջով և չեն շիջանում, քանզի Քեզ համար ամեն ինչ հնարավոր է:
Դրեցիր երկրի հիմքերը ծովի վրա` պատրաստելով գետեր, ջրերը հավաքվեցին ծովում, և ցամաքը երևաց ողջ բուսականությամբ: Ծովը երկնեց, և մեծամեծ կետերն ու մանր ձկները նրանից առաջացան, իսկ տարատեսակ թռչունները` օդային վերին շերտերում: Երկիրը ծնեց կենդանի անասուններին և վայրենի գազաններին: Եդեմից աղբյուրներ բխեցրիր և գետերի քառակի բաժանումով երկրի չորս կողմը [ջրով] պատեցիր: Դու երկրի հողից ստեղծեցիր մարդուն և Քո ամենասուրբ փչմամբ կենդանություն տվեցիր և արևելքում ընծայեցիր Եդեմի պարտեզը` ամբողջ աշխարհը հնազանդեցնելով նրան: Իսկ նա օձի խաբեության պատճառով, որ իբրև մի տղայի խաբեց նրան և մատուցեց գիտության ծառի պտուղը, փառքից մերկանալով, կարկատուն տերևով պարուրված` արտաքսվեց դրախտից:
Սակայն Դու չանտեսեցիր Քո ծառային, այլ, գթալով նրա ժառանգներին, Քեզ ծառա վերցրիր Սեթին ու Ենովքին, ովքեր հաճելի եղան Քեզ: Ենովքին տեղափոխեցիր անմահություն և ամբարշտացած Կայենին իր զավակներով տեղատարափ անձրևով ջնջեցիր, իսկ արդար Նոյին խաչանշան տապանով փրկեցիր ջրհեղեղից: Նրա տասներորդ [սերնդից] պահպանեցիր Աբրահամին, ում հետ ուխտ հաստատեցիր` հանելով նրա զավակին եգիպտացիների երկրից: Մովսեսի գավազանով Կարմիր ծովը պատռեցիր և Իսրայելին անցկացրիր, իսկ այն գոռոզ փարավոնին ծովի ալեկոծությամբ կորստյան մատնեցիր, Քո ժողովրդին Եղիմում տասներկու աղբյուրների ու յոթանասուն արմավենիների մոտ հանգստություն պարգևեցիր ` ցույց տալով նրանց Քո փառքի զորությունը: Եվ Սինա լեռան վրա մառախլապատ ամպերով և հրացայտ փայլատակմամբ ու ահավորագոչ փողերով նրան լուսավոր պատգամներ տվեցիր մեծն Մովսեսի միջոցով: Երկնքից տեղացող հացով ու քաղցր մանանայով կերակրեցիր բյուր-բյուրերի: Անջրդի ապառաժից աղբյուր բխեցրիր և հագեցրեցիր ծարաված ժողովրդին: Հեսուի օրերում սքանչելագործեցիր` Քո օրենսդիր հրամանով արգելելով Հորդանանի [հոսքը] և անցկացնելով Սուրբ Տապանակը: Պատվիրեցիր քահանաների կանգնած տեղից տասներկու քար վերցնելով` կանգնեցնել Գաղգաղայում, որոնք մինչև այսօր կան` իբրև վկա Քո հրաշքի:
Հորդանանի հոսանուտ ջուրը քարակույտի նման կարծրացրեցիր և Երիքովի քարե պարիսպը ջրի նման թափեցիր ու փլեցիր Քո խոսքով: Հեսուն անշարժացնելով արեգակն ու լուսինը` վանեց-ոչնչացրեց իր թշնամիներին և Իսրայելի որդիների սեփականությունը դարձրեց այն երկիրը, որտեղից բխում են կաթն ու մեղրը: Բազում ուրիշ բարեգործություններ արեցիր մարդկային ազգի համար, իսկ օրերի լրումից հետո հայրական ծոցիցդ Քո Միածին Որդուն առաքեցիր, որ եկավ ու Սուրբ Կույսից մարմին հագավ և ելավ այն մոլորվածի համար, որին թշնամին հանեց կյանքի պարտեզից և չար գազանի նման հետապնդելով` մահաբեր թույներով վիրավորեց տեսակ-տեսակ ախտերով և ամայի ճանապարհներին ու դաշտերին ցիր ու ցան արեց:
Իսկ Քո բարերար Միածինը քաղցրաձայն բարբառելով` ասաց. «Եկեք ինձ մոտ, ով բոլոր աշխատածներ ու բեռնավորվածներ, և ես կհանգստացնեմ ձեզ քաղցր լծով ու փոքր բեռով» :
Ապա Իր բարերարության շնորհով բոլորին համախմբելով` տարավ Հորդանան գետի մոտ և տեսավ ջրերի մեջ բնավորված ահռելի վիշապին, որ կամենում էր կլանել մարդկանց, իսկ Հորդանանի հորդահոս ալիքները հանդարտ կանգնել էին , ինչպես ասում է Հոբը:
Իսկ Միածին Որդիդ Ինքն իսկ Իր մեծ զորությամբ ջրերի մեջ գարշապարներով ոտնակոխ անելով, թշվառացրեց այն մեծ գազանին, ըստ կանխասաց մարգարեի, թե Դու վիշապի գլուխը ջախջախեցիր ջրերի վրա :
Այնտեղ Դու հայտնեցիր Քո Աստվածությունը: ՀԱյր Աստված ձայնեց. «Դա է իմ սիրելի որդին», իսկ լուսափայլ Հոգիդ աղավնակերպ իջավ: Ուստի և առաջընթաց կարապետը` Հովհաննես Մկրտիչը, մատնացույց արեց. «Ահա Աստծու Գառը, որ բառնում է աշխարհի մեղքը» :
Ապա ամենքին հրամայեց ջուրը մտնել, ոտնակոխել թշնամու զորությունը և, բոլորին լվանալով մեղքերի ախտից, նորափետուր զարդարեց և կնքեց խաչանիշ դրոշմով` լինելու համար մի հոտ և մի հովիվ, առանձնացրեց իր Սուրբ Կաթողիկե Եկեղեցու գավիթներում:
Մարգարեներով ամրացրեց, առաքյալներով պարսպեց, մարտիրոսներով պսակազգեստ դարձրեց, ավետարանական խոսքերով զվարճացրեց, որպեսզի ամենքը խաղաղության մեջ վայելեն:
Երիդասարդներն ու կույսերը, ծերերն ու մանուկները, ամեն ոք ցնծությամբ և ուրախությամբ գոհություն պետք է մատուցեն Աստծուն, քանզի այսօր աստվածային ու երկնային, սուրբ և պատվական է այս տոնը, և Սուրբ Հոգու աստվածային ճառագայթների լույսն այսօր ծագեց պայծառացած աշխարհում:
Այսօր Աստված մաքրեց ջրերը, լուսավորեց մարդկանց և երկնայիններ դարձրեց:
Այսօր երկիրը համապատվությամբ նոր երկինք եղավ, քանզի Աստծու Որդին երկրի վրա երևաց և մարդկանց հետ շրջեց և գալով Հորդանան գետի մոտ` սրբեց ջրերը և ջրի սրբությամբ ու հոգու կենդանությամբ լուսավորեց մարդկանց:
Այսօր Աստվածային Երրորդությունը երկրի վրա երևաց, և ամբողջ երկիրը լի է Նրա փառքով:
Հայրը երկնքից վկայեց. «Դա է իմ սիրելի որդին, որին տվեցի հաճությունս» , իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա:
Այսօր անմարմին զորքերի վերին զորությունները երկրի վրա սպասավորեցին մեր Քրիստոս Աստծուն, իսկ երկնքում փառաբանություն մատուցեցին Հորը:
Այսօր, ով Քրիստոսի հավատացյալ նոր ժողովուրդ, եկեք ցնծանք և այս երկնային ու սուրբ տոնը հրեշտակների հետ տոնենք:
Այսօր մեզ հասավ լուսավոր այս տոնի ժամանակը, և հրեշտակները մարդկանց հետ տոնում են, իսկ սրբոց դասերը բազմապատկում են այս օրվա արժեքը:
Այսօր Սուրբ Հոգին Իր շնորհներով սրբեց ջրերը` աջակցելով [Որդուն]:
Այսօր երկինքը շնորհների ցողը ցնծությամբ վերացողեց, և այսօր անշեջ արեգակը ծագեց ամբողջ աշխարհը լույսով ողողելով:
Այսօր լուսինը մեծ լույսով ծագեց, և նրա հետ աշխարհն է պայծառանում:
Այսօր լուսազգեստ լուսատուներն ուժգին փայլատակմամբ տիեզերքը բարեխնամեցին:
Այսօր աստվածային ամպերը և երկնային ցողերը մարդկանց վերացողեցին:
Այսօր ծովերն ու ջրերի ժողովումները տարածվեցին Տիրոջ ոտքերի առջև:
Այսօր աներևույթը երևաց, և անտեսանելին տեսանելի դարձավ, որպեսզի մեզ Իրեն տեսնողներ դարձնի:
Այսօր Անեղն Իր լինելիության մեջ խորհրդով հաստատվեց:
Այսօր անխոնարհելին գլուխն Իր ծառայի առջև խոնարհեց, որպեսզի մեզ [մեղքի] ծառայությունից ազատի:
Այսօր լեռներին ծառայեցնելու համար խոնարհեցրեց, գետերը ծով դարձրեց, և ջրերի ամբողջ բնաշխարհն օրհնվեց ու սրբվեց:
Այսօր առաջընթաց մարգարեն կանգնեց Նրա առջև, Ով բառնաց աշխարհի մեղքերը:
Այսօր ճակատամարտի մեջ մտավ պատերազմների մեջ Հզորը, որպեսզի ընկղմի հակառակորդ վիշապին:
Այսօր [Աստվածորդին] կամովին եկավ և ամբողջովին լուսավորեց նրանց, ովքեր Նրա առջև կանգնելու փափագ ունեին:
Այսօր մարգարեն, կանգնելով խմբագործողի առջև, դողալով տեսավ Աստծուն` եկած մարդկանց մոտ:
Այսօր, Աստվածաշունչ քնարը գլխին, ահեղ ու հրակեզ Աստված մոտեցավ, որպեսզի խափանի ապականության տարածումը:
Այսօր ծառան երկյուղածությամբ կանգնեց Տիրոջ առջև, քանզի Աստված եկել էր աշխարհ:
Այսօր տեղացին Սուրբ Հոգու շնորհները, և բոլոր արարածները դրանով լցվեցին:
Այսօր մեղքերից ազատը հոժարարար աշխարհն առավ Իր խնամակալության տակ:
Այսօր ծովի աղահամ ջրերը քաղցրահամի վերածվեցին մեր Մեծն Աստծու կողմից:
Այսօր սնոտի և ունայն կուռքերը ձախողվեցին ու ասպարեզից վերացան, իսկ մարդկային բռնությունը, ազատվելով մեղքի ծառայությունից, համարձակություն ստացավ:
Այսօր Աստծու երևալուն պես աշխարհի մառախուղը սրբվեց ու մաքրվեց:
Այսօր ջրերը աշխարհի փրկության միջոց եղան:
Այսօր Աստծու հայտնվելով բոլոր արարածները ճառագայթազգեստ երևացին:
Այսօր դրախտը բացվեց մեր այս բնության առջև, և մարդիկ արդարությամբ ցնծացին հավիտենական կյանքում:
Այսօր, հին տրտմությունից վերափոխվելով, որպես նոր Իսրայել փրկվեցինք:
Այսօր Աստծու արքայությունը ժառանգեցինք, զի Տիրոջ արքայությունը վախճան չունի:
Այսօր մենք ևս գոչելով աղաղակում ենք ու ասում. «Մեծ ես Դու, ով Տեր, և սքանչելի են Քո գործերը, և ոչ ոք խոսքով այնքան լեցուն չէ` օրհնելու համար Քո հրաշքները, քանզի Քո ամենակարող զորությամբ ստանձնել ես բոլոր արարածների խնամակալությունը և նախախնամությամբ կարգավորում ես աշխարհը»:
Դու չորս տարրերից ստեղծեցիր աշխարհը և չորս եղանակներով տարվա ամբողջությունը պսակեցիր:
Քեզնից դողում են իմանալի զորությունները, արեգակն է Քեզ օրհնում, լուսինը փառավորում է Քեզ, աստղերի բույլերը Քեզ են բարեբանում, լույսը Քեզ է հնազանդվում, Քեզնից անդունդներն են սարսում, և աղբյուրները Քեզ են ծառայում:
Դու տարածեցիր երկինքն իբրև կամար և կառուցեցիր երկիրը` հաստատելով ջրերի վրա: Դու պատրաստեցիր ծովն ավազով, Դու կենդանությամբ օդը լցրիր, ահեղ ես Դու, և ո՞վ կարող է Քո առջև կանգնել:
Հրեշտակային զորությունները Քեզ օրհնում են, և հրեշտակների դասերը` երկրպագում: Վեցթևյան սերովբեները վեր բարձրանալով` Քո անմատույց լույսով են պարփակվում-ծածանվում, քանզի Դու ես Աստված` լինելով անպարագրելի , անճառելի ու անպատմելի:
Եկար երկիր, ծառայի կերպարանք առար` լինելով մարդու նման և նրա կերպարանքով, քանզի, Ով մարդասեր Տեր, Քո բազում գթությամբ չէիր կարող հանդուրժել` տեսնելով մարդկային ազգին բանսարկուից բռնադատված, այլ եկար և փրկեցիր մեզ:
Խոստովանում ենք Քո շնորհները, քարոզում ենք Քո ողորմությունները, չենք թաքցնում Քո բարեգործությունը:
Մեր արարածական բնության սերունդներին ազատեցիր, կուսական արգանդը սրբեցիր Քո անճառելի Ծննդյան շնորհիվ:
Բոլոր արարածներն օրհնում են Քեզ, հայտնված Բանդ Աստված, քանզի Դու, Աստված, երկրի վրա երևացիր և մարդկանց մեջ շրջեցիր:
Դու նաև Հորդանանի հոսանքը սրբեցիր` երկնքից առաքելով Քո Սուրբ Հոգին, և նրանում բնավորված վիշապի գլուխը ջախջախեցիր:
Իսկ այժմ աղաչում ենք Քեզ, Ով մարդասեր Տեր, առաքիր Սուրբ Հոգիդ այս ջրերի վրա և օրհնիր ու սրբիր սա և սրան Հորդանանի շնորհը տուր` դարձնելով օրհնության աղբյուր, անապականության պարգև, մեղքերի ջնջում, հիվանդների բժշկություն, զարհուրհելի վիշապների խորտակում, ախտաժետներին առողջություն, անհաղթելի թվացող [չար] ուժերին հակառակորդ` լցված հրեշտակային զորությամբ:
Քանզի Դու ես, Տեր Աստված, որ անապատում դառնահամ ջրերը Մովսեսի գվազանի միջոցով քաղցրացրիր և Քո ծարավ ժողովրդին արբեցրիր:
Դու ես, որ Եղիայի միջոցով հրով ու ջրով Իսրայելին ազատեցիր Բահաղի ծառայությունից:
Դու ես, որ դառն ու անպետք այն ջրերը Եղիսեի ժամանակ աղով գործածելի դարձրիր, իսկ ամուլ ժողովրդին բժշկեցիր:
Այժմ հենց Դու Ինքդ, Ով Տեր, Սուրբ Հոգուդ միջոցով մոտեցիր մեզ և օրհնիր այս ջուրը, որպեսզի սա ոչ միայն դառնա միջոց տների շենության, հիվանդների բժշկության, հոգիների և մարմինների փրկության համար, այլև օգտակար լինի ցանկացած կարիքի համար, քանզի Դու ողորմած և մարդասեր Աստված ես:
Թող փախչեն սրանից (ջրից) այն անձինք, ովքեր Քո ծառաների դեմ չարն են խորհում: Քո մեծ, փառավորյալ ու սքանչելի անվանն ենք դիմում, Ով Տեր, և Քեզ` Հորդ, Որդուդ և Սուրբ Հոգուդ օրհնություն և փառք, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Աստված Կենդանի, որ Էն և Ես և Էդ, որ անսկիզբ լինելով և Աստվածային իշխանությամբ պատճառ դառնալով բոլոր էակներիս, բոլորին գոյություն պարգևեցիր և ամեն ինչ ստեղծեցիր:
Ով Աստված, ստեղծիչ ամենայնի, որ ջրերի վրա քայլելով, հայտնեցիր Քո Սուրբ և Կենդանարար Հոգին, իսկ Հորդանանի գետում` զորությունդ ու փառքդ:
Նախակարապետն ու մարգարեն, տեսնելով աղավնու կերպարանքով Քո էակից Սուրբ Հոգուն, աղաղակեց` ասելով Քո մասին. «Ահա գառն Աստծու, որ բառնում է աշխարհի մեղքը»:
Որ ընթացար ջրերի վրայով և սրբեցիր այն Քո սուրբ ոտնահետքերով, իսկ այժմ, Ով Տեր Աստված մեր, օրհնիր այս ջրերը` ծառայեցնելով այն Քո ծառաների մաքրության համար: Վանիր սրանից բոլոր վնասակար ու չար բծերն ու ախտերը և սատանայի ամբողջ բռնությունը: Նաև հաստատիր սրա մեջ ամենազոր Սուրբ Հոգուդ շնորհները` բժշկություն, առողջություն և Ամենաչարի դեմ հաղթության կարողություն:
Եվ մենք ամենքս սրանով թող արժանանանք Քո օգնությանը և Քո ընդունելությանը, բժշկությանդ, օրհնությանդ ու սրբությանդ և անդադար պիտի փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Գրաբարից թարգմանությունը` Արշակ աբեղա Խաչատրյանի (այժմ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան)
Թարգմանությունը կատարվել է ըստ 1967 թ. Երուսաղեմի հրատարակության «Ճաշոց» -ի բնագրի