ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՑՆԵԼ ՆԵՂ-ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ
(ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐ. ՄԱՍ Բ)
Առողջ և կառուցողական քննադատությունը կամ գիտական գրախոսությունը վաղուց գիտության մեջ ընդունված գործիք է, որով հայտնում ես քո համաձայանությունը կամ անհամաձայանությունը հրապարակված ինչ-որ նյութի վերաբերյալ. հոդվածի հեղինակների համար հատուկ գրում եմ գլխատառերով և ընդգծված՝ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՍ ՊԵՏՔ ԼԻՆԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՐԿՎԱԾ, ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՆԱԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՈՒ ԱՆԿԱՆԽԱԿԱԼ:
Վերոնշյալի շրջանակներում պարզապես չենք կարող չանդրադառնալ մի նյութի, որը վերաբերում է ներեկեղեցական կյանքի վերջին օրերին: Արժանապատիվ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանն իր խոր մտահոգությունն էր հայտնել (aravot.am) տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված և նախանշել մի շարք եկեղեցապատմական և կանոնական ճշմարիտ իրողություններ:
Արժանապատիվ Տեր Հոր մատնանշումներին համացանցում՝ mamul.am կայքում, անդրադարձել է Էդգար Ումբրեյանն իր «Որպես բարի և քաջ հովիվներ՝ նմանվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին» հրապարակումով:
Է. Ումբրեյանն իր կարծիքով հակադարձել է Տեր Հոր մատնանշումներին, բայց դա միայն իր կարծիքն է և բացարձակապես կապ չունի իրականության և ճշմարտության հետ: Նյութի առերես հեղինակի չեմ ճանաչում և կասկածում եմ, որ նյութի իրական հեղինակը ինքն է. մենք վստահ ենք, որ եթե իրականում հեղինակն ինքն է, ապա կան անտեսանելի ուղորդող(ներ) (ի պահանջել հարկի կարող ենք նաև անուններ տալ):
Ուստի խոսքս կուղղեմ ոչ թե թվացյալ հեղինակին, այլ՝ աներևույթ և անտես ուղղորդող(ներ)ին:
Նյութի հեղինակը տեղեկացված է «Ազգապատում» աշխատության մասին, դա հստակ է, բայց թող բարի լինի ոչ միայն ներկայացնել Կաթողիկոսական Գահից հեռացածների ցանկը, որն իր հերթին թերի և պակասավոր է (չենք էլ պատրաստվում լրացնելու այդ ցանկը, ինքներդ կարող եք պրպտել և լուսավորվել), այլև բացակայում է յուրաքանչյուր «հեռացման» պատճառ, առանց որոնց անհնար է գիտական գնահատական տալ տեղի ունեցած պատմական իրադարձություններին և դեպքերին: Որևէ պատմական իրողություն պետք է քննության առնվի պատմական տվյալ ժամանակաշրջանի իրողությունների, ներքին և արտաքին քաղաքական և եկեղեցական կյանքի քննական լույսի ներքո: Վստահ եմ հոդվածի «աճպարար» հեղինակը գիտի ինչի մասին եմ խոսում, բայց եթե մատնանշածս կերպով ներկայացներ իր նյութը, այդ դեպքում անհասկանալի և անտեղի կլիներ իր «հոժկու» պատասխանը՝ ուղղված Տեր Մարկոսին:
Ըստ այդմ ներկայացնենք «Ազգապատում»-ից հատվածներ, որոնց լույսի ներքո պարզ է դառնում Կաթողիկոսական Գահից յուրաքանչյուր հեռացման իրական պատճառները, որոնցից ոչ մեկն առկա չէ օրերիս Հայոց Ազգընտիր Հայրապետի հրաժարականը ծիծաղելիորեն պահանջողների «զինանոցում».
1. «27-րդ կաթողիկոս` Քրիստափոր Բ. Ապահունին հրաժարվել է 630 թ.»:
Այդ ամէն դիտողութիւններէ ետքը, մենք կը կարծենք թէ հետեւեալ կերպով պէտք է իմանալ իսկական եղելութիւնը: Ընտրութեան վարյկեանէն կը շեշտուի, որ Քրիստափոր ընտրուեցաւ առաջադրութեամբ Թէոդորոսի Ռշտունեաց տեառն կամ խորհրդակցութեամբ Թէոդորոսի, իմացնելու համար թէ Քրիստափոր Վարազտիրոցի պաշտպանեալը չէր, կամ թէ ըսել Թէոդորոսի կողմնակիցն էր: Այդ կէտը եւսքանզեւս նշանակութիւն առած կ’ըլլայ ընտրութենէ ետքը, որով Վարազտիրոց չի կրնար կաթողիկոսը իր ուղղութեան ծառայեցնել: Թէոդորոս սաստիկ յունատեաց մը եղած է, ինչպէս իր բոլոր գործերը պիտի ցուցնեն, մինչ Վարազտիրոց յունասէր մը կը յայտնուի, վերջէն վերջ մարզպանութեամբը հանդերձ Յունաց կողմը անցնելովը: Քրիստափոր Թէոդորոսի ուղղութեան ջերմա հետեւող եղած կ’երեւի, իր խիստ ու բուռն իշխանական բնաւորութեամբը՝ Վարազտիրոցը վիրաւորելու չափ: Ասոր վարյ տեղի կ’ունենան մարզպանին ջանքերը իրեն հլու կաթողիկոս մը ունենալու եւ Քրիստափորը հեռացնելու համար: Այսուհանդերձ իշխաններու մէջ գժտութեան առիթ ըլլալէն զատ, ուրիշ ամբաստանութեան նիւթ չեն գտներ, նոյնինքն Սեբէոս, իր ամէն հակակրութեամբը ուրիշ ամբաստանութիւն չի յիշեր, ոչ բարոյից եւ ոչ հաւատքի նկատմամբ մեղադրանք չի գտներ:
(Ազգապատում, հտ. Ա, Ս. Էջմիածին, 2001, էջ 794):
2. «29-րդ կաթողիկոս` Ներսես Գ. Իշխանցին հրաժարվել է 652 թ.»:
Ներսէս իր ուղղութեան համոզուած, եւ իր տեսակէտին վրայ հասատտուն, աշխատած էր ամէն միջոցներով, ահով կամ շահով, համոզմամբ կամ ստիպմամբ, յունական տիրապետութեան կարծիքը զօրաւոր կացութիւն մը ստեղծել: Դժբախտաբար Ներսէսի ակնկալութիւնները չիրականացան: Կոստանդնուպոլսոյ մէջ ծագած խառնակութիւններ եւ հիւսիսային ժողովուրդներու կողմէ կայսրութեան կեդրոնին վրայ յարձակումներ, Կոստանդինը ստիպեցին հաճեպով ետ դառնալ, Հայաստանի պաշտպանութիւնը եւ կառավարութիւնը յանձնելով Մաւրիանոս զօրավարին, եւ մասամբ յունական ու մասամբ հայագունդ բանակ մըն ալ թողլով անոր ձեռքը: Այս կարգադրութիւնք տեղի կ’ունենային 652 աշունին: Կոստանդինի հեռանալուն ատենները, արաբացիք նոր արշաւանքներ կազմեցին դէպի Հայաստան, Յոյները անկէ հալածելու համար, մանաւանդ որ իրենց հետ կապուած Հայեր կը մնային Թէոդորոսի դլխաւորութեամբ: Առաջին անգամ իրենց արշաւանքները մինչեւ Նախիջեւան եւ մինչեւ Դուին մղեցին, բայց երբ ձմեռը սաստկացաւ, եւ Արաբացիք ցուրտին չդիմանալով ետ քաշուեցան, Մաւրիանոս կրցաւ յաջողութիւն ունենալ: Բայց երբ 653-ին գարունը բացուեցաւ, մերձ ի զատիկն մեծ, որ այն տարին ապրիլ 21-ին կ’իյնար, Արաբացիք իրենց արշաւանքը նորոգեցին եւ յունական բանակը մինչեւ հիւսիսային գաւառները հալածեցին, Մաւրիանոս Վրաց եւ Տայոց նահանգներուն վրայէն իջաւ Տրապիզոն եւ անկէ փախստական հեռացաւ կայսրութեան ներսերը, Հայաստանը անպաշտպան թողլոս Արաբացւոց առջեւ: Ներսէսի ակնկալութիւնք նորէն պարապի ելան, եւ որովհետեւ ինքն յունական կուսակցութեան գլուխ էր կանգնած, եւ Թէոդորոսի եւ համախոհներուն հետ թշնամացած, եւ անոնց հակառակութիւնը հրաւիրած, տեսաւ որ իրեն անհնար պիտի ըլլայ գործերուն մասնակցիլ, ուստի լաւագոյն սեպեց հատ մը ասպարէզը լքել եւ քաշուիլ, եւ թողուլ որ միւս կողմը իր գիտցածին պէս գործէ: Մաւրիանոսի փախած ատեն, ինքն ալ Հայաստանէ հեռացաւ, եւ չուեաց ընդ նմա ի Կոստանդնուպոլիս, յուսալով թերեւս այնտեղ կայսեր հետ նոր կարգադրութիւն մը ընել: Բայց պատիւներէ եւ ընծաներէ աւելի բան մը չգտաւ: Ներսէս յւոսախաբ՝ ստիպուեցաւ Տայոց նահանգը հարկաւ իր ծննդավայր Իշխան գիւղը, եւ հոն մնաց վեց տարիի չափ, մինչեւ երկրին կացութիւնը նոր փոփոխութիւն ունեցաւ Թէոդորոս Ռշտունի մեռնելէն ետքը:
(Ազգապատում, հտ. Ա, Ս. Էջմիածին, 2001, էջ 848-849):
3. «55-րդ կաթողիկոս` Վահան Ա. Սիւնին գահընկեց է արվել 969 թ.»
Որչափ փառօք եւ վստահութեամբ աթոռ բարձրացաւ Վահան, այնչափ ալ անակնկալ եղաւ անոր անկումը, եւ կաթողիկոսական աթոռէն վար առնուիլը եպիսկոպոսական ժողովի վճռով: Տարի մը իսկ չէր անցած Վահանին ընտրութենէն, որ զանազան կողմերէ լուրեր տարածուեցան անոր գաղտնի յարաբերութեանց վրայ Վրաց եւ Յունաց քաղկեդոնիկ եկեղեցիներու հետ, թէ անոնց կողմը միտած է, եւ Հայոց եկեղեցին ալ կ’աշխատի անոնց համաձայնեցնել, եւ դաւանական խնդիրէն զատ ծիսական ձեւերու մէջ ալ համակերպութիւններ ընդունիլ, եւ գլխաւորապէս եկեղեցիներու ներքինը նկարէն պատկերներով լեցնել, յունածէս եկեղեցիներու նման:
……. Միւս կողմէն ալ կը տեսնենք, որ Վահան չ’ուզեր վրան առնել այդ նպատակը, զորպիտի չվարաներ յայտնել, եթէ իրօք քաղկեդոնականութեան համոզուած էր, այլ զպարտեալ ասէ զիննք ի նախանձաւոր արանց, եւ ամէնքը կը հաւանեցնէ սուտ զնմանէ կարծել զհամբաւ հերձուածոյ, եւ այս կերպով բացէ ի բաց հեռացնել կ’ուզէ քաղկեդոնականութեան կասկածը: Երբոր Վահանի դէմ բողոքները կը շատնան, Աշոտ Ողորմածը հրաման տայր ժողովայ յԱնի քաղաքի, զի քննեսցեն զարժանն: Իսկ Վահան չի վստահիր քննութեան ելքին, մինչ իր նախորդներէն Յովհաննէս Ովայեցին եւ Գէորգ Գառնեցին, նմանօրինակ պարագաներու մէջ չէին խուսափած քննութենէ, եւ արդարացած էին ժողովով: Վահան ընդ հակառակն ոչ եկաց ի ժողովն, այլ փախստեայ անկանի ի Վասպուրական առ Աբուսահլ թագաւոր: Ինչ ալ ըլլար Վահանի ներքինը, շատ դիւրին էր յայտարարութեամբ մը կասկածը փարատել եւ իր դիրքը ամրացնել, եթէ միայն քաղկեդոնականութեան խնդիր էր եղածը: Անիի ժողովին ներկաներէն կը յիշուին. Խաչիկ Արշարունեաց եպիսկոպոս, Պօղիկարպոս Կամրջաձորոյ վանահայր, Սարգիս Հոռոմոսի վանահայր, Ստեփանոս Սեւանի վանահայր, եւ այլ եպիսկոպոսունք եւ հարք բազումք: Ժողովականք ամբաստանելոյն բացակայութեան, ծանուցեալ հաւաստեաւ զհերձուած կորստական մտաց նորա, որոշեալ զնա հալածական արարին, այսինքն՝ պաշտօնէ մերժեցին եւ գահընկէց հրատարակեցին:
(Ազգապատում, հտ. Ա, Ս. Էջմիածին, 2001, էջ 1300-1301):
4. «58-րդ կաթողիկոս` Սարգիս Ա. Սեւանցին հրաժարվել է 1019 թ.»:
Սարգիս երբոր կաթողիկոսութեան բարձրացաւ, արդէն բաւական յառաջացած տարիք ունէր, ճգնաւորական կեանքն ալ հարկաւ իր վրայ ծանրացած էր, այսուհանդերձ 27 տարի էր, որ ծանր պաշտօնը կը վարէր, ինչպէս տեսանք, ամէն տեսակ գործառնութեանց ալ մասնակցելով, թշնամութիններ հեռացնելու աշխատելով, եւ նոյնիսկ պատերազմական ձեռնարկներու ատենն ալ հայրապետութեան վայել գործակցութենէն չխուսափելով: Տարիքը ինչ եղած էր, պատմագիրներ չեն գրեր, բայց գրեթէ իննսմեայ եղած պիտի ըլլայ, որ այլեւս ինքզինքը աշխատութեան անբաւական տեսնելով յօժարակամ կ’որոշէ գործէ քաշուիլ:
(Ազգապատում, հտ. Ա, Ս. Էջմիածին, 2001, էջ 1377):
5. «63-րդ կաթողիկոս` Գրիգոր Գ. Պահլավունին հրաժարվել է 1166 թ.»:
Գրիգոր Գ. աթոռի վրայ էր 58 տարիէ ի վեր, եւ եթէ 20 տարեկան ալ կաթողիկոս եղած ըսենք, 70ը անցուցած ծերունի մը եղած էր արդէն, տառապանքներով եւ վիշտերով շատ աւելի ընկճած, եւ աստիճանին պարտաւորութեանց ներքեւ ճնշուած: Ոչ միայն ի ծերութիւն պատուական հասեալ էր, այլ եւ ի կրից ախտակիրս բնութեան վտանգեալ էր, որ է ըսել թէ հիւանդութիւններով ալ տկարացած էր, ուստի շատոնց խորհուրդ յղացած էր գործէ քաշուիլ, եւ կանխագոյն ժամանակօք դնէր առաջի Ներսէսի առնուլ զաստուածընկալ աթոռոյ իւրոյ փոխանորդութիւն, ուսկից միշտ կը հրաժարէր Ներսէս, բաւական սեպելով իր գործունէութեամբ անոր օգնել: Այլ երբ Կիլիկիոյ պատգամաւորութենէն դարձաւ, շատ աւելի ինկած եւ տկարացած գտաւ եղբայրը, մինչեւ իսկ հայրապետական գործերը լրացնելու անկարող դարձած, եւ այն ատեն միայն Ներսէս յանձն առաւ կաթողիկոսական ձեռնադրութիւն ընդունիլ, որպէսզի եղբայրը ազատ մնայ որեւէ աշխատութենէ: Ասոր վրայ Գրիգոր ժողով առնէ եպիսկոպոսաց եւ վարդապետաց եւ ամենայն վանականաց Հռոմկլայի մէջ, եւ ժողովական որոշմամբ կը հաստատուի Ներսէսի ընտրութիւնը կաթողիկոսական աթոռին յաջորդութեան: (Ազգապատում, հտ. Ա, Ս. Էջմիածին, 2001, էջ 1622-1623):
Արդեն իսկ երկարեցինք: Սակայն առերես և աճպարար հեղինակներին ցույց տվեցինք, թե ինչպես են սովորաբար օգտվում պատմական իրողությունները ներկայացնելիս: Գուցե այս դասն օգտակար լինի իրենց հետագա «գիտական» գործունեության համար: Ափսոսում ենք, որ պատմական դեպքերն ու իրադարձություններն այս օրերին ներկայացվում են կանխակալության լույսի ներքո, որով մոլորության մեջ են ընկնում և՛ հեղինակները և՛ նրանց գաղափարակիրները: Բայց վատը միայն դա չէ, վատը նաև այն է, որ կարող են մոլորության մեջ ընկնել նաև ազնիվ հավատացյալներ, որոնց իրապես մտահոգում է Հայ Եկեղեցու միասնությունը:
Վստահեցնում եմ բոլորին, որ նյութի հեղինակի վկայակոչած մնացյալ 10 դեպքերը (և ուրիշներ, որ իրենց հայտնի չէ. այս նյութից հետո կգնան և լավ կուսումնասիրեն: Վստահ եմ), որոնց բնականաբար տեղին չէ այստեղ անդրադառնալ, ունեն նույն բացատրությունները:
Այսպիսով հրաժարումների վերոնշյալ 5 դեպքի օրինակով պարզ է դառնում, որ անխտիր բոլոր հրաժարումների հիմքում միշտ էլ ընկած են եղել պատճառներ՝ ծերություն, քաղաքական իշխանությունների միջամտություն, դավանական շեղում, ամբաստանություն և այլն:
Ցավոք պետք է արձանագրենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների «հարուստ զինանոցում» միայն ամբաստանություններն են:
Ինչպես խոստացել ենք՝ մնացյալը հաջորդիվ:
Ի հարկի նաև շարունակելի…
Տեր Արարատ քահանա Պողոսյան