Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հարապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քույրերին և հավատավոր համայն մեր ժողովրդին:
Սուրբ Աստվածածինը Աստուծո Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծության մեջ ամենապատվավոր իր տիտղոսը համարեց «Տիրոջ աղախին» լինելը՝ արձագանքելով հրեշակապետի ավետիսին. «Ահավասիկ կամ աղախին Տեառն»: Աստվածամոր սիրո ու հնազանդության ոգին է ներշնչել ու ներշնչում մեր մայրերին՝ զավակների ու ընտանիքի նկատմամբ իրենց բերած նվիրումի ու հավատարմության մեջ: Արդարև, մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում:
Սիրելի մայրեր ու քույրեր,
2019 թվականը, որ հռչակված է Ընտանիքի տարի, ևս մեկ առիթ է վերարժևորելու ու վերագնահատելու այն պատասխանատու, բայց նաև անչափ քաղցր առաքելությունը, որ դուք ունեք ընտանիքի ամրության, սերունդների կրթության ու դաստիարակության, որով և՝ մեր ժողովրդի ապագայի կերտման գործում: Հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը և աղոթում Աստծուն, որ իր անսպառ շնորհներով շարունակի բարեզարդել ձեր հոգիները, պարգևի ձեզ անսպառ մխիթարություններ ձեր զավակների կերտած հաջողություններով:
Թող երկնավոր Տերը առողջ ու կենսախինդ պահի ու պահպանի բոլոր կանանց՝ մեր մայրերին ու քույրերին և քրիստոնեական առաքինությունների մեջ՝ ամուր ու անսահսան հայ ընտանիքները: