ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ հովվապետական այցելության ընթացքում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը
հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդների հետ: Հանդիպմանը երիտասարդները Նորին Սրբությանն ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Ստորև ներկայացնում ենք զրույցը.
Վեհափառ Հայրապետ- Տոնախմբում ենք ԱՄՆ-ում Արևմտյան թեմի հաստատումը: Իննսուն տարի առաջ մեր ժողովրդի զավակունք ջարդերից մազապուրծ՝ կայք հաստատեցին Միացյալ Նահանգներում: Նրանք այստեղ կառուցեցին եկեղեցիներ, դպրոցներ, ազգային հաստատություններ, որպեսզի իրենց զավակները մեծանան՝ պահպանելով ազգային ոգին, գիտակցությունը և այդ ավանդները փոխանցեն սերնդից սերունդ: Բնական է, որ ժամանակի մեջ պետք է ունենայինք նաև կորուստներ՝ լեզվի, մշակութի և ոգու: Բայց փառք ենք տալիս Աստծուն, որ այդուհանդերձ՝ թեմը մեծացել և զորացել է: Այս նոր իրավիճակում պետք է կարողանանք վերարթնացնել ազգային ինքնագիտակցությունը: Հայ երիտասարդները պետք է գիտակցեն, որ իրենք հայ ազգի, հայ եկեղեցու զավակներ են և անձնական ներդրում ու առաքելություն ունեն ազգային կյանքում: Եվ, որ այս երկրում հայ ազգի շարունակականությունը պայմանավորված է նաև իրենց անձնական ներդրումով: Հայերեն սովորելու նախանձախնդրությունն է պետք արթնացնել հայ երիտասարդի մեջ: Ազգային ոգու վերարթնացումը կարող ենք իրականացնել ոչ միայն այստեղ ազգային կառույցներ ձևավորելով, նաև մայր հայրենիքի հետ նրանց կապը ապահովելով: Հայաստան կատարած մեկ այցը ոգեփոխություն է առաջ բերում հայ երիտասարդի մեջ: Հայաստան գալը ներշնչման աղբյուր է, ազգային ինքնության բացահայտման բացառիկ հնարավորություն յուրաքանչյուրի համար: Դուք լիարժեքորեն մեր ազգային ժառանգության և ավանդների կրողն եք, մնացեք հաղորդ, ներգրավված եկեղեցական, ազգային կյանքին և ձեր հոգին կբացվի, ձեր գիտակցությունը կզորանա և կլինեք ազգի արժանավոր զավակներ:
Հարց- Աստված ի՞նչ կերպ գոյություն ունի, Աստծո գոյության ապացույցը ի՞նչն եք համարում:
Վեհափառ Հայրապետ– Մեր պատմությունը, մեր ժողովրդի գոյությունը, լինելությունը, մեր իրականությունը: Հակառակ բազում փորձությունների, հակառակ հայոց բազմաթիվ գողգոթաների, հսակառակ մահվան վիհերի, մեր հավատքը մնացել է զորեղ, հաստատված աստվածաշնչյան խոսքի վրա՝ ,,Եթե Աստված մեզ հետ է, ոչ ոք չի կարող մեզ հաղթել,,: Քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է, Ատված մեր մեջ է, մեր կյանքում:
Հարց- Ի՞նչ է պետք ասել մեկին, որը քրիստոնյա չէ, որին ուզում ես դեպի Աստված ուղղորդել:
Վեհափառ Հայրապետ– Պետք է օգնել, որ դեպի Աստված տանող ճանապարհը գտնի: Եթե հանդիպեց Աստծո հետ և Աստծո օրհնությունը զգաց իր կյանքի մեջ, կքայլի նրա հետևից:
Հարց- Մեզ՝ հայ երիտասարդներիս, ի՞նչ կթելադրեք, ինչպե՞ս մեր հավատքը զորեղ պահենք և զորացնենք մեր եկեղեցին:
Վեհափառ Հայրապետ- Աղոթեք, կարդացեք ավետարան, հաղորդակցվեք մեր սրբություններին, մեր սրբազան ժառանգությանը, ըմպեք այդ արժեքներից և հավատքը ձեր զորեղ կլինի, դուք ձեզ երջանիկ կզգաք այդ հավատքի մեջ:
Հարց- Հայաստանում ի՞նչ դեր ունեն երիտասարդները եկեղեցու աստվածպաշտական կյանքում:
Վեհափառ Հայրապետ– Ութսուն և ավելի տարիներ մեր ազգի զավակները ազատ հաղորդակցվելու, եկեղեցու կյանքի մեջ լինելու հնարավորություն չեն ունեցել: Ուրախ ենք, որ այսօր մեր երիտասարդները նախանձախնդրությամբ ներգրավվում են և ակտիվ դերկատարություն ունեն մեր եկեղեցական կյանքում, շնորհիվ այն աշխատանքի, որ կատարվում է եկեղեցականների կողմից: Նաև համայնքներում, բուհերում ստեղծվում են երիտասարդական միություններ: Եկեղեցականները ծառայություն են մատուցում բանակում, այս ճանապարհով ևս կրթվում է գիտակցությունը հայ երիտասարդի:
Հարց- Ո՞րն է Հայաստանի ապագայի Ձեր տեսիլքը
Վեհափառ Հայրապետ- Մեր տեսիլքը պայծառ, զորեղ, բարօր կյանքով ապրող երկիրն է և մեր երկրին ու Ժողովրդին ծառայություն բերող եկեղեցին, որպեսզի և հայրենիքը, և մեր եկեղեցին հարազատ տուն դառնան մեր զավակների համար:
Հարց- Միշտ չէ, որ եկեղեցի գնալու ժամանակ ունենում եմ և հավատս գնալով տկարանում է: Ինչպե՞ս կարելի է դա կանխել:
Վեհափառ Հայրապետ– Առաջին հերթին պետք է վճիռ կայացնես և ժամանակ տրամադրես Աստծո հետ լինելու համար: Պետք է կարողանաս քո հոգին պատրաստել, որպեսզի այնտեղ բնակվի Աստված: Եթե դրա համար ժամանակ չգտնես, քո հոգին երբեք չի դառնա Աստծո տունը: Բացիր հոգիդ Աստծու առջև և այնտեղ կբնակվի Աստված: Իսկ երբ հանդիպես Աստծուն, երջանկությամբ կլցվի քո կյանքը:
Հարց- Ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի երիտասարդները եկեղեցու մաս դառնան:
Վեհափառ Հայրապետ- Քիչ առաջ մենք հանդիպեցինք շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների երեխաների հետ: Այդ դպրոցները ճանապարհներ են, որոնցով եկեղեցին փորձում է փոքր տարիքից երեխայի մեջ ազգային և քրիստոնեական ոգի, գիտակցություն և նկարագիր կերտել, զորացնել սերը հանդեպ եկեղեցին: Բայց ջանքերը չեն կարող ամբողջական արդյունք ունենալ առանց ընտանիքի ներգրավվածության: Երեխան, որ հասակ է առնում և ընտանիք կազմում, այն արժեքները, որ ստացել է, փոխանցում է իր զավակին: Եկեղեցի-ընտանիք փոխլրացնող աշխատանքով կարող ենք արդյունքներ ունենալ մեր զավակների քրիստոնեական դաստիարակության գործում:
Հարց -Սուրբ եկեղեցու գլխավոր առաքելությունը ո՞րն է:
Վեհափառ Հայրապետ– Հոգեփրկությունն ու ազգային ինքնության պահպանումը:
Հարց -Եթե ուզում եմ քահանա դառնալ, ի՞նչ խրատ և խորհուրդ կտաք:
Վեհափառ Հայրապետ- Ավարտել հոգևոր կրթական հաստատություն: Միայն այն ժամանակ որոշում կայացնել, եթե համոզված ես, որ քո մեջ բավարար սեր կա Աստծո և քո ժողովրդի հանդեպ
Հարց – Այս հասարակության մեջ ինչպե՞ս կարող ենք ուղղափառ քրիստոնյայի կյանքով ապրել:
Վեհափառ Հայրապետ– Ես կարծում եմ՝ բավարար չափով միջոցներ, ձեռնարկներ հասանելի են՝ Սբ Գիրքը, մեր հայրերի սուրբ ժառանգությունը, որոնց պատվիրանների, պատգամների շրջանակում կյանքը կազմակերպելով՝ կարող եք ապրել երջանիկ, Աստծո հետ ընկերակցության մեջ: Ձեր կյանքի առանցքում պետք է լինի Աստված, որին պետք է տաք ձեր ժամանակը և ապրեք Աստծո հետ:
Հարց-Ի՞նչ դեր է վերապահված այսօր կնոջը Հայ Առաքելական Եկեղեցու մեջ, կինը կկարողանա՞ ծառայել և սպասավորել որպես սարկավագուհի: Ինչու՞ տղամարդուն ձեռնադրությամբ է դպրական աստիճան տրվում, իսկ ես, որ որպես դպրուհի երգում եմ դասում, չեմ ձեռնադրվում: Աշխարհը փոխվում է, հայ կինն ի՞նչ փոփոխություն կարող է ակնկալել մեր եկեղեցուց:
Վեհափառ Հայրապետ– Հայ կնոջ ակնկալություների մասին դուք պետք է մեզ տեղեկացնեք՝ ձեր սպասումները բարձրաձայնելով և ներկայացնելով: Հայ կնոջ դերակատարությունը և ազգային, և եկեղեցական մեր կյանքում շատ մեծ է: Քիչ առաջ խոսում էինք ազգային ինքնապահպանության մասին: Հայորդիներին այդ արժեքների փոխանցողը, ազգային ոգու կերտողը հայ կինն է: Բայց ձեր հարցի շեշտադրումը գիտենք, վերաբերում է եկեղեցում ծառայությանը, ծիսական կյանքի մեջ ներգրավվածությանը: Այսօր Մենք չենք կարող իբրև Կաթողիկոս Մեր իշխանությամբ փոփոխություն կատարել եկեղեցու կարգի մեջ: Այդ հարցը բարձրաձայնվել է մեր առաջնորդների կողմից, քննության առարկա է դարձել ԳՀԽ-ում և պետք է նաև քննարկման նյութ դառնա եպիկոպոսաց ժողովում: Այնտեղ կայացված որոշման համաձայն՝ թելադրությունը կտրվի առաջնորդներին՝ ի գործադրություն:
Հարց- Պատմության ընթացքում մեր եկեղեցին կարևոր դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի կյանքում, երբ թագավորություն չի ունեցել, կամ երբ թագավորները սխալ ուղղությամբ են ընթացել: Այսօր, երբ հայրենիքում ժողովրդավարության համար պայքար է մղվում, հաճախ ժողովուրդը եկեղեցու քայլերը չի տեսնում: Որպես հոգևոր առաջնորդ՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի եկեղեցին:
Վեհափառ Հայրապետ– Մեր եկեղեցին ազգային մեր կյանքում իր առաքելությունն է իրականացնում: Հասարակական տարբեր խնդիրների արծարրծման, բարձրաձայնման պարագայում ևս ներկա է մեր ժողովրդի կյանքում և առաջնորդվում է ազգի, հայրենիքի, պետականության շահերի գիտակցությամբ: Եկեղեցին չի կարող գործել առանձին անհատների անձնական ակնկալությունների համաձայն: Մենք թանկ ենք վճարել մեր պետականության համար և ամեն կերպ բոլորս պետք է ջանանք այդ պետականությունը զորեղ պահել: Եթե հասարակական շարժումներն ուղղված են պետականության հիմերի ամրապնդմանը, եկեղեցին այնտեղ է և պաշտպանում է: Ես կուզեմ այստեղ մի միջադեպ հիշատակել: Ութսունական թվականների շարժումներն էին, Վազգեն վեհափառը երկրորդ անգամ հանդես եկավ ելույթով և ահազանգ հնչեցրեց շարժման ղեկավարներին, մեր ժողովրդին, որ սխալ ընթացքով եք առաջնորդվում: Եվ ասաց՝ հայրենիքը սկուտեղի վրա մատուցում եք թշնամուն: Այդ արտահայտությունը չընկալվեց ոչ շարժման ղեկավարության, ոչ ժողովրղի կողմից: Եվ հայոց հայրապետի նկարները փողոցում նետված տեսանք, մարդիկ քայլում էին դրանց վրայով և ամեն տեսակի արտահայտություններ թույլ տալիս: Երբ երեկոյան հանդիպեցինք հայոց հայրապետին, ասացինք՝ վեհափառ, ժողովուրդը այս պահին, այս զգացմունքայնության մեջ առողջ, բանական խոսք ընկալելու ունակ չէ: Վեհափառը մի պատասխան տվեց, որը հպարտությամբ լցրեց իմ հոգին: Ասաց՝ ես չեմ կարող հուզական ալիքի վրա էժան հեղինակություն վաստակել: Եթե տեսնում եմ, որ իմ ժողովուրդը գնում է դեպի գահավիժում, պատրաստ եմ ձեռքերս տարածած՝ կանգնել նրա առաջ: Եվ եթե չեմ կարող փրկել գահավիժումից, թող իմ վրայով անցնեն, տրորեն ինձ և գնան: Պատասխանատվության այս զգացումով ենք առաջնորդվում մեր կյանքում: Հնարավոր է՝ մարդիկ այդպես չգնահատեն իմ գործունեությունը: Այդ գիտակցությամբ, այդ ոգով գործել եմ և պիտի գործեմ:
Հարց – Ո՞ր պահին եք զգում, որ մոտ եք Տիրոջը:
Վեհափառ Հայրապետ- Երբ աղոթքի մեջ եմ և ծառայության: Սիրո ծառայության մեջ:
Հարց -Ձեր և մեր ժամանակի երիտասարդությունը իրարից ինչո՞վ են տարբերվում:
Վեհափառ Հայրապետ– Որտեղ ես եմ հասակ առել, Աստծո մասին խոսել չէր կարելի, հոգևոր կյանքը պարփակված էր եկեղեցու պատերի մեջ և ընտանիքների շրջանակում: Ես իմ առաջին հոգևոր ապրումներն ունեցել եմ իմ ընտանեկան հարկից ներս: Այսօր, փառք Աստծո, դուք ունեք ընտրության ազատությունը: Մենք ուրախ ենք, որ մեր երիտասարդությունը նախանձախնդրորեն ներգրավված է եկեղեցական կյանքում, և այդ շարժումը զորանում է Հայաստանի մեջ; Վտահ եմ, որ այստեղ էլ է նույնը, որովհետև ինչ առաջընթաց որ արձանագրում ենք Հայաստանում, իր արձագանքը անմիջապես գտնում է սփյուռում:
Հարց – Եիտասարդներից շատերը ասում են, որ աղոթելու համար պարտադիր չէ եկեղեցի գնալ, դա կարելի է անել ցանկացած տեղ:
Վեհափառ Հայրապետ– Աղոթել կարելի է ամեն տեղ, բայց այն շնորհները, որ բաշխվում են հավատացյալին, բաշխվում են եկեղեցում միայն:
Հարց-Ի՞նչ կասեք հրաժեշտից առաջ:
Վեհափառ Հայրապետ-Մեծապես ուրախ ենք այս հանդիպման համար, նման հանդիպումները մեզ ոգևորում, խանդավառում են, ուրախություն բերում մեր հոգուն ու սրտին: Ծառայությունը երիտասարդ սերնդին մեր նվիրական առաքելությունն է, երիտասարդությունը մեր կյանքի խանդավառությունն է և ես ուրախ եմ, որ մեր առաջնորդ սրբազանը այսպիսի շեշտադրում է կատարել իր հոգևոր ծառայության մեջ՝ անհրաժեշտ քրիստոնեական կրթություն ջամբել մեր պատանիներին և երիտասարդներին, որպեսզի զորանաք, աճեք, կրթվեք ու դաստիարակվեք մեր քրիստոնեական լույս հավատքով, ազգային արժեքներով: Որպեսզի լինեք հայրենասեր, աստվածասեր անձեր ազգի համար: Մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք բերում ձեզ՝ պատգամելով, որ շարունակեք կրթել ձեր անձերը, որպեսզի ձեր ամբարած գիտելիքի պաշարով ձեր մեջ ամփոփած արժեհամակարգով կարողանաք փոխել մեր կյանքը և մեր աշխարհը: Աստված օրհնի ձեզ:
Աղբյուր՝ armenianchurch.org